Թրամփ-Զելենսկի «շատ արդյունավետ» հանդիպում՝ Հռոմում

Սպիտակ տան հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին «շատ արդյունավետ» հանդիպում են ունեցել այսօր Հռոմում, որտեղ երկուսն էլ մասնակցում էին Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը։

Սա երկու առաջնորդների առաջին շփումն էր փետրվարին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանությունից հետո։

Այս հանդիպումից ժամեր առաջ Թրամփը կոչ էր արել Կիևի և Մոսկվայի միջև բարձր մակարդակի հանդիպում անցկացնել՝ պատերազմը կանգնեցնելու հարցում համաձայնության հասնելու համար։ Ավելի վաղ նա զգուշացրել էր, որ իր վարչակազմը կդադարի Ուկրաինայում խաղաղության հասնելու ջանքերից, եթե երկու կողմերը մոտ ապագայում համաձայնության չգան։

Զելենսկու խոսնակը հաստատել է, որ նախագահն այսօր հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։

Ազնավուրի գերեզմանը հավաքական գերեզման է՝ անգերեզման մնացած արցախցիների համար

Մարտունի քաղաքի ապաստարանում սեպտեմբերի 19-ի երեկոն ծանր լռություն բերեց։ Շշուկները՝ ծածուկ, բերնեբերան փոխանցվում էին, և ամեն լսող քարանում էր՝ ցավից, անսպասելիությունից։ Չհաստատված լուրը ընդունում էին հերքելու հույսով՝ «Ոչ, դա չի կարող ճիշտ լինել…»։

Մռայլ ու սառը նկուղն ավելի սառն էր դարձել այն մտքից, որ քաղաքը, որի վրա թափվում են հարյուրավոր ռումբեր, մնացել է անտեր։ Ազնավուրը չկա։

Հաջորդ կեսօրին գույժը հաստատվեց։ Մանկապարտեզի նկուղում վերջին մակարոնները ճաշ էին դառնում նկուղի երեխաների համար՝ դաստիարակների լուռ արցունքների ներքո. «Մի քանի օր առաջ Ազնավուրն էր բերել Ստեփանակերտից…»

Տեղահանությունից մեկ ու կես տարի անց Ազնավուրի գերեզմանը հավաքական գերեզման է՝ անգերեզման մնացած արցախցիների համար։ Իսկ այսօր՝ իրենց սիրելի, Մարտունու անձնվեր քաղաքապետի՝ Ազնավուր Սաղյանի ծննդյան օրը, մարտունեցիները այստեղ են՝ հիշելու, խնկարկելու ու հարգելու նրա վառ հիշատակը։

Մարիամ Սարգսյան

Հոդված 3․ մեր դասընթացները ավարտած արցախցի մասնակիցների 90 տոկոսը աշխատում են

“Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն” հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2015 թվականին: Իսկ 2016 -ին նրան կից բացվեց նաև “Հոդված 3” մարդու իրավունքների ակումբը, որը հատկապես կարևոր դերակատարում ունեցավ 44-օրյա պատերազմի շրջանում և դրան հաջորդած ժամանակահատվածում, իրականացնելով Արցախի ժողովրդին աջակցող բազմաթիվ մարդասիրական ծրագրեր:

“Պատերազմի օրերին և դրան հաջորդած ամիսներին մենք աշխատել ենք մոտավորապես 12 հազար արցախցի հայրենակիցների հետ, տրամադրելով նրանց  մարդասիրական բնույթի աջակցություն: 2021 թվականից արդեն սկսեցինք կենտրոնանալ կրթական ծրագրերի վրա: Հաշվի ենք առել, որ հումանիտար աջակցության տրամադրումը կրում է ժամանակավոր բնույթ, իսկ արցախցիներին անհրաժեշտ են ծրագրեր, որոնք կօգնեն սովորել նոր, ժամանակակից աշխատաշուկայում պահանջարկ վայելող մասնագիտություներ:

Սկզբնական շրջանում ծրագրերը նախատեսված էին պատերազմից տուժած բոլոր կանանց համար, մասնավորապես, մասնակցում էին Շուշիից և Հադրութից բռնագաղթած անձինք, որոնք վերադարձի հնարավորություն չունեին և պետք է մնային, աշխատանք գտնեյին ու իրենց գործունեությունը ծավալեյին Հայաստանում:

Սկզբում մեր մասնագետները օգնում էին, որպեսզի ծրագրի մասնակիցները ընտրեն ճիշտ, իրենց բնակավայրերում պահանջարկ վայելող մասնագիտություն՝ սովորելուց հետո հնարավորինս կարճ ժամանակում աշխատանք գտնելու համար: Ավելի ուշ, 2023 թվականի Արցախի օկուպացիայից և արցախահայության բռնագաղթից հետո, մեր շահառուները դարձան բոլոր արցախցիները:

Մասագիտական դասընթացները կազմակերպվում են ինչպես “Հանուն հավասար իրավունքների” կրթական կենտրոնում, այնպես էլ այլ կազմակեպությունների և մասնագետների ներգրավմամբ: Մասնավորապես, համագործակցում ենք ART-HOUSE կրթական կառույցի և այլ ընկերությունների հետ:

Դասընթացավարների վարձատրության ծախսերը ամբողջությամբ հոգում է “Հանուն հավասար իրավունքների” կրթական կենտրոնը: Առկա են տարբեր մասնագիտական դասընթացներ, որոնցից են՝ կար ու ձև, մատնահարդարում, վարսահարդարում, խոհարարություն, մարքեթինգ, դիզայն, հաշվապահական գործ և այլ:

Դասընթացների ավարտին մասնակիցների սերտիֆիկացումից հետո նրանց համար 100 հազար դրամի սահմանում գնվում են գործիքներ հետագա գործունեություն ծավալելու համար:

Մեր համար չափազանց կարևոր է նաև շահառուների հոգեվիճակը: Քանի որ նրանք ենթարկվել են էթնիկ զտումների և գտնվում են չափազանց բարդ հոգեվիճակում, նոր մասնագիտություն սովորեցնելուց առաջ անհրաժեշտ է բարելավել նրանց հոգեկան վիճակը: Այդ առումով կազմակեպվում են նաև հոգեբանական աջակցության միջոցառումներ:

Դասընթացները սկսելուց առաջ մասնակիցներն անցնում են նաև նախապատրաստական փուլ, զարգացնելով փափուկ հմտությունները՝ ֆինանսական գրագիտություն, հաշվաապահական գիտելիքներ, SMM մարքեթինգ և այլն։

Դասընթացին հիմնականում մասնակցում են Երևանում և հարակից համայնքներում բնակվող արցախիցի տարբեր տարիքի կանայք: Անհրաժեշտության դեպքում ներգրավում ենք նաև Հայաստանի այլ տեղերում բնակվող անձանց, փոխհատուցելով նրանց ճանապարհածախսը:

Այս պահի դրությամբ մեր ունեցած տվյալներով, դասընթացները ավարտած մասնակիցների 90 տոկոսը աշխատում են համապատասխան ոլորտներում: Նույնիսկ արդեն ունենք սեփական բիզնեսը հիմնած և գործունեություն ծավալող շահառուներ:

Ծրագրերն իրականացվում են Շվեդիայի դեսպանատան և “Հայաստան” համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Ունեինք նաև USAID-ի կողմից ֆինանսավորվող լայնածավալ ծրագիր, որը, ցավոք, չի  իրականացվի, քանի որ կազմակեպությունը դադարեցրել է գործունեությունը”։

Այս մասին Step1.am-ի հետ զրույցում պատմեց “Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն” հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը։

Արսեն Աղաջանյան

 

Երևանում շարունակվում է Career City Fest 2K25-ը՝ ուղղված կարիերայի նոր հնարավորություններին

2025 թ․ ապրիլի 25-ին և 26-ին Երևանում անց է կացվում Career City Fest 2K25-ը՝ մի հարթակ, որը միավորում է աշխատաշուկայի նորագույն միտումները, փորձառու մասնագետներին, սկսնակներին, գործատուներին ու ձեռնարկություններին։

Միջոցառման նպատակն է՝ խթանել մասնագիտական աճը, ընդլայնել գործատու-մասնագետ կապերը, նպաստել կարիերայի զարգացմանը և ստեղծել նոր համագործակցությունների ու աշխատանքի հնարավորություններ՝ երիտասարդների, ուսանողների, սկսնակ մասնագետների և գործատուների համար։ Career City Fest 2K25-ը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են․

• Ընդլայնել մասնագիտական հորիզոնները, մասնակցել կրթական ու մենթորական սեսիաների

• Ճանաչել ոլորտի առաջատար ընկերություններին ու հնարավոր գործատուներին

• Ներկայացնել իրենց հմտություններն ու կապ հաստատել նոր գործընկերների հետ։

Միջոցառումը անց է կացվում ինտերակտիվ և ներգրավվածության բարձր ձևաչափով՝ հնարավորություն տալով անմիջական կապ ստեղծել փորձառու մասնագետների, բիզնեսի ներկայացուցիչների և ոլորտի տարբեր շահակիցների միջև։

Արցախցի Արման Ավանեսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Արցախցի Արման Ավանեսյանը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող Սամբո ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մարտական սամբոյի 98 կգ քաշայինների պայքարում դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ։

Ավելի վաղ Հայաստանի 5 ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության ևս հաղթանակներ են ունեցել՝ դառնալով բրոնզե մեդալակիրներ:

Սամբոյի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է Կիպրոսում ապրիլի 23-ին և կավարտվի ապրիլի 28-ին:

Բաքուն չի հասկանում, ինչո՞ւ Հայաստանը մինչև 2020 թ․ չի պահանջել ցրել Մինսկի խումբը

Հայաստանը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի Մինսկի խումբը լուծարելու համար։ Այս մասին հայտարարել է Բաքվի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան ավելի շատ կազդի ընդհանուր իրավիճակի և հակամարտությունից հետո կարգավորման վրա։ Մենք չենք հասկանում, թե ինչու է Հայաստանը դեռևս հետաքրքրված այս կառույցները պահպանելու հարցում»,- ասել է նա։

Բայրամովը նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության մեջ որևէ տրամաբանություն չկա։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է հատուկ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար, և մեր տարածքն արդեն ազատագրվել է օկուպացիայից: Հետևաբար, Մինսկի խումբը պահպանելու մեջ տրամաբանություն չկա»,- ասել է Բայրամովը։

Բայրամովը նշել է, որ ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարի հետ, որը Թուրքիայի նախկին արտգործնախարարն է, քննարկել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի լիակատար լուծարումը և այս հարցի շուրջ կազմակերպության ներսում կոնսենսուսի հասնելը։ Նախ պետք է դիմումներ ներկայացնեն Հայաստանը և Ադրբեջանը»։

Սինիրլիօղլուն մի քանի օր առաջ եկել է նաև Հայաստան։ Արարատ Միրզոյանը նրա հետ հանդիպումից հետո ասել է, որ Հայաստանը պատրաստ է դիմել Միսնկի խումբը լուծարելու մասին կոչով, բայց նույն պահին, երբ կստորագրվի Բաքվի հետ «խաղաղության պայմանագիրը»։

Մինսկի խմբի գոյությունը Բաքվի համար իրոք անհասկանալի է։

Չէ որ Մինսկի խումբը չի լուծարվել, երբ հայկական կողմը համարում էր, որ «լուծել» է Ղարաբաղյան խնդիրը, թեկուզ իրականում դա խնդրի լուծում չէր, այլ տարածքների վերահսկողություն, ինչպես հիմա Բաքվի պարագայում։

Այն ժամանակ հայկական կողմը ոչ միայն չէր պահանջում լուծարել Մինսկի խումբը, պնդելով, որ «հակամարտությունը լուծված է», այլև ակտիվ աշխատում էր Մինսկի խմբի համանախագահների հետ, որ գտնվի «ոսկե միջինը» տարածքների վերահսկողության և հակամաևտության իրավական լուծման միջև։

Հայկական կողմը, հաղթանակ տանելով մարտի դաշտում, չհամարձակվեց հայտարարել հակամարտությունը լուծված, չճանաչեց Հայաստանի և Արցախի փաստացի վերամիավորումը, որի իրավական որոշումն ընդունել է 1989 թվականին։

Բաքուն այդպես չի վարվում․ նա համարում է, որ իրավունք ունի ռազմական ճանապարհով լուծել հակամարտությունը, և եթե Մինսկի խումբը դա չի ճանաչել (իսկ Բաքվի «լուծումը» դեռ ոչ ոք պաշտոնապես չի ճանաչել), ապա պետք է ցրել Մինսկի խումբը։

Կհաջողվի՞ Բաքվին այն, ինչ չի համարձակվել անի Հայաստանը։ 

ԱՄՆ-ի և Ուկրաինայի ծրագրերում այլևս չի հիշատակվում օկուպացված տարածքների վերադարձը

New Yotk Timesկողմից ձեռք բերված ուկրաինական ծրագիրը մասամբ հակասում է Դոնալդ Թրամփի պահանջներին։ Սակայն, միևնույն ժամանակ, նշում է «Նյու Յորք Թայմսը», Կիևի առաջարկը տեղ է թողնում հնարավոր փոխզիջումների համար այն հարցերի շուրջ, որոնք վաղուց թվում էին անլուծելի։

Այս փաստաթղթի համաձայն՝ Կիևը պնդում է ուկրաինական զինված ուժերի թվաքանակի վերաբերյալ որևէ սահմանափակման բացակայության վրա։ Բացի այդ, ծրագրում նշվում է, որ երկրի տարածքում կտեղակայվի Միացյալ Նահանգների կողմից աջակցվող «եվրոպական անվտանգության կոնտինգենտ»։ Նաև նշվում է, որ սառեցված ռուսական ակտիվները պետք է օգտագործվեն պատերազմի ժամանակ Ուկրաինային պատճառված վնասը վերացնելու համար։

Միաժամանակ, Նյու Յորք Թայմս-ը ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ ծրագրում չի նշվում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի կողմից օկուպացված բոլոր տարածքների լիակատար վերադարձի մասին, ինչպես նաև չի պահանջվում, որ Ուկրաինան միանա ՆԱՏՕ-ին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել էր Սպիտակ տան այս շաբաթ հրապարակված առաջարկը, որը նախատեսում էր բռնակցված Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության ԱՄՆ ճանաչում։ Թրամփը, իր հերթին, Զելենսկուն մեղադրեց «սադրանքի» մեջ։

Այսօր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը «շատ մոտ են համաձայնության» և որ «հիմնական կետերի մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել»։

«Ռոյթերս»-ը տեսել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկների փաթեթի տեքստը, որը Վիտկոֆը ներկայացրել էր եվրոպացի պաշտոնյաներին ապրիլի 17-ին Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ։

Հրադադար

* Մշտական ​​​​հրադադար։

* Երկու կողմերն էլ անմիջապես կսկսեն բանակցություններ համաձայնագրի տեխնիկական իրականացման վերաբերյալ։

Ուկրաինայի անվտանգության երաշխիքը

* Ուկրաինան ստանում է հուսալի անվտանգության երաշխիքներ։

* Երաշխավոր պետությունները պետք է ստեղծեն հատուկ խումբ՝ եվրոպական և

ոչ եվրոպական պետություններից։

* Ուկրաինան չի ձգտի անդամակցել ՆԱՏՕ-ին։

* Ուկրաինան կարող է դիմել ԵՄ անդամակցությանը։

Տարածքներ

* Միացյալ Նահանգները դե յուրե ճանաչում է Ռուսաստանի վերահսկողությունը Ղրիմի նկատմամբ։

* Միացյալ Նահանգները դե ֆակտո ճանաչում է Ռուսաստանի վերահսկողությունը Լուգանսկի մարզի նկատմամբ։

* Միացյալ Նահանգները դե ֆակտո ճանաչում է Զապորոժիեի, Դոնեցկի և Խերսոնի մարզերի Ռուսաստանի կողմից վերահսկվող մասերը։

* Ուկրաինան վերականգնում է իր տարածքները Խարկովի մարզում։

* Ուկրաինան վերականգնում է Զապորոժյեի ատոմակայանի վերահսկողությունը, սակայն այն գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության և կառավարման ներքո, իսկ էլեկտրաէներգիան բաշխվում է երկու կողմերին էլ։

* Ուկրաինան օգտվում է Դնեպրի երկայնքով անարգել անցման իրավունքից և վերահսկում է Քինբուրնի ծոցը։

Տնտեսություն

* Միացյալ Նահանգները և Ուկրաինան կիրականացնեն տնտեսական համագործակցություն հանքային պաշարների ոլորտում։

* Ուկրաինան լիովին կվերականգնվի և կստանա ֆինանսական փոխհատուցում։

* Ռուսաստանի դեմ 2014 թվականից ի վեր այս հակամարտության հետևանքով սահմանված պատժամիջոցները կվերացվեն։

* ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը կվերսկսվի էներգետիկայի և այլ արդյունաբերական ոլորտներում։

Մեր քաղաքական վերադարձը միջազգային իրավունք է, դա պետք է մնա օրակարգում

Մեր քաղաքական վերադարձը միջազգային իրավունք է, դա պետք է մնա օրակարգում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Այո, մենք իրավունք ունենք ապահովելու մեր արժանապատիվ եւ անվտանգ վերադարձը։ Այդ նպատակով Արցախի ԱԺ կողմից ստեղծված է հանձնախումբ, որը ղեկավարում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Եվ ես կարծում եմ, որ էֆեկտիվ աշխատանք են իրականացնում։ Դուք տեղյակ եք, որ վերջերս Շվեյցարիայի խորհրդարանն է ընդունել բանաձեւ, որի համաձյան՝ պետք է խաղաղության կոնֆերանս իրականացվի, որին կմասնակցեն եւ Ադրբեջանի, եւ Արցախի ներկայացուցիչները»,- ասաց Շահրամանյանը։

Անդրադառնալով Արցախի էջը փակելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների հայտարարություններին, նա ասաց․ «Այդ հայտարարություններն անողներն ակնկալելում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշումը։ Ես էլ եմ ակնկալում»։

Շահրամանյան․ «Ես քննարկել եմ Սամվել Բաբայանի հետ, եւ ինքը վստահեցրել է, որ որեւէ կապ չունի այդ ակցիայի հետ»

“Ես ասել եմ, որ բնապահովման ծրագիրը հենց սկզբից տապալված էր”․ Շահրամանյան

«Դուք գիտեք, որ ես լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը։ Մանրամասն տեղյակ եմ իրականացվող աշխատանքի, նաեւ ձեր հանդիպումների արդյունքների, ձեր որոշումների, ձեզ առաջարկվող տարբերակների մասին։ Իմ կողմից դուք ունեք լիակատար աջակցություն, անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեք։ Ես առիթ եմ ունեցել բնակարանային աջակցության ծրագրի վերաբերյալ իմ դիրքորոշումն արտահայտել դեռ նախագծային փուլում եւ ասել եմ, որ դա հենց սկզբից տապալված ծրագիր է, արցախցիները դրանից չեն օգտվելու, որովհետեւ որոշակի լուրջ խնդիրներ ու հանգամանքներ կան, որոնք հաշվի առնված չեն»,- «Ազատության» հրապարակում եեղակայված վրանում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը արցախցիներին ասել է, որ եթե հրապարակում տեղադրված վրանը ապամոնտաժեն, եւս երկու ամիս 40 հազարական դրամ աջակցություն կստանան։

Սամվել Շահարամանյանն Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներին ասաց, որ կաջակցի նրանց։ Եթե ստիպեն հեռանալ Ազատության հրապարակից, պատրաստ է նրանք տարածք տրամադրել Արցախի ներկայացուցչության շենքում։

«Ինչ վերաբերում է արցախցիների սպասելիքներին, այո, սպասելիքները շատ մեծ են։ Առաջնայինը եւ հրատապը այսօր հումանիտար ու սոցիալական հարցերն են»,- ասաց նա։

Հայաստանի կառավարությունն արցախցիներին առաջարկել է ստեղծել աշխատանքային խմբեր եւ քննարկել խնդիրները։ «Ինձ թվում է, որ դա պետք է իրականացվի, քանի որ այդ ծրագրերից է կախված նաեւ արցախցիների հետագա ինտեգրումը եւ արժանապատիվ ապրելը Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Շահրամանյանը։

Սամվել Շահրամանյանը այցելել է Ազատության հրապարակում տեղադրված արցախցիների շտաբ-վրանը։ Հանդիպումը շարունակվում է

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին գտնվում է Ազատության հրապարակում գտնվող Արցախի շտաբի վրանում։

Հանդիպման ժամանակ Արցախի ժողովուրդի իրավունքների խորհրդի անդամները ներկայացրել են նախնական նպատակները և ընդգծել միասնության կարևորությունը հայ հասարակության մեջ։

Հանդիպումը շարունակվում է։

Ալվարդ Գրիգորյան

Ինչու՞ ԱՄՆ-ն ու Եվրոպան «չընտրեցին» Հայոց ցեղասպանությունը և ինչ էր անում Մեծ Բրիտանիայի դեսպանը Քարահունջում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ իր ամենամյա ուղերձում չհիշատակեց «ցեղասպանություն» եզրույթը՝ օգտագործելով ավելի չեզոք «Մեծ եղեռն»-ը։ Միևնույն ժամանակ, Թրամփը հրապարակավ «չաջակցեց» Նիկոլ Փաշինյանի «խաղաղության ծրագրին» կամ Հայաստանի «տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը», բավարարվելով «տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը պահպանելու ցանկության» հիշատակմամբ։

Եվրամիությունն ավելի անկեղծ էր. Հայաստանում Եվրոպական քաղաքացիական առաքելության կայքում նախ հայտնվեց «ցեղասպանություն» եզրույթով տեքստ, ապա բառը փոխարինվեց «1915-23 թվականների զոհերի հիշատակին» արտահայտությամբ։

Միաժամանակ, երեկվա ճեպազրույցի ժամանակ «ցեղասպանություն» բառը մի քանի անգամ անսպասելիորեն օգտագործեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ով հայտարարեց, որ Ռուսաստանը գրեթե երեք անգամ ճանաչել է ցեղասպանությունը և օգնել 350 հազար հայերի փախնել սրից։ Ինքը Պուտինը այդպե էլ չդիմեց հայերին։

Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտումը հիմնված է երկու գործոնի վրա՝ մեկը փոխհատուցման վախն է, երկրորդը՝ ինքնության խնդիրը,  NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման ժամանակ ասել է թուրք անվանի պատմաբան, Հայոց ցեղասպանության հարցերով մասնագետ Թաներ Աքչամը, որն այս օրերին Հայաստանում է՝ ներկայացնելու «Ցեղասպան պետության ակունքները» վերնագրով իր նոր գրքի հայերեն թարգմանությունը։

Եթե ​​Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, դժվար թե կարողանա “բավարարվել” ներողություն խնդրելով և մեղքի խոստովանությամբ։ Օսմանյան Թուրքիայում հայերը ունեին հսկայական անշարժ գույք, որը Թուրքիան ազգայնացրեց, բայց մինչ օրս, ըստ Լոզանի պայմանագրի, չի կարող այն հանել սեփականաշնորհման։ Այս կալվածքները ճանաչվում են որպես ցեղասպանության ենթարկված հայերի սեփականություն, և ցեղասպանության ցանկացած ճանաչում կնշանակի այդ հողերի վերադարձ իրենց իրական տերերին։

Մյուս կողմից, չնայած Օսմանյան կայսրության հայերը չէին ապրում ազգային վարչական շրջաններում, Օսմանյան և Ռուսական կայսրությունների փլուզումից հետո Թուրքիայի և Հայաստանի (նախկինում Խորհրդային Միության) սահմանների հարցը լուծվեց 1921 թվականի Մոսկվայի և Կարսի ռուս-թուրքական պայմանագրերով, որոնք այդպես էլ չեն ճանաչվել համաշխարհային հանրության կողմից և չեն ներառվել ՄԱԿ-ի դեպոզիտարիայում։

Ցեղասպանության ճանաչումը անմիջապես կարդիականացնի Կարսի պայմանագիրը, ուստի և Կարսի, Արարատի, Նախիջևանի հարցը, որոնք Ռուսաստանի կողմից բառացիորեն նվիրվել էին Թուրքիային։

Թուրքիան և նրա ազդեցիկ դաշնակիցները այժմ փորձում են փակել հայերի հսկայական սեփականության ր կասկածելի «թուրքական սահմանի» հարցը «հայ-ադրբեջանական» գործընթացով և Արցախի հանձնմամբ։ Թուրքիան և Ռուսաստանը այլևս ոչ թե ժխտում են ցեղասպանությունը, այլ լեգիտիմացնում են այն Հայաստանի ոչնչացմամբ։

Հարցը ոչ միայն և ոչ այնքան Արցախն է։ Փաշինյանի ժեշտի քարտեզը և «խորհրդային սահմանները» ենթադրում են հրաժարում ոչ միայն Արցախից, այլև այն ամենից, ինչ Հայաստանը կորցրել է Թուրքիայի ցեղասպանական գործողությունների հետևանքով, որոնք իրականացվել են Ռուսաստանի և այլ տերությունների հսկողության ներքո։ Իսկ Սահմանադրության փոփոխությունը կլինի Հայաստանի վերջը։

Ապրիլի 24-ը միաժամանակ երկու՝ հայերի և հրեաների ցեղասպանությունների օրն է։ ԱՄՆ Պետդեպարտամենտը Հոլոքոստի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ խոստանալով Միացյալ Նահանգների անսասան աջակցությունը Իսրայելին։

1920-ականների սկզբին, երբ Առաջին համաշխարհային պատերազմից և 6 կայսրությունների փլուզումից հետո Միացյալ Նահանգները առաջարկեց «ինքնիշխան պետությունների» գաղափարը, երբ կնքվեց Սևրի պայմանագիրը, և Հայաստանը պետք է դառնար աշխարհակարգի կենտրոններից մեկը, Հայոց ցեղասպանության հարցը կարևոր գործոն էր։ Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արեցին սա կանխելու համար՝ պարզապես բաժանելով Հայաստանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Միացյալ Նահանգները աշխարհակարգ կառուցելու համար «ընտրեց» Հոլոքոստը, այլ ոչ թե Հայոց ցեղասպանությունը։ Եվ չնայած իսրայելական նախագիծը նույնպես, ըստ երևույթին, սպառվում է, և ԱՄՆ-ն բացահայտ ցանկանում է վերադառնալ «կայսրություններին», հայկական գործոնը չվերականգնվեց և վերջնականապես կորցնում է իր նշանակությունը։

Հիմա Էրդողանը կարող է հանգիստ գնալ և հանդիպել Թրամփի հետ. Ամերիկան ​​«հաստատում է» Թուրքիայի սահմանների ընդլայնումը Ռուսաստանի հետ և չի պահանջում Թուրքիայից փոխհատուցում հայերի համար։ Եվրոպան դեռևս պնդում է «խորհրդային սահմանների»՝ Ալմա-Աթայի և այլ հռչակագրերի վրա։

Հետաքրքիր է, թե ինչ էր ուզում ասել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը, երբ այցելեց Սյունիքի Քարահունջ և համեմատեց այն բրիտանական Սթոունհենջի հետ։

Նաիրա Հայրումյան