Փաշինյանը վերջնականապես ապացուցում է, որ ինքը ռուսական նախագիծ է

Step1.am-ի զրուցակիցն է «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։

-Պարոն Հայրյան, Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն հայտարարում են, թե Արցախի նախագահն է լուծարել Արցախը։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։

-Նախ անդրադառնանք հարցին, թե ով կարող էր եւ այդքան ուժ ուներ Արցախը լուծարել, դա ում էր պետք։ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի երկու հայտարարություն արեց, որին մեր ժողովուրդն ուշադրություն չդարձրեց, բայց ինքն այդտեղ ինքնախոստովանություն արեց։ Մի հարցազրույցում ասաց, որ Արցախի լուծարման որոշումը եղել է 2016 թվականի օգոստոսին։ Ո՞վ կարող էր 2016 թվականին կայացնել Արցախի լուծարման որոշումը։ 2016 թվականին Արցախի իշխանություններն շատ ցանկության դեպքում կարո՞ղ էին կայացնել Արցախի լուծարման որոշում, չէին կարող։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես չէր կարող այդպիսի որոշում կայացնել, Բաքուն եւս այդքան ուժ չուներ։ Ուրեմն, ո՞վ էր կայացրել Նիկոլ Փաշինյանի ակնարկած լուծարման որոշումը։ Միանշանակ պարզ է, որ որպես գերտերություն՝ Մոսկվան կարող էր կայացած պետություն լուծարելու որոշում կայացնել։

Իսկ ինչո՞ւ 2016 թվականին, սա քննարկենք, որպեսզի իսկապես համոզվենք, որ ռուսներն են 2016 թվականի օգոստոսին որոշել լուծարել Արցախը։ Ինչպես գիտենք, 1988 թվականից սկսած Արցախյան պայքարը մի քանի փուլերով գնաց։ Առաջին փուլի ավարտին՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին ընդունվեց հանրահայտ վերամիավորման մասին որոշումը։ Այս որոշումն ընդունելուց հետո հայկական քաղաքական միտքը ռուսների ճնշման տակ վախեցավ իրացնել այն։ Այսինքն՝ այդ որոշումն արդեն իրականացված էր, նույնիսկ 1991 թվականին Արցախի ժողովուրդը մասնակցեց Հայաստանի պառլամենտական ընտրություններին։ Բայց հավանաբար Մոսկվայի ճնշման տակ արցախցիները եւ հայաստանցիները որոշեցին գնալ անկախ Արցախի անկախացման ճանապարհով։ Դա եղավ հաջորդ փուլը՝ ինքնորոշման արդյունքում Հայաստանին միավորված Արցախի փոխարեն ունեցանք իբր թե անկախ Արցախ, որն այդպես էլ ոչ ոք չճանաչեց, մինչեւ անգամ Հայաստանի իշխանությունները։ Դա էլ հիմք տվեց ռուսներին հետագա մանիպուլյացիաներ իրականացնել։ Այսինքն՝ ռուսները, որ 1988 թվականից արդեն դեմ էին Արցախի ինքնորոշմանը եւ ոչ մի ստորության առաջ կանգ չէին առնում, հայերի ազգային ազատագրական շարժումն Արցախում խեղդելու համար կազմակերպեցին Սումգայիթի, Բաքվի, Գանձակի եւ այլ բնակավայրերի ջարդերը եւ ադրբեջանահայությանը փախստական դարձրեցին։ Այսինքն՝ ռուսները ոչ մի վայրկյան հետ չեն կանգնել Արցախի ինքնորոշման եւ ազգային ազատագրական շարժումը ճնշելու ու խեղդելու գործում։

Երբ արդեն իրադրությունն այնքան էր բարդացել ու ուժգնացել, իրավիճակին խառնվեց նաեւ միջազգային հանրությունը, ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը պետք է զբաղվեր Արցախի կարգավիճակի հարցով։ Այս ամբողջ ընթացքում՝ 1991-1992 թվականներից սկսած, ռուսները՝ Հայաստանի ղեկավարության բկին չոքած, միշտ պարտադրում էին, որ Հայաստանը հրաժարվի Մինսկի խմբից, որպեսզի նրանք միահեծան լուծեին հարցը։ Հայաստանի ղեկավարները, անընդհատ լինելով ռուսների ազդեցության տակ, ինչ-որ տեղ խոչընդոտում էին Մինսկի խմբի աշխատանքներին։ Եվրոպան ու միջազգային հանրությունն առաջարկում էին բազմազգ խաղաղարար ուժեր բերել, որին Ռուսաստանը դեմ էր։ Ռուսներն ինչ-որ էտապից սկսած, տեսնելով, որ Հայաստանի ժողովրդի եւ իշխանությունների դիմադրությունը ջարդելը դժվար է, փորձեցին Ադրբեջանի հետ ռազմական ագրեսիայի միջոցով  հարցերը լուծել։ Սկիզբ դրեցին այսպես կոչված «Լավրովի պլան» քաղաքական պրոցեսներին։ Իրավիճակը սրվել էր, 2008-2012 թվականներին արդեն հստակ երեւում էր, որ հարցը պետք է ռազմական ճանապարհով լուծեին։ Մեր իշխանությունները մեզանից այսքան տարի թաքցրել են, որ 2008 թվականից արդեն Ալիեւը նույնիսկ ՄԱԿ-ում շրջանառության մեջ էր դրել փաստաթղթեր, ըստ որոնց՝ ինքն իրավունք ունի ռազմական ճանապարհով լուծել հարցը։ Հայկական իշխանությունների կրավորականությունն ու դավաճանությունն այն է, որ ոչ միայն այդ փաստաթղթերի դեմ չեն պայքարել, նույնիսկ մեր հասարակությունից թաքուն էին պահում մինչեւ 2020-2022 թվականները։

Ռուսները ադրբեջանիցների հետ եկել էին համաձայնության, որ ռազմական ճանապարհով լուծեն հարցը, Մինսկի խումբը չեզոքացնեն, որպեսզի Կովկասում միահեծան լինեն տեր-տնօրեն։ Այդ պրոցեսը զուգորդվում էր փոքր պատերազմական գործողություններով, որոնք ամեն անգամ ճնշվում էին։ Ամենամեծ ռազմական գործողությունը տեղի ունեցավ 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյա պատերազմը։ Եվ ապրիլյան պատերազմից հետո առաջացավ Նիկոլ Փաշինյանի ակնարկած 2016 թվականի օգոստոսին կայացված որոշումը, որ Արցախը պիտի լուծարվի։ 2016 թվականի ռուս-թուրքական պլանով որոշել էին բլիցկրիգ անել, մեկ շաբաթում Արցախը գրավել, կտրել Արցախ-Հայաստան ճանապարհը, իսկ Արցախի ժողովրդին թողնել շրջափակման մեջ, ստիպել ինտեգրացիայի, համաշխարհային հանրությանը հայտարարել, որ Արցախի վատ իշխանություններին տապալել են, ժողովուրդը «կողմ է» Ադրբեջանի կազմում մնալուն։

Գաղտնիք չէ՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի ընթացքում Օբաման պայման դրեց, որ եթե պատերազմը չկանգնեցվի, ինքը ճանաչելու է Արցախը։ Իգոր Մուրադյանը պնդում էր, որ ռուսները միշտ ասում էին՝ եթե հանկարծ Ամերիկան միակողմանի ճանաչի Արցախի անկախությունը, հայերի համար շատ վատ է լինելու։ Այսինքն՝ նրանք բացեիբաց վախեցնում էին, որ անելու են այն, ինչ արել են՝ անցել են Ադրբեջանի կողմն ու Հայաստանը կործանել։ Եթե առաջ ռուսները Արցախի հարցում վախեցնում էին, որ եթե ԱՄՆ-ն ճանաչի, վատ կլինի, հիմա էլ վախեցնում են, որ եթե չմտնենք Միութենական պետություն, շատ վատ է լինելու։ Դրա համար են եվրոպական լիդերներին ասում են, որ Հայաստանի շահերից չխոսեն։

Ռուսները որոշեցին արագացնել Արցախի լուծարման հարցը, բայց ռուսների այս առաջարկի համար պետք էր մի ուժ, որը կյանքի կկոչեր այն։ Եվ ռուսները փնտրեցին ու կանգնեցին հենց Նիկոլ Փաշինյանի վրա։ Կա տեղեկություն, որ ռուսների խորհրդատուն այս հարցով եղել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը հիմա Մոսկվայում նստած է։ Եվ ՔՊ-ին բերեցին իշխանության, իսկ ՔՊ-ն իրենից ներկայացնում է մի ուժ, որը ոչ մի տեղ ոչ մի հարցում ռուսներին դիմադրություն ցույց տալու նպատակ չունի։ Իրենց հետաքրքրում է միայն իրենց իշխանությունը, Հայաստանը կլինի անկախ պետություն, թուրքական վիլայեթ, թե ռուսական գուբերնյա, միայն թե իրենք լինեն իշխանություն։

2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Պուտինին, այդ հանդիպման մասին պատմել է, որ  Պուտինն ասել է՝ ՀՀ սահմաններն իրենց համար կարմիր գիծ եւ անձեռնմխելի են։ Այստեղ Նիկոլը կիսատ է թողնում միտքը, մենք կարող ենք շարունակել՝ Պուտինն ասել է՝ Ղարաբաղը կտաս, Հայաստանը կլինինի անձեռնմխելի։ Բայց այս խոստումն էլ ռուսները չպահեցին եւ Նիկոլին «գցեցին»․ հիմա, հերիք չէ, ադրբեջանական զորքը Հայաստանում է, ռուսներն ու թուրքերն էլ պահանջում են «Զանգեզուրի միջանցք»։ Պահանջները խորանալու են եւ հասնեն մինչեւ Հայաստանի ինքնիշխանության լուծարում։ Նիկոլ Փաշինյանն ու իր փայլուն գվարդիան չեն դիմադրելու սրան։

Արցախը լուծարելու համար պետք էր նոյեմբերի 9-ի մի թուղթ, իսկ այդ թուղթը պետք է լիներ պատերազմով։ Դրա համար Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թվականին ՌԴ կատարած այցից հետո նա հայտարարեց, որ Հայաստանը բանակցություններից դուրս է գալիս, թող Ղարաբաղն ինքն իր տեղը բանակցի։ Սա արդեն Մինսկի խմբի լուծարում է, ինքը դրանով Մինսկի խումբը լուծարում է, սկսում են հող նախապատրաստել նոյեմբերի 9-ի թղթի համար։ 2019 թվականին ցրեցին Գորիսի կորպուսը, իսկ Գորիսի կորպուսի ռազմաքաղաքական առաջադրանքն այն էր, որ պատերազմ սկսվելու դեպքում անմիջապես մտնելու էին Արցախ եւ պահելու էին երկրորդ գիծը, որպեսզի առաջին գիծը ճեղքելու դեպքում թշնամին չկարողանար մտնել երկրի խորքերը։ Այս կորպուսը ցրելն էլ էր ռուսների առաջադրանքը, այսինքն՝ նախապատրաստական աշխատաքներ էին կատարվում նոյեմբերի 9-ի թղթի համար։ Այսօր շատ փորձագետներ ասում են, որ նոյեմբերի 9-ի թուղթը կնքվել է ոչ թե պատերազմի արդյունքում, այլ բոլոր դրույթները պատրաստվել են պատերազմից առաջ, դրանից հետո սկսվել է պատերազմը եւ ծրագրված պարտությունը։

2022 թվականին՝ արդեն նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրելուց հետո, Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո վերադարձավ եւ հայտարարեց, թե մեր միջազգային գործընկերները մեզ խորհուրդ են տալիս իջեցնել նշաձողը։ Ի՞նչ ասել է գոյություն ունեցող պետության նշաձողն իջեցնել։ Պետությունն ունի մեկ ստատուս, դա պետությունն է, նշաձողն իջեցնում ես, լուծարվում է։ Այստեղ հետաքրքիր է Արարատ Միրզոյանի դեմագոգիան՝ մենք նրանց առաջարկել ենք ընդամենը նշաձողն իջեցնել, իսկ նրանք պետությունը լուծարել են։ Նրանք կարողացան գտնել մի քանի անմեղսունակ քաղաքական գործիչ եւ սկսեցին քավության նոխազ փնտրել։ Հո չէին ասելու՝ մենք մեր ձեռքով Ղարաբաղը լուծարել ենք, որպեսզի «խաղաղություն բերենք», բայց չի ստացվել։

Այսինքն՝ ո՞վ է լուծարել Արցախը, հարցի պատասխանը հետեւյալն է՝ Պուտինը որոշել է լուծարել Արցախը, Նիկոլ Փաշինյանն իրականացրել է՝ ամեն կերպ ճնշում գործադրելով Արցախի իշխանությունների վրա։ Մի րոպե ենթադրենք, որ Արցախի իշխանություններն են լուծարել, իսկ հիմա ո՞վ է Հայաստանում լուծարում Արցախի համայնքը, ո՞վ է Արցախի հայերին ստիպում արտագաղթել, ո՞վ է Արցախի հայերի համար սոցիալական խնդիրներ ստեղծում, ո՞վ է ատելության խոսք հրահրում, դա՞ էլ են Արցախի իշխանություններն անում։ Նիկոլ Փաշինյանն էլ, Արարատ Միրզոյանն էլ գիտեն, որ Արցախի հարցը լուծված չէ, քանի Արցախի համայնքը կա։ Այսինքն՝ իրենք շարունակում են ռուս-թուրքական տանդեմից ստացած առաջադրանքը՝ Արցախի ստատուսի հարցը լուծել են, հիմա մնում է համայնքը ցրել ու լուծարեն։

Մեզ շատ ավելի վատ բաներ են սպասվում։ Քանի որ ռուս-թուրքական տանդեմն իր նպատակներին չի հասել, նրանք պետք է գնան իրենց հերթական քայլերին, որն արդեն Հայաստանի ինքնիշխանության լուծարումն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը նույնատիպ հայտարարություններ անում է նաեւ հիմա, ինչպես նախկինում ասում էր՝ նշաձողը պետք է իջեցնենք։ Նա մի քանի օր առաջ պառլամենտում հայտարարել է, որ պետք է արեւմտյան երկրների ղեկավարներին ասի, որ այլեւս Հայաստանի օգտին հայտարարություններ չանեն։ Դա նշանակում է, որ ինքը պատրաստ է լուծարել Հայաստան պետությունը։ Սա նույն նշաձողն իջեցնելն է, Հայաստանի նշաձողն իջեցնում են, Հայաստանն ինքնուրույն չպետք է լինի։ Հայաստանի նշաձողն իջեցնելով՝ գնում ենք պետականության կորստի։

Քանի որ Հայաստանի ինքիշխանությունը պիտի իջեցնեն։ Այսօր Գյումրում իշխանության է եկել մի անձ, որը միաժամանակ եւ հավատացյալ է, եւ կոմունիստ է, եւ սովետական գողական, և կազաչի ատաման։ Այսինքն՝ Արցախը գրավված է, հիմա Հայաստանի ներսում բողոքի բջիջիներ են առաջացնում «Հայաստանի իշխանությունների ինքնիշխանության» դեմ։ Եվ սա ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ է, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ երեւի կողմ է սրան, այլ պետք է ներքին ճնշում ստեղծվի՝ Հայաստանի սուվերենիտետը վերացնելու համար։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն չեն բավարվել Արցախը լուծարելով, հիմա փորձում են իջեցնել Հայաստանի նշաձողը։ Հայաստանն «արդար» կիսելու գործընթացը սկսվում է՝ Ալեքսնադրապոլը կտան ռուսներին, Զանգեզուրը՝ թուրքերին։

Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարում է, որ Հայաստանը չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

-Սա շատ կարեւոր հարց է, դրանով Փաշինյանը վերջնականապես ապացուցում է, որ ինքը ռուսական նախագիծ է։ 1988 թվականից սկսած ռուսներն են կատաղի պայքարում Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման դեմ եւ հայտարարում, որ շարժումն է ԽՍՀՄ-ը կազմաքանդելու հիմնական պատճառը։ Եվ այժմ, Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժան էջը փակելով, մտածում են վերկանգնել Սովետական միությունը։ Նիկոլն ու ՔՊ-ն էլ նրանց կամակատարներն են։

Հայաստանի ժողովրդին պետք է կոչ անել, որպեսզի խելքը գլուխը հավաքի, որովհետեւ դարերով երազած եւ մի կերպ ստեղծած մեր անկախ պետականությունն արդեն հասցրել են անդունդի եզրին։ Այսօր ՔՊ-ն իր պարագլխի հետ մտածում են միայն սեփական իշխանության մասին, որովհետեւ ցանկացած ուրիշ իշխանության դեպքում պիտի պատասխան տան իրենց այս բոլոր դավաճանական քայլերի համար։

Ռոզա Հովհաննիսյան

Այսօր ճանաչում ենք ԼՂ-ի 120,000 հայերի դիմակայունությունը, որոնք 2023թ․ բռնի տեղահանվեցին իրենց հողերից – Կանադայի ԱԳՆ

1915 թվականին ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել։ Մենք պետք է ապահովենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին, որը նաև իր ուղերձի տեսանյութն է հրապարակել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։

«Մենք միանում ենք հայկական համայնքներին երկրում և ամբողջ աշխարհում՝ հիշելու և հարգելու նրանց, ովքեր շարունակում են ապրել ցավով ու կորստի ողբերգությամբ: Այսօր մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի 120,000 բնիկ հայերի դիմակայունությունը, ովքեր 2023 թվականին բռնի տեղահանվել են իրենց հողերից պատմության մեջ առաջին անգամ։ Չափազանց շատ տառապանք ու չափազանց շատ ավեր է իրականացվել Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարել է Ժոլին։

Նա ընդգծել է՝ քանի որ նշում են Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակը, որը նախորդել է ԵԱՀԿ հիմնադրմանը, պետք է շարունակել պայքարել ատելության, ժխտողականության, ծայրահեղականության դեմ և պաշտպանել Կանադայի արժեքները ներսում և դրսում։

Ժոլին իր գրառումը եզրափակել է հայերեն «Հիշում ենք և պահանջում» գրությամբ։

Արցախցիների ընտանիքների մեջ արհեստական տարբերակում է դրվել․ ի՞նչ է փոխվել կարգավիճակի մեջ

Ապրիլի 22-ից մեկնարկել է Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում դիմումների ընդունումը։

Վերջին ժամանակաշրջանում արցախահայության շրջանում այդ թեման դարձել էր քննարկումների բուռն առարկա։ ՀՀ կառավարության որոշումը մարդիկ համարում են անարդար և սխալ։ Սոցիալական խնդիրների մեջ խրված, տուն ու տեղ կորցրած մարդկանց համար հասկանալի չէ նման մոտեցումն արցախցիների հանդեպ։ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների մեջ տարբերակում է դրվել, այն էլ այն դեպքում, երբ զգալի մասը բնակվում է վարձակալած բնակարաններում։

Երեկվանից սոցիալական ցանցերում արցախցիներն իրենց վրդովմունքն են հայտնում, միաժամանակ նշում, որ դիմումները չեն ընդունվում, տվյալների նույնականացնում չի կատարվում։

-Երկու թոշակառու մարդիկ ենք։ Մեր վարձակալած տան գումարը 150000 դրամ է։ Ստանում ենք մոտ 110000 դրամ կենսաթոշակ։ Ըստ ծրագրի՝ երկուսս միասին կստանանք նաև 40 հազար դրամ, որը հետագայում կնվազի։ Այսինքն բնակվարձը վճարելուց հետո, մեր ձեռքին կմնա ընդամնեը 40 հազար դրամ։ Ինչպես պետք է կոմունալ ծախսեր վճարենք, սնվենք, դեղորայք գնենք։

-Ինչո՞ւ եք անարադար որոշում կայացրել, ի՞նչ է փոխվել մեր կարգավիճակում, որ մեզ զրկում եք միակ սոցիալական աջակցությունից։ Ինչո՞ւ եք ավելի բարդացնում մեր կյանքը։

-Ճիշտ կլինի չդիմել, նվաստացուցիչ է։

-Նախարարությունը պետք է մեկ կետ ևս ավելացնի՝ բնակվարձի գումարը։

-Արցախը, մեր տունն ու տեղը տվեք մեզ, ուրիշ ոչինչ հարկավոր չէ։

-Արցախից բռնի տեղահանվածների համար իբրև լրացուցիչ, բայց իրականում ՀՀ-ում ապրելու հնարավորությունից զրկելու ծրագիր է դա։

-Մի՞թե չեք հասկանում, որ անտրամաբանական ու անմարդկային որոշում եք կայացրել։ Չե՞ք հասկանում, որ մարդկիկ շուտով դրսերում են հայտնվելու։

-ՀՀ կառավարությունը պետք է առաջնահերթություն տա արցախահայության սոցիալական խնդիրների լուծմանը։

-Անտուն, սոված մարդիկ․․․ Սա դեռ սկիզբն է։ Վատթարագույնը առջևում է։ Եթե խելամիտ որոշում չկայացվի, մարդիկ կկանգնեն անդունդի եզրին։

-Տեղահանված արցախցիները բոլորն էլ կարիքավոր են։ Բոլորն էլ ապրում են ծանր պայմաններում, մի կերպ գոյատևում։ Արցախցիների մի մասը պարզապես չի դիմանում և չի կարողանում համակերպվել ամոթալի ու նվաստացուցիչ վիճակին՝ դա են վկայում մահացության բազմաթիվ դեպքերը։

-Քանի դեռ արցախցիներն ապահովված չէն բնակարաններով, բնակաջակցության ծրագիրը պետք է շարունակական լինի բոլորի համար։

Նմանատիպ բազմաթիվ մտահոգություններ ու դժգոհություններ են բարձրաձայնվում արցախցիների կողմից։ Բոլորն էլ այն կարծիքին են, որ ՀՀ Կառավարության որոշումն անարդար է, և այն պետք է անպայման վերանայվի։ Արցախցիներն այն կարծիքին են, որ աջակցության ծրագիրը պետք է գործի անխտիր բոլորի համար․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Սպասելով Պուտինի և Թրամփի ուղերձներին. Առանց Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման չի լինի Ուկրաինայի և Պաղեստինի հիմնախնդիրների լուծում

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ համաշխարհային առաջնորդները շարունակում են ուղերձներ հղել։ Դեռ չկա Թրամփի ուղերձը, թեև Ուկրաինայի և Պաղեստինի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը կարող է վեկտոր դառնալ։ Առանց 2020 թվականի Արցախում Հայաստանի դեմ պատերազմի Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա չէր լինի։ Առանց Հայոց ցեղասպանության հարցը լուծելու, որի վերջին գործողությունը եղել է Արցախի օկուպացիան և բնիկ բնակչության տեղահանությունը, ուկրաինական և պաղեստինյան խնդիրները չեն կարող լուծվել։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը իր հայատառ գրառման մեջ նշել է. «110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»։

Թուքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին «զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը», այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին հղած իր ուղերձում, փոխանցում է Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» թերթը։

Իր ուղերձում Էրդողանը պնդում է՝ «անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան»։

«Նրանք, ովքեր փորձեցին խարխլել մեր միջև խորը արմատներ ունեցող և ամուր կապերը՝ պատմությունից թշնամանք ստեղծելով, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին», – առանց փակագծեր բացելու հայտարարում է Հայոց ցեղասպանության փաստը ժխտող Թուրքիայի առաջնորդը։

Հայաստանում ԵՄ առաքելությունը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրեց, ապա հանեց «Ցեղասպանություն» բառը։ Նախ «X» սոցիալական ցանցը տեղադրել է հետևյալ հաղորդագրությունը՝ «Այսօր՝ ապրիլի 24-ին, հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին», որից հետո արտահայտությունը փոխարինվել է «ի հիշատակ 1915-1923 թթ. զոհերի” բառերով։

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը։ Ռուսաստանում Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալվել է որպես սեփական ցավ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Պատմական վկայությունների համաձայն՝ 1915թ. Ռուսական կայսերական բանակի կովկասյան բանակը Նիկոլայ II-ի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը՝ փրկել է ոչ պակաս, քան 350 հազար հայի»,- նշել է դիվանագետը։

Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվայի դիրքորոշումն այս իրադարձությունների վերաբերյալ մնում է անփոփոխ և հիմնված է հումանիստական ​​սկզբունքների վրա։ Արդեն 1915 թվականին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ, միջազգային հանրության ամենախոշոր մասնակիցները տեղի ունեցողը որակեցին որպես «հանցագործություն մարդկության դեմ»։

«Ժամանակակից Ռուսաստանը առաջին երկրներից մեկն էր, որը պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: 1995-ին և 2005-ին Պետդուման ընդունեց 1915-1922 թվականներին հայերի բնաջնջումը դատապարտող բանաձևեր: 2015-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելեց Հայաստան և մասնակցեց հայ ժողովրդին հարգանքի տուրք մատուցելու արարողությանը», նշել է նա։

Հիշեցնենք, որ 2015 թվականին Պուտինը միակ երկրի ղեկավարն էր, ով Ցեղասպանության 100-րդ տարելիցին այդպես էլ չէր արտասանել «ցեղասպանություն» բառը։

Ի՞նչ է փոխվել Ռուսաստանի դիրքորոշման հետ, եթե որ Զախարովան հպարտորեն խոսում է Ռուսաստանի կողմից ցեղասպանության եռակի ճանաչման մասին։ Արդյո՞ք սա հիշեցնում է Թուրքիային Կարսի պայմանագրի մասին, և որ Թուրքիայի ներկայիս սահմաններն այժմ կախված են Հայաստանի դիրքորոշումից, որը ցանկացած պահի կարող է փոխվել ոչ թե Թուրքիայի, այլ Ռուսաստանի օգտին:

«Վլադիմիր, կանգ առ»։ – Կիևին հրթիռային հարվածից հետո Թրամփը հանկարծ դիմեց Պուտինին

Ապրիլի 25-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային հրթիռային և անօդաչու սարքերի հարվածներ է հասցրել Կիևին և Ուկրաինայի մի շարք շրջաններին։ Առնվազն ութ մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են, այդ թվում՝ երեխաներ։ Սա ամսվա սկզբից ի վեր երրորդ ամենախոշոր գնդակոծությունն է և 2024 թվականի հուլիսից ի վեր մայրաքաղաքում զոհերի թվով ամենամահաբերը։

Հաջորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ ուղերձ է հրապարակել The Truth Social-ում.

«Ես դժգոհ եմ Կիևին ռուսական հարվածներից: Սա անհարկի է և չափազանց ժամանակավրեպ: Վլադիմիր, ԿԱՆԳ ԱՌ, ամեն շաբաթ 5000 զինվոր է մահանում: Եկեք արդեն խաղաղության պայմանագիր կնքենք»:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կոչ է արել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիից չսպասել ագրեսոր երկրի հետ հրադադարի, քանի դեռ նրա մայրաքաղաքը շարունակվում է ռմբակոծվել։ «ԱՄՆ-ի զայրույթը պետք է ուղղված լինի մեկ անձի՝ Պուտինի վրա», – ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է ստիպի Կրեմլի բռնապետին, ով խոսում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում խաղաղության իր ենթադրյալ ցանկության մասին՝ միաժամանակ շարունակելով ռմբակոծել Ուկրաինան, դադարեցնել ստելը։ Եթե ​​Ռուսաստանը մերժի հրադադարի առաջարկները, ապա պետք է բախվի հետեւանքների հետ։

Ֆրանսիայի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ամերիկյան դիվանագիտության ջանքերի համար՝ միաժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանը մնում է միակ ագրեսորը Ուկրաինայի դեմ պատերազմում։

Ապրիլի 24-ին Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ համատեղ մամուլի ասուլիսում Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ ցանկացած խաղաղ բանակցությունների առաջին քայլը պետք է լինի ամբողջական և անվերապահ զինադադարը։ Ռուսաստանը դեռ համաձայն չէ սրան։

Ես տեսել եմ, ինչպես են տարել Արցախի ղեկավարությանը․ Շահրամանյան

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պատասխանելով մեղադրանքներին, թե ինչպե՞ս եղավ, որ դուք ուղաթիռով եկաք, իսկ մյուսներին թողեցիք, որ մնան գերևարվեն, ասաց. «Ես ամենավերջում եմ դուրս եկել, այդ թվում գերեվարվելուց հետո: Ես Արցախում էի, երբ Արցախի նախկին նախագահներին ձերբակալեցին: Ես տեսել եմ, ինչպես են նրանց տարել»:

Նա չցանկացավ այդ մասին ավելի մանրամասն խոսել. «Այս պահին կան գործընթացներ, որոնց մենք չենք ուզում խոչընդոտել կամ վնասել մեր հայտարարություններով: Այդ մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի բանտերում, հենց առաջին օրվանից, որ մենք հարց ենք բարձրացրել, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը և խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից: Այդ մարդիկ մնալով որպես կենդանի պատանդ, ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրս բերումը»:

Շահրամանյանը պնդեց, որ հնարավորություն չկար բանակցություններով հասնել նրան, որ նախկին նախագահները և մյուսները չգերեվարվեն:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Արցախի Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը չցանկացավ պատասխանել Factor.am-ի լրագրողի հարցին, այն մասին, որ ըստ շրձանառվող լուրերի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նրա տնից է գերեվարվել։

Ռուսաստանը խաղաղապահների մուտքն Ուկրաինա կընկալի որպես ագրեսիա և միջուկային զենք կկիրառի

Օտարերկրյա զորքերի՝ որպես խաղաղապահների ներմուծումը «Ռուսաստանի պատմական տարածքներ» կարող է հանգեցնել Մոսկվայի և ՆԱՏՕ-ի ուղղակի բախման, իսկ հետո՝ երրորդ համաշխարհային պատերազմի. «Եվրոպայում խելամիտ քաղաքական գործիչները» հասկանում են դա, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար և պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուն։

«2024 թվականի նոյեմբերին փոփոխություններ են կատարվել միջուկային զսպման ոլորտում Ռուսաստանի Դաշնության պետական ​​քաղաքականության հիմունքներում, որոնց համաձայն Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք իր կամ Բելառուսի Հանրապետության դեմ ագրեսիայի դեպքում, այդ թվում՝ սովորական զենքի կիրառմամբ»,- հիշեցրել է Շոյգուն։

Նախկին նախարարի խոսքով՝ «խաղաղապահներ» բառն օգտագործվում է «իրական նպատակները թաքցնելու համար, այն է՝ վերահսկողություն Ուկրաինայի տարածքի և նրա ռեսուրսների նկատմամբ։ Ավելի ճիշտ կլինի նման կոնտինգենտին անվանել զավթիչ կամ օկուպանտ»,- կարծում է նա։

Շոյգուն նաև նշում է, որ Ռուսաստանը դեմ է եղել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությանը դեռևս ռազմական գործողությունների սկսվելուց առաջ, և հատուկ գործողությունը «սկսվել է հիմնականում այդ սպառնալիքի պատճառով՝ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Ուկրաինայում՝ մեր պատմական տարածքում», – ասում է նա։

Ինը գլխավոր հայցվորներ Սուրբ Աթոռին

ВВС

Մայիսին Վատիկանում տեղի կունենա կոնկլավ՝ ավելի քան 100 կարդինալներ կորոշեն, թե ով է դառնալու հաջորդ Պապը։ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է կաթոլիկ եկեղեցու ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուների մասին։

Տեսականորեն Հռոմի կաթոլիկ եկեղեցում մկրտված ցանկացած տղամարդ կարող է Հռոմի պապ դառնալ։ Սակայն 1378 թվականից ի վեր միայն կարդինալներն են ընտրվում որպես պոնտիֆիկոսներ (իսկ կարդինալներն իրենց հերթին ընտրվում են ներկայիս պապի կողմից)։

Պոնտիֆիկոսի ընտրության հարցում կարևոր դեր է խաղում թեկնածուի հայրենիքը։ 266 պապերից ճնշող մեծամասնությունը՝ 217-ը, իտալացիներ էին։

BBC-ն պատմում է Հռոմեական եկեղեցու ղեկավարի 9 հիմնական թեկնածուների մասին:

2020-2023թթ Արցախում տեղի ունեցածը նույն ցեղասպանական ծրագրերի շարունակությունն է 21-րդ դարում

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել։

«1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենաբարբարոսական հանցագործություններից է, որի նպատակն էր հայ ժողովրդի ամբողջական ոչնչացումը։

Ցավոք, այդ հանցագործությունը մինչ այսօր անպատիժ է, ինչի պատճառով այն դարձել է նախադեպ նոր ցեղասպանական գործողությունների համար։

2020-2023թթ Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները, հյուծիչ շրջափակումը, բռնի տեղահանությունն ու վայրագությունները ադրբեջանական իշխանությունների կողմից նույն ցեղասպանական ծրագրերի շարունակությունն են 21-րդ դարում։ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները՝ Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները և հայ ժողովրդի պատմական ներկայության վերացումը համապատասխանում են ցեղասպանության միջազգային իրավական սահմանմանը։

Միջազգային հանրությունը պարտավոր է համարժեք իրավական ու քաղաքական գնահատական տալ այդ գործողություններին ՝ արձանագրելով դրանց համապատասխանությունը ցեղասպանության համապարփակ սահմանմանը։ Ցեղասպանությունը լռությամբ ընդունելը հանցավոր անտարբերություն է, անպատիժ ցեղասպանությունը՝ նոր ցեղասպանության հրավեր։

Ցավոք, որ այս իրականության մեջ անհասկանալի ու անբացատրելի են նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը։ Ցեղասպանության դատապարտումը և մեղավորին պատասխանատվության կանչելը հետագա ցեղասպանությունների կանխման գրավականներից են, որոնք, իհարկե, չեն փոխարինում պետության պարտադիր ուժեղ անվտահգության համակարգին և հեռատես ներքին ու արտաքին քաղաքականությանը”։

Բաքուն «բացատրել է» Խոզնավարի ու Խնածախի գնդակոծությունները

Խոզնավար

«Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է բնակելի շենք։ Զոհեր և վիրավորներ չկան։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել միջադեպը և հրապարակային պարզաբանումներ տալ”, ասված է ՊՆ հայտարարության մեջ։

Նիկոլ Փաշինյանը ևս պարզաբանում է պահանջել։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշել է․ “Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը (դրոշների վառումը), այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։ Միեւնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը եւ հանդես գալ պարզաբանումներով”։

Բաքվի պաշտպանության նախարարությունը «պարզաբանել է», որ չի գնդակոծում խաղաղ բնակիչներին՝ հայկական կողմին մեղադրելով ապատեղեկատվության և միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու մեջ։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ եվրոպացի դիտորդները Խոզնավարում և Խնածախում արձանագրել էին տների և հասարակական շենքերի գնդակոծման առնվազն երկու դեպք։

Հայ ժողովուրդը չի հրաժարվում իր արդար պահանջներից

Հայերը ցեղասպանության 110-րդ տարելիցը նշում են առանձնահատուկ իրավիճակում՝ մարդիկ պահանջ են ներկայացնում ոչ թե աշխարհին, այլ սեփական իշխանություններին՝ չժխտել ցեղասպանությունը, այն չհամարել «խոչընդոտ» հարաբերություններ հաստատելու համար Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնք դեռ շարունակում են իրենց ցեղասպանական գործողությունները։

Որպես իր «խաղաղ օրակարգի» մաս՝ Հայաստանի ղեկավարությունը, չժխտելով Ցեղասպանությունը, կոչ է անում նայել ոչ թե անցյալին, այլ ապագային՝ հրաժարվելով հայկական պատմական հողերից, որտեղից վտարվել են իրենց իսկական տերերը։

Բայց հողերի գրավումն ու հայաթափումը բավարար չէ. այժմ Բաքուն, Անկարան և Մոսկվան պահանջում են փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը և դրանից հանել Անկախության հռչակագրի հիշատակումը, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը և ցեղասպանության հետևանքների վերացման մասին կետը։

Բայց երեկ և այսօր Երևանում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այն մասին, որ Սահմանադրությունը փոխելու Հայաստանի իշխանության փորձերը հանդիպելու են հայ ժողովրդի ամուր պատին։

Հայաստանի իշխանությունների ակնարկները, թե հանուն ապագա «խաղաղության» հայերը պետք է համաձայնվեն իրենց արմատները կտրել, հայ հասարակության մեջ խուլ տրտունջ է առաջացրել, որն իրեն դրսևորեց երեկ երևանյան բազմահազարանոց ջահերով երթի ժամանակ, որի մասնակիցների թիվն անհամար էր։

Երթի մասնակիցներն այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, այնուհետև գնացել Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղիկներ են դրել և բարձրացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները։

Հրապարակում բարձրացվել են այն քաղաքների ու գյուղերի անուններով ցուցապաստառներ, որտեղից վտարվել են հայերը, այդ թվում՝ արցախցիները։

“2023 թվականի սեպտեմբերին Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված և իրենց բնօրրանից բռնի տեղահանված 140 հազարից ավելի արցախցիների հետ տեղի ունեցածը շարունակությունն է մեկ դար առաջ իրականացված և չդատապարտված ցեղասպանության: Օսմանյան կայսրության օրինակով Ադրբեջանն այսօր Արցախում հետևողականորեն ոչնչացնում է հայկական հետքը՝ հազարամյակների հոգևոր-մշակութային ժառանգությունը, խեղաթյուրում պատմությունը”, ասված է Սերժ Սարգսյանի ուղերձի մեջ:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշել է․ “Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը (դրոշների վառումը), այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելեւս հարեւան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է։ Միեւնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը եւ հանդես գալ պարզաբանումներով”։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, նշելով, որ “Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մարդիկ, բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության մի զգալի մասը”:

Հայոց ցեղասպանության նման ոճրագործությունները կանխելու հրամայականի գիտակցումն էր նաև, որ հանգեցրեց Ցեղասպանության հանցագործությունն իրավաբանորեն սահմանելու անհրաժեշտությանը, որը դրսևորվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» 1948 թվականի ՄԱԿ կոնվենցիայի ընդունմամբ:

Նիկոլ Փաշինյանի ուղերձում նշված է, որ  Օսմանյան Կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խորը հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու եւ գիտակցության մեջ, Հայաստանի շատ քաղաքացիների համար ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլեւ ընտանեկան, անձնական ողբերգություն է։

“Այս ողբերգությունը վերապրելը վերջին ավելի քան մեկդարյա մեր ազգային օրակարգի առանցքային հարցերից է, անկախ նրանից, թե որքանով է ձեւակերպված եղել որպես այդպիսին։ 

Այս օրակարգի շուրջ Կառավարության եւ անձամբ իմ մտորումներն ու մտածումները հանգում են հետեւյալին․ զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության առհավատչյան։

Պետություն եւ պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարեւանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր եւ ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը”։

Այսօր Ծիծեռնակաբերդի մուտքի բացումից հետո միլիոնավոր մարդիկ շարժվեցին դեպի հուշարձան՝ երդվելու, որ թույլ չեն տա մոռացության մատնել և առևտուր անել ազգային հիշողության հետ։