Ազատության հրապարակում քննարկումների արդյունքում արցախցիները որոշեցին, որ պայքարը շարունակելու են

Ազատության հրապարակում քննարկումների արդյունքում արցախցիները որոշեցին, որ պայքարը շարունակելու են եւ առաջիկայում հստակ գործողություններ պետք է իրականացնեն։

Քննարկումից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը հայտարարեց․ «Վաղը հայտարարություն կանենք, թե որ օրը եւ որ ժամին ինչ գործողություն ենք անելու։ Եկել ենք եզրակացության, որ մենք շարունակում ենք պայքարը, բայց բոլորդ պետք է զարթնեք ու համախմբված տեր կանգնեք մեր իրավունքներին»։

Նշենք, որ այսօր արցախցիներին կառավարությունում ընդունել էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին պահանջագիր էր ներկայացվել կառավարությանը։ Այսօրվա հանդիպման ժամանակ փոխվարչապետն ասել է, որ «40+10 հազար» ծրագրի մասով որոշումը չի վերանայվի, իսկ արցախցիների բարձրացրած քաղաքական ու իրավունքների հարցերին ընդհանրապես պատասխան չի տվել՝ ասելով, որ առաջիկա օրերին կառավարությունը գրավոր կպատասխանի այդ հարցերին։

Ինչո՞ւ արցախցիների նոր անձնագրերում նշվում է Ադրբեջան

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները բարձրացրել են նաեւ հարցը, թե ՀՀ քաղաքացիություն ստացող արցախցիների անձնագրում ինչո՞ւ է նշվում Ադրբեջան։

Վերջին շրջանում արցախցիներն ահազանգում են, որ ՀՀ քաղաքացիություն ստանալիս իրենց անձնագրերում ծննդավայրը նշվում է Ադրբեջան։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Մարիամ Աբրահամյանն ասաց, որ կառավարությունում իրենց հետեւյալ պատասխանն են տվել․ «Հարցրեցի՝ երբ բռնի տեղահանվածը դիմում է ՀՀ քաղաքացիություն սանալու համար, ինչո՞ւ է անձնագրում նշվում Ադրբեջան։ Մեզ պատասխանեցին, որ կա ինչ-որ կառույց, որը կոչվում է ԻԿԱՕ, եւ Ադրբեջանի դիմել է այդ կառույցին։ Այսինքն՝ հայտ է ներկայացրել 2015 թվականին, սակայն բռնի տեղահանումից հետո է որոշվել, որ մեր անձնագրերում պետք է նշեն Ադրբեջան, այլապես իրենք ինչ-որ խնդիրներ են ունենում»։

«40+10 հազար» ծրագրի վերանայում չի լինի, բայց քննարկումները սոցիալական հարցերի շուրջ կշարունակվեն

Կառավարությունում ավարտվեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի եւ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հանդիպումը։ Այդ մասին հանդիպումից հետո հայտնեց Ապրես Մարգարյանը։

Արցախցիները հայտարարեցին, որ կառավարությունում ասել են՝ «40+10 հազար» ծրագրի վերանայում չի լինի, բայց քննարկումները սոցիալական հարցերի շուրջ կշարունակվեն։ Իսկ արցախցիների քաղաքական պահանջներին կառավարությունը խոստացել է օրերս պատասխանել նամակով։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հայտարարեցին, որ պայքարը շարունակում են։ Նրանք երթով շարժվեցին Ազատության հրապարակ՝ անելիքները քննարկելու։

Հիշեցնենք, որ մարտի 29-ի հանրահավաքում արցախցիները պահանջագիր էին ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ ակնկալոլեվ,որ մեկշաբաթյա ժամկետում իրենց պատասխան կտան։

Նժդեհ Իսկանդարյանն ասաց․ «Մեր անելիքները խորհրդում կքաննարկենք, ամենայն հավանականությամբ անցնելու ենք գործողությունների»։

Կառավարությունը չի ասում, որ արցախցիների համար փող չկա, որպեսզի դոնորների մոտ հարցեր չառաջանան

Նկատե՞լ եք, որ ՀՀ կառավարությունը կտրում է արցախցիների աջակցությունը ոչ թե փողի բացակայության պատճառով, այլ որ սա ճիշտ որոշում է համարում։

Այսօր հանդիպում է լինելու Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչների և փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի միջև, և Խաչատրյանը հաստատ չի ասի, որ կառավարությունը փող չունի արցախցիների համար ծրագրերը շարունակելու։ Նա, ամենայն հավանականությամբ, կկրկնի հակասոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ներկայացրած խոսույթը, որ ֆինանսական աջակցության կրճատումն իբր կխրախուսի արցախցիներին մասնակցել բնակարանային ծրագրին և ավելի համառ աշխատանք փնտրել։

Այնպես որ, ստացվում է, որ կառավարությունը փող ունի, բայց չի տալիս արցախցիներին, որովհետև ուզում է «մոտիվացնել»։ Կամ էլ կառավարությունը փող չունի, բայց չի կարող դա խոստովանել, քանի որ դոնորների մոտ անմիջապես հարց կառաջանա՝ որտե՞ղ են մեր տրամադրած միլիոնները, կամ եթե դրանք չեն բավարարում, ինչո՞ւ եք մեզ ասում, որ ինքներդ կարող եք Արցախի հարցը լուծել։

Սա շատ կարևոր հարց է, քանի որ ագրեսիայից, Արցախի օկուպացիայից և տեղահանությունից մեկուկես տարի անց դեռևս ոչ ոք չի հաշվարկել, թե որքան միջազգային օգնություն է տրամադրվել Հայաստանի կառավարությանը՝ Արցախի ժողովրդին աջակցելու համար։ Կարելի է հաշվել, թե որքան է ծախսվել, բայց դժվար թե հնարավոր լինի պարզել, թե ծախսերի որ մասն է գոյացել պետական ​​բյուջեից, իսկ որը՝ միջազգային օգնությունից։

Կառավարությունը հարկ չհամարեց ի սկզբանե ստեղծել Արցախի ժողովրդին աջակցելու միասնական հիմնադրամ, որտեղ կհավաքվեն բոլոր միջոցները, այդ թվում՝ պետական, և հոգաբարձուների խորհուրդ, որը կներառի կառավարության ներկայացուցիչներ, դոնորների և շահառուների։ Կառավարությունը հնարավորինս հեռացրել է շահառուներին, այսինքն՝ Արցախի ժողովրդին կարիքների գնահատման, ծրագրերի մշակման, որոշումներ կայացնելու, ծախսերի արդյունավետության մոնիտորինգին մասնակցելու հնարավորությունից։

Նման հիմնադրամի և ծրագրերի մշակման և հաշվետվության ինստիտուտի բացակայությունը հուշում է, որ նպատակը ամենևին էլ Արցախի ժողովրդի երկարաժամկետ ինտեգրումը չէր, այլ ժամանակավոր աջակցությունը, մինչև ինչ-որ բան պարզվի։ Բայց քանի դեռ ոչինչ պարզ չէ, կառավարությունը փորձում է հնարավորինս քիչ գումար ծախսել՝ միևնույն ժամանակ չընդունելով, որ Արցախի ժողովրդին աջակցելու ծրագրերի համար միջոցներ չեն մնացել։ Հակառակ դեպքում, դոնորները կարող են ավելի շատ տալ, բայց հարցնելուց հետո, թե ինչպես են ծախսվել նախկին միջոցները։

Ո՞նց թե Հայաստանում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, բա արցախցինե՞րը

«Եթե կարելի է վարորդ լինել՝ չիմանալով մեքենա քշել, ինչո՞ւ չի կարելի լինել կառավարիչ՝ չիմանալով կառավարել, ինչո՞ւ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է։

Նիկոլ Փաշինյանը «մարդկային ռեսուրս» ասելով, նկատի ունի կառավարությանը 100 տոկոսով հավատարիմ, տեղ-տեղ ցինիկ զանգված, որի մասնագիտական կարողությունները կարևոր չեն։

Եթե Փաշինյանը գնահատեր մարդկային ռեսուրսը, Արցախից բռնի տեղահանված մոտ 70 հազար աշխատունակ մարդու մասնագիտական կարողությունները չէին անտեսվի։ Արցախցի դատավորները խանութում «ախրանա» չէին աշխատի, բարձրակարգ զինվորականներ ու այլ ուժայինները տաքսի չէին քշի կամ ծառայության չէին ընդունվի ամենաստորին օղակներում։ Բժիշկներին, իրավաբաններին, տնտեսագետներին, արհեստավորներին չէին թողնի անգործ, պետական կառավարման մասնագետներին էլ չէին ասի, որ դուք այլ երկրի քաղծառայող եք, և մենք ձեզ չենք վստահում։

25 հազար արցախցի աշխատում է Հայաստանում, մնացածն էլ կաշխատեն, եթե նրանց «մարդկային ռեսուրսը» գնահատվի, եթե նրանց վստահն, գործի ընդունեն առանց վերապահումների, այլ ոչ թե ձևավորեն մարգինալ զանգված, որը կեռա-կեռա ու կպայթի։

«Դա բնակապահովման ծրագիր չէ, լրիվ թակարդներ են»

Ստեփանակերտից բռնի տեղահանված նկարիչ Գեւորգ Սարգսյանը չի շտապում օգտվել Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից, քանի որ այն անիրատեսական ծրագիր է համարում։ Հայտնի է, որ կառավարությունն ապրիլի մեկից կտրուկ կրճատում է «40+10» ծրագրի շահառուների թիվը, իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել էր, որ արցախցիները աջակցություն ստանալու փոխարեն պետք է օգտվեն բնակապահովման ծրագրից։

Կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիա էին անում արցախցիները։ Լրագրողների հարցին, թե պատրաստվո՞ւմ են օգտվել բնակապահովման ծրագրից, Գեւորգ Սարգսյանն ասաց․ «Ես ինքս ընդգրկված եմ բնակապահովման ծրագրի առաջին խմբում, քանի որ Արցախյան պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ եմ։ Բայց իրենք անիրական ծրագրեր են առաջարկում, մոտենում եմ բանկին, բանկն ասում է՝ մենք տեղյակ չենք, այդ ծրագիրը մեզ չի վերաբերում, չգիտենք։ Անձնագիր փոխել են տալիս, այդ անձնագիր փոխելը տեւում է մոտ կես տարի, այնուհետեւ առաջանում են այլ խոչընդոտներ, օրինակ՝ աշխատավարձի տեղեկանք են ուզում, ինքս ի վիճակի չեմ աշխատավարձի տեղեկանք ներկայացնելու, որպեսզի վարկ վերցնեմ, քանի որ մշտական աշխատանք չունեմ։ Հետեւաբար, դա ինձ համար անիրատեսական ծրագիր է։ Բացի դա, դեռ հարց է՝ կգտնե՞նք բնակարան, որտե՞ղ կգտնենք, այդ ծրագիրը պարզաբանված չէ մինչեւ վերջ, լրիվ թակարդներ են»։

Ծրագրից օգտվելու համար որպես պարտադիր պայման է դրված ՀՀ քաղաքացիություն ստանալը։ Գեւորգ Սարգսյանն ասաց, որ չի դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, քանի որ համոզված է, որ իր արցախյան անձնագրով ինքն ի սկզբանե ՀՀ քաղաքացի է համարվում։

Սարգսյանը նշեց, որ բոլոր արցախցիների ցանկությունը Արցախ վերադառնալն է՝ անվտնագության հստակ երաշխիքներով․ «Արցախ վերադարձի հարցը միշտ պետք է լինի որպես առաջնային հարց, դա չպետք է մոռացության տրվի։ Այդ հարցը պետք է պահվի օրակարգում այնքան, մինչեւ կգան նոր իշխանություններ, որոնք ի վիճակի կլինեն այն դնել միջազգային ատյաններում ու պարտադրել Ադրբեջանին, որ որ այս հարցը լուծվի»։

 

Հունգարիան հայտարարում է ՄՔԴ-ից դուրս գալու մասին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Հունգարիա այցելելության ֆոնին՝ Բուդապեշտը հայտարարում է Միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) դուրս գալու մասին, հաղորդում է BBC-ին։

Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Դերդեյ Գուլյասի խոսքով՝ գործընթացը պաշտոնապես այսօր կմեկնարկի։

Ակնկալվում է, որ խորհրդարանը կհաստատի համապատասխան օրինագիծը, սակայն ՄՔԴ-ից վերջնականապես դուրս գալու ողջ գործընթացի համար մոտ մեկ տարի կպահանջվի։

Այժմ Պուտինը, որին ձեռբակալելու համար ՄՔԴ-ն օրդեր է թողարկել, և կարող է գնալ Հունգարիա։

Իրանը դեմ է տարածաշրջանի միլիտարիզացիային

Մենք ամեն ինչ անում ենք՝ օգտագործելով Ադրբեջանի հետ ունեցած մեր կապերը, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ ի պատասխան NEWS.am-ի թղթակցի՝ Իսրայելից Ադրբեջան մեծ քանակությամբ զենք տեղափոխելու մասին տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքին։

Նա նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում ռազմականացմանը։ Դեսպանը հավելել է, որ Թեհրանն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ «Մենք լավ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, Ադրբեջանը մեր հարեւանն է»,- վստահեցրեց նա։

Բրիտանացի պատգամավորներն իրենց կառավարությանը կոչ են արել ճնշումներ գործադրել Բաքվի վրա հայ գերիներին ազատելու համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հետ խորհրդարանական բազմակուսակցական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենը , խմբի փոխնախագահներ Ջոն Ուիթինգդեյլը, Կրիս Լոուն եւ Լորդ Մարկ Մաքինսը նամակ են հղել Բրիտանիայի կառավարությանը՝ խնդրելով աջակցել Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը։

Բրիտանացի խորհրդարանականները խստորեն դատապարտում են Բաքվում պահվող հայ պատանդներին “դատավարությունները” եւ կոչ են անում Մեծ Բրիտանիայի կառավարության ճնշում գործադրել Ադրբեջանի վրա նրանց ազատ արձակելու համար։

“Մեծ մտահոգություն կա բանտարկյալների հարազատների եւ Մեծ Բրիտանիայում սփյուռքի մոտ` կապված բանտարկյալների անկախ իրավական աջակցության բացակայության, ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին դատավարությունների համար։

Մենք նաեւ ահազանգում ենք Բաքվում BBC Azerbaijan, Ամերիկայի ձայնի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման, ինչպես նաեւ ՄԱԿ-ի տարբեր գործակալություններին երկրից արտաքսելու վերաբերյալ”։

Պատրաստել է Մարութ Վանյանը

Վաղը-մյուս օրը կարող է 300 հազար ադրբեջանցիներ գան Հայաստան եւ ավելի մեծ իրավունքներ ունենան, քան մենք ունենք

«Գործ ունենք կոլաբորանտ իշխանության հետ, պետք է գնանք քաղաքական պայքարի պարտիզանական ճանապարհով»,- կառավարության շենքի մոտ այսօր բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։

Նա նշեց, որ դիմադրություն պետք է լինի հայ ժողովրդի կողից, որպեսզի այս իշխանությունները չկարողանան իրենց ծրագրերը կյանքի կոչել։ Նա ասաց, որ այս իշխանություններն Արցախից հրաժարվել են, հիմա էլ արցախցիներից են հրաժարվում։

Ամեն ինչ անում են, որ մարդիկ արտագաղթեն Հայաստանից։ Սրա դեմ միակ պայքարը քաղաքական ինքնակազմակերպումը պետք է լինի, ասաց Աղաբեկյանը։

«Հարցը դրած է այնպես, որ եթե արցախցիների նկատմամբ այս վերաբերմունքը մարսվում է, վաղը կամ մյուս օրը ՀՀ բնակչության նկատմամբ է նման վերաբերմունք լինելու։ Վաղը-մյուս օրը կարող է 300 հազար ադրբեջանցիներ գան Հայաստան եւ ավելի մեծ իրավունքներ ունենան, քան մենք ունենք։ Եվ սա ես այնքան էլ անիրատեսական չեմ համարում, հիշենք, որ 2018 թվականին էլ մենք անիրատեսական էին համարում, որ Արցախը կարող էր հայաթափվել»,- ասաց Աղաբեկյանը։

«Պաշտոնական վիճակագրական թվեր են բերում, որ 14-15 հազար արցախցի է հեռացել Հայաստանից։ Արցախից 12 հազար զինվորական է տեղափոխվել ՀՀ, զինվորականների կողմից առաջարկ է եղել Հայաստանի իշխանություններին՝ քանի որ այս մարդիկ պատերազմով անցած են, որոշակի փորձառություն ունեն, եկեք ինտեգրում իրականացրեք, բայց դրանից էլ են հրաժարվել։ Այսինքն՝ եթե մենք գալիս ենք այն եզրակացության, որ Արցախից հրաժարվել են, հիմա էլ արցախցիներից են հրաժարվում, իմանանք մեր անելիքը, հասկանանք, թե ինչ պետք է անենք»,- հավելեց նա։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին հրավիրել են փոխվարչապետի հետ հանդիպման

ՀՀ կառավարությունից հրավիրել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ այսօր հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և քննարկելու մեր պահանջները:
Դրա առթիվ՝ ժամը 17:00-ին տեղի է ունենալու ինքնաբուխ հավաք կառավարության առջև՝ հանրայնորեն վերահաստատելու մեր պահանջները:
Հանդիպման ավարտից հետո Խորհրդի ներկայացուցիչները դուրս կգան և կիրազեկեն հավաքի մասնակիցներին բանակցությունների արդյունքների վերաբերյալ:
Ուստի, հորդորում ենք բոլորին մասնակցել հավաքին՝ ժամը 17:00-ին՝ կառավարության շենքի առջև:
ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ

Ապրիլյան պատերազմին անդրադարձել է միայն Կանադան․ Արցախյան հարցը լուծված չէ

Լեռնային Ղարաբաղում 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցին մենք հիշում ենք զոհվածներին և վերահաստատում ենք Կանադայի հավատարմությունը խաղաղությանն ու երկխոսությանը։

Դրա մասին սոցցանցում գրել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին։

Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հակամարտությունը մնում է չլուծված։ Կանադայի կոչը վճռորոշ նշանակություն ունի այս հարցի` համաշխարհային օրակարգում առաջնային մնալու համար:  Հելսինկյան սկզբունքներով առաջնորդվող իրական բանակցությունների միջոցով, ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը, պետք է հասնել հիմնական լուծման, գրել է Կանադայի Արտաքին գործերի նախարարը։

«Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն դիվանագիտության և միջազգային իրավունքի հարգման միջոցով»,- նշել է Կանադայի արտգործնախարարը։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հանդես է եկել հատուկ հայտարարությամբ նաև Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ։ 

Թարգմանաբար ներկայացնում ենք նախարար Ջոլիի հայտարարությունը, որն արվել է 2024-ի դեպտեմբերի 22-ին․

«Անցյալ շաբաթ լրացավ մեկ տարին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետևանքները ծանր էին, դրա արդյունքում ավելի քան 100․000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30․000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան՝ երկրում առաջացնելով մարդասիրական կարիքների արագ աճ։

Ադրբեջանի կողմից չարդարացված ռազմական գործողությանը նախորդել էր Լաչինի միջանցքով մարդասիրական ապրանքների անցման իննամսյա շրջափակումը, ինչը խախտել էր Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցի կիրառման մասին որոշումը։

Կանադան համերաշխ է այս ճգնաժամից տուժած մարդկանց հետ ու երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։ Այդ իսկ պատճառով 2023 թ․ մենք ավելի քան 3․9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն ենք հատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար։

Կանադան շարունակում է կոչ անել և աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված բովանդակալից բանակցություններին, ինչպես նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության համար:

Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատել 2020 թ․ Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Մենք նաև շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ադրբեջանից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին։

Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին և ինքնորոշման իրավունքին՝ այս տարածաշրջանի  ժողովրդի համար արդար և տևական խաղաղության հասնելու բանակցություններում։ Սա պետք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ և արժանապատիվ իրավունքը, երաշխավորի մարդու իրավունքների և քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանությունը և տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը»:

Հայ դատի Կանադայի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները Կանադայի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցյիչների հետ՝ ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի շուրջ կանադական կողմի օբյեկտիվ դիրքորոշումները պահպանելու և զարգացնելու ուղղությամբ”։