«ՄԱԿ-ի 4 բանաձեւերից ոչ մեկում արձանագրված չէ, որ Արցախն Ադրբեջանի տարածք է». քննարկում

«ՄԱԿ-ի 4 բանաձեւերից ոչ մեկում արձանագրված չէ, որ Արցախն Ադրբեջանի տարածք է»,- այսօր «Ատելության խոսքը Ադրբեջանում. հայատյաց հռետորաբանության դրսևորումներն ու նպատակները» թեմայով զեկույցի ներկայացման ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Մենք նույն այդ բանաձեւերը մեկնաբանում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է, որ Արցախի անկախության ինքնահռչակումը համապատասխանել է միջազգային իրավունքին։ Ինչո՞ւ ենք այդպես մեկնաբանում․ մինչեւ 1990-ական թվականների այդ բանաձեւերի ընդունումը, տարբեր հակամարտություններ հայտնվել են ՄԱԿ-ի ԱԽ սեղանին, եւ այդ ընթացքում ՄԱԿ-ը փորձել է հասկանալ՝ արդյոք անկախության հռչակումը խախտե՞լ է միջազգային իրավունքը, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը։ Եվ երբ արձանագրել է, որ խախտում կա, օգտագործել է մի հզոր գործիք, որը կոչվում է կոլեկտիվ չճանաչման պահանջ։ Հիմա հարց՝ ինչո՞ւ Արցախի հարցը քննարկելիս, երբ այս գործիքը շատ հայտնի էր անվտանգության խորհրդին եւ բազմաթիվ դրվագներով կիրառություն ուներ, այդ մասին չգրվեց։ Ինչո՞ւ Անվտանգության խորհուրդը չնշեց, որ Արցախի ինքնահռչակումը եղել է անվավեր, որն արգելում է որեւէ պետության՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես ինքնուրույն պետություն։ Մի պարզ պատճառով՝ աշխարհին ընկալելի ու հասկանալի էր, որ այս դեպքում գոյություն ունի ինքնորոշման իրավունք»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ այդ հակամարտության լուծման նպատակով էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լեգիտմացրեց արդեն իսկ ձեւավորված ԵԱՀԿ Մինսկի խումբը, այն ակնկալիքով, որ հարցն ունենալու է իր խաղաղ լուծումը:

Reuters. Պուտինը պատրաստակամություն է հայտնել ուղիղ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր առաջին անգամ Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է երկկողմ բանակցություններ վարել Կիևի հետ։ Զելենսկին միաժամանակ ասել է, որ ցանկանում է որոշ ժամանակով երկարացնել քաղաքացիական օբյեկտներին հարվածների մորատորիումը, հայտնում է Reuters-ը։

Երեկ ուշ երեկոյան Զելենսկին իր ամենօրյա տեսաուղերձում չպատասխանեց Պուտինի նախաձեռնությանը, բայց միևնույն ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է քննարկել քաղաքացիական օբյեկտներին հարվածները դադարեցնելու հարցը։

Անցյալ շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտը հասկացրեց, որ եթե բանակցային գործընթացում առաջընթաց չլինի, Վաշինգտոնը դուրս կգա համաձայնագրից։

Նախօրեին Պուտինը քարոզիչների հետ զրույցում հայտարարել էր, որ «Զատկի զինադադարն» ավարտվել է։ Սակայն Մոսկվան բաց է ցանկացած խաղաղ նախաձեռնության համար և Կիևից պատասխան է ակնկալում։ «Մենք հուսով ենք, որ Կիևի ռեժիմի ներկայացուցիչները նույնը կզգան»,- ասել է Պուտինը քարոզիչ Զարուբինին։

Ավելի ուշ մամուլին տված հարցազրույցում Պեսկովը հաստատել է նաև Կիևի հետ բանակցելու Պուտինի պատրաստակամությունը։ «Երբ նախագահն ասաց, որ հնարավոր է քննարկել քաղաքացիական օբյեկտներին չհարվածելու հարցը, այդ թվում՝ երկկողմանի, նախագահը նկատի ուներ բանակցություններ և քննարկումներ ուկրաինական կողմի հետ»,- ասել է Պեսկովը։

2022 թվականից ի վեր Կիևի և Մոսկվայի միջև ուղղակի բանակցություններ չեն եղել։ Արդեն չորեքշաբթի՝ ապրիլի 23-ին, Լոնդոնում տեղի կունենա ամերիկյան պատվիրակության հանդիպումը ԵՄ-ի և Ուկրաինայի իր դաշնակիցների հետ՝ Ռուսաստանի Դաշնության հետ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ։

Դավիթ Մելքումյան. Հարությունյանին ոչ ոք պաշտոնանկ չի արել, Արցախն էլ չի հրաժարվել բանակցություններից

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց այն պնդումները, թե Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ, և որ Արցախի ղեկավարությունը մերժել է Բաքվի հետ բանակցելու առաջարկները, որոնք առաջ էին քաշվել ադրբեջանական ագրեսիայից և արտագաղթից քիչ առաջ։ Ինքը՝ Մելքումյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանի հետ սեպտեմբերին Եվլախում բանակցել է ադրբեջանցիների հետ, բայց արդեն սեպտեմբերի 19-20-ի մարտական գործողություններից հետո։

Ըստ Մելքումյանի` բոլորը դեմ են եղել Հարությունյանի հրաժարականին։ Նրա հեռանալը չեն ցանկացել ո՛չ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, որոնք, ինչպես Հարությունյանը, այսօր գտնվում են Բաքվի բանտում, ո՛չ էլ որևէ քաղաքական գործիչ` չնայած բոլորն ասում էին, որ հենց ունենանք բարենպաստ պայմաններ, պետք է կազմակերպենք նոր ընտրություններ։

«Հրաժարականի բոլոր պրոցեսները գեներացնում էր Արայիկ Հարությունյանը, և մի օր լսում ենք, որ հրաժարականը ստորագրել է։ Մենք դա իմացել ենք պոստ ֆակտում: Եվ որպեսզի 9 ամիս բլոկադայից հետո առանց այն էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկիրը չթողնենք առանց նախագահի, մենք բոլորս ստիպված էինք գնալ այդ քայլին»,– ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ լայնածավալ ագրեսիայից առաջ Ադրբեջանի հետ այս կամ այն ձևով անընդհատ բանակցություններ են ընթացել։ Դրանք վարել են և՛ Արայիկ Հարությունյանը, և՛ ռազմաքաղաքական ղեկավարության մի շարք այլ ներկայացուցիչներ, օրինակ՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Ադրբեջանի հետ բանակցել է նաև Հայաստանը։

Ինչ վերաբերում է Սոֆիա մեկնելու առաջարկին, որին ավելի վաղ անդրադարձել էր նաև Շահրամանյանը, ապա այդ առաջարկն առաջ է քաշվել դեռևս Հարությունյանի հրաժարականից առաջ։ Մելքումյանի խոսքով` Հարությունյանը միակն էր, որի հետ շփվել են Հայաստանի իշխանությունները։

«Այն թեզը, թե Ստեփանակերտը հրաժարվել է Բաքվի հետ բանակցություններից, չի համապատասխանում իրականությանը։ Եղել է հանդիպման առաջարկ, որը Լեռնային Ղարաբաղը չի մերժել, թեև ասել է, որ ինքն էլ առաջարկներ ունի։ Լեռնային Ղարաբաղի դիրքերն այնքան ուժեղ չէին, որ Ստեփանակերտը կարողանար մերժել բանակցությունների առաջարկները։ Եվ պետք է ասեմ, որ այդ բոլոր քննարկումները, այդ ամբողջ գործընթացը տեղի է ունեցել Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ», – հավելեց մեր զրուցակիցը։

Սակայն եթե անգամ ղարաբաղյան պատվիրակությունը մեկներ Սոֆիա կամ այլ տեղ, ապա անհնար է պատկերացնել, թե Ադրբեջանը կստորագրեր խաղաղության պայմանագիրը և ամեն ինչ տեղը կընկներ։

Մելքումյանը համոզված է, որ դա կլիներ բանակցությունների հերթական իմիտացիան։

«Ի վերջո, մենք համոզվեցինք, թե որն էր Բաքվի նպատակը»,– ասաց նա։

 Բայց մի հարցում նա վստահ է՝ Սամվել Շահրամանյանի քայլերը թույլ տվեցին փրկել տասնյակհազարավոր կյանքեր, զինվորականների և քաղաքացիական անձանց։ Իշխանությունների գործողությունների արդյունքում հաջողվեց կազմակերպել համեմատաբար անվտանգ տարհանում։

Թուֆենկյան հիմնադրամի առաջարկը․ տներ Տաթևում սերտիֆիկատների շրջանակներում

Lianna Petrosyan-ը գրում է․ 

Ապրիլի 21-ին տեղի է ունեցել հանդիպում Թուֆենկյան հիմնադրամի ներկայացուցիչներ՝ Հիմնադրամի տնօրենի օգնական և ծրագրերի ղեկավար Մեդինա Հովհաննիսյանի, Հիմնադրամի ծրագրերի ղեկավար Հակոբ Իփճեանի և «Եկ Սվարանց» ծրագրի կոորդինատոր Մարինե Հակոբյանի հետ։

Հանդիպմանը ներկայացվել է Թուֆենկյան հիմնադրամի կողմից իրականացվող «Եկ Սվարանց» ծրագրի մանրամասները, ծրագրին դիմելու կարգը, առավելություններն ու հնարավորությունները։

Սվարանցը գտնվում է Սյունիքի մարզի Տաթև համայնքում, որտեղ դպրոցին հարակից տարածքում Հիմնադրամը կառուցում է ժամանակակից չափանիշներին համապատասխան 20 նոր առանձնատուն։

Յուրաքանչյուր տուն կունենա 1000 քմ ցանկապատված հողամաս, որը հարմար կլինի բանջարանոցներ մշակելու, պտղատու ծառեր տնկելու, ինչպես նաև թռչուններ, մանր և խոշոր եղջերավոր անասուններ և այլ ընտանի կենդանիներ պահելու համար։

Բնակելի տան հետ մեկտեղ յուրաքանչյուր ընտանիք հիմնադրամի կողմից անվճար կստանա գյուղատնտեսական մեկնարկային աջակցություն, տնային կահավորման համար՝ կահույք, արևային ջրատաքացուցիչներ, փայտայրիչ վառարաններ և վառելափայտ, ինչպես նաև հնարավորություն գյուղատնտեսական, ձեռնարկատիրական հմտություններ սովորելու համար և ստանալու փոքր դրամաշնորհային ծրագրերի միջոցով աջակցություն:

Տները պատրաստ կլինեն շահագործման 2025թ. հոկտեմբերին։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության կողմից հաստատված Բնակապահովման աջակցության ծրագրի հավաստագրերի՝ սերտիֆիկատների շրջանակում, ընդ որում՝ նորակառույց տան ձեռքբերման համար շահառու ընտանիքը լրացուցիչ գումար ներդնելու և բանկային քաշքշուկի խնդիր չի ունենա. Տան արժեքի և սերտիֆիկատի տարբերությունը կհատուցի Թուֆենկյան հիմնադրամը։

Ծրագրի բոլոր մանրամասներին տեղեկանալու համար կարող եք կապ հաստատել՝ զանգահարելով արցախցիների աջակցության տեղեկատվական կենտրոնի 011-44-44-43 թեժ գծին կամ Թուֆենկյան հիմնադրամի 095-333-392 հեռախոսահամարին։

Արցախցի եղբայրներ Արթուր և Աշոտ Պողոսյանները Գրապլինգում դարձան Ֆրանսիայի չեմպիոն

Ապրիլի 20-ին արցախցի եղբայրներ Արթուր և Աշոտ Պողոսյանները Գրապլինգում (ըմբշամարտ) դարձան Ֆրանսիայի չեմպիոն։ Ավելին, Աշոտը դարձավ կրկնակի չեմպիոն, քանի որ նախօրեին խառը մենամարտերի (MMA) մրցումներում գրավել էր առաջին տեղը։

Եղբայրները ծնվել են Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում։ Մանկուց զբաղվել են սպորտով։ Մարզվել են արցախցի հայտնի մարզիչների հետ։ Չեմպիոնների հայրը Արցախի հերոս Արմեն Պողոսյանն է, ով 44-օրյա պատերազմի ընթացքում մյուս քաջարի զինվորների հետ մինչև վերջ կռվել է հայրենի Քարին տակի համար։

2020 թվականից հետո Պողոսյանների ընտանիքը հարյուրավոր արցախցիների նման ստիպված եղավ արտագաղթել արտերկիր։ Նրանք այժմ ապրում են Ֆրանսիայում։

Շնորհավորում ենք տղաներին հաղթանակի կապակցությամբ և մաղթում հետագա հաջողություններ և նորանոր հաղթանակներ՝ արդեն Արցախի դրոշի ներքո։

Արսեն Աղաջանյան

Գորիսում սոցիալական բնակարանները կտրամադրվեն ապրիլի 26-ին, այդ թվում արցախցիներին

Վերջերս արցախահայության մեջ ավելի շատ են քննարկվում սոցիալական խնդիրները, առանձնապես ցավոտ է բնակարանային ապահովման հարցը։ Արցախցիների զգալի մասը գտնում է, որ ՀՀ Կառավարության բնակապահովման ծրագիրը ձախողված է և բազմաթիվ ընտանքիների համար հասանելի չէ։

Սոցիալական ցանցերում, ինչպես նաև հանրային քննարկումների ժամանակ արցախցիները բարձրաձայնում են իրենց մտահոգությունների մասին և հարցի լուծումը տեսնում սոցիալական բնակարաններով ապահովվելու մեջ` օրինակ բերելով Գորիս քաղաքում կառուցված սոցիալական բնակարանները։

Գորիսում արդեն ավարտվել են 18 բնակարանանոց բնակելի շենքի վերակառուցման աշխատանքները։ 18 ընտանիք շուտով կունենա հարմարավետ և ժամանակակից բնակարաններ։

Գորիս համայնքում կատարվում է և՛ բնակֆոնդի բարելավում, և՛ սոցիալապես խոցելի ընտանիքների կենսապայմանների բարելավում։

Ապրիլի 26-ին բնակարանների բանալիները կհանձնվեն շահառուներին, որոնց թվում կան նաև Արցախից բռնատեղահանված ընտանիքներ։

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Step1.am-ի հետ զրույցում ասաց, որ սոցիալական բնակարանները կառուցվել են համայնքային միջոցներով և ACTED կազմակերպության աջակցությամբ։ Բնակարանները կահավորվել են UNDP in Armenia միջազգային կազմակերպության շնորհիվ։

Շահառուների թվում են Արցախից բռնատեղահանված 3-4 ընտանիք։ Օրերս նրանց հետ հանդիպել են տարբեր բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք արցախցի ընտանիքներին առաջարկել են կենցաղային տեխնիկա և այլ պարագաներ։

Սոցիալական բնակարանների կառուցման ծրագիրը Գորիս քաղաքում կլինի շարունակական։ Արցախցիները կարծում են, որ Գորիսում սոցիալական բնակարաններ կառուցելու ծրագիրը կարող է օրինակ հանդիսանալ և իրագործվել նաև ՀՀ տարբեր մարզերում, որտեղ առկա են խորհրդային տարիներից ժառանգություն մնացած բազմաթիվ չօգտագործվող շենքեր ու շինություններ։

Սոցիալական նման բնակարաններն առավել անհրաժեշտ են 1-3 հոգանոց բռնատեղահանված արցախցի ընտանիքների համար, որոնք չեն կարող տրամադրվող հավաստագրերով տուն ձեռք բերել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Այսօր արցախցիների վրան-շտաբ են այցելել գերմանացի իրավապաշտպաններ

Այսօր Ազատության հրապարակում տեղադրված արցախցիների վրան են այցելել գերմանացի իրավապաշտպաններ։ Նրանք Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներին ասել են, որ միջազգային հանրությունը լավ տեղեկացված չէ արցախցիների խնդրի մասին։

«Մեզ համար հասկանալի է, թե ինչու նրանք այդքան ինֆորմացված չեն։ Սա եւս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանի քաղաքական կուրսը չի ներկայացնում արցախցիների խնդիրները միջազգային հարթակներում»,- հանդիպումից հետո լրագրողներին ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Նա նշեց, որ գերմանացի իրավապաշտպանների հետ խոսել են արցախցիների խնդիրների մասին։ «Նրանք որոշակի ինֆորմացիա ունեին, մենք եւս տրամադրեցինք տեղեկություն 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցած խոշտանգումների դեպքերի մասին։ Նրանք խոստացել են միջազգային հարթակներում բարձրացնել արցախցիների իրավունքներին առնչվող բոլոր խնդիրները»,- ասաց նա։

Նժդեհ Իսկանդարյանի խոսքով՝ գերմանացի իրավապաշտպանների հետ խոսել են նաեւ արցախցիների հավաքական վերադարձի հարցի մասին։ «Նրանք հետաքրքրվել են՝ իսկ ինչո՞ւ Հայաստանի այսօրվա վարչապետը ու կառավարությունը միջազգային հարթակներում չեն բարձրացնում արցախցիների խնդիրները։ Նույնիսկ մեզ համար անհարմար էր, չգիտեինք՝ ինչ ասել, երբ եվրոպացի մարդիկ հետաքրքրվում են մեր խնդիրներով»,- հավելեց Նժդեհ Իսկանդարյանը։

Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ ԵԱ-ի կրկնակի ոսկե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը կրկին լավագույնն է ԵԱ-ում:

Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնության գերծանր քաշային տղամարդ ծանրորդների պայքարում Վարազդատ Լալայանը պոկեց 200 կգ ու 210 կգ: Այս վարժությունում նա առաջին տեղում է: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 240 կգ: Այս վարժությունում նա կրկին առաջինն էր:

Երկամարտի 450 կգ արդյունքով` Վարազդատ Լալայանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է:

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը, Աննա Ամրոյանը ու Լիանա Գյուրջյանը դարձել են Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ: Տղամարդկանց պայքարում Գարիկ Կարապետյանը դարձել է ԵԱ-ի չեմպիոն, արծաթե մեդալ են նվաճել Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանն ու Դավիթ Հովհաննիսյանը բրոնզե մեդալակիրներ են:  

Խոզնավարի տան տանիքին ադրբեջանցիների կրակոցից արևային ջրատաքացուցիչ է վնասվել

Լարված գիշերներ Սյունիքի Խնածախ և Խոզնավար գյուղերում: Պաշտպանության նախարարությունը հաղորդում է նախօրեին Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական կրակի ու դրա հետևանքով գյուղի տանիքներից մեկում տեղադրված արևային ջրատաքացուցիչի վնասման մասին՝ հրապարակելով նաև լուսանկարներ, որոնցում արձակված պարկուճն է երևում:

«Կարող ա դրանից մի տասը մետր ներքև խփեին, լուսամուտով մտներ տուն, մեկին վնաս տար», – «Ազատության» հետ զրույցում ասաց Խոզնավարի բնակիչը՝ հավելելով. – «Թիրախային չի, պռոստը անկանոն կրակոցներ ա: Բայց էսօր, էս գիշեր ժամը 12-ն շատ ա էղել, մարտի 18-ից ինչ կրակում են, ամենաերկար կրակոցը էղել ա էս գիշեր»:

Խնածախցիները նկատել են՝ ադրբեջանական ուժերը կրակում են նաև այն ժամանակ, երբ գիշերը գյուղում շարժ է լինում, օրինակ՝ երբ լույս է վառվում: Հիմա ստիպված երեկոյան 10-ից հետո տնից դուրս չեն գալիս: Բնակիչներն ահազանգում են՝ եթե այս ամենը շարունակվի, գյուղը կդատարկվի: Շարունակվող կրակոցներից տուժում է նաև բնակիչների ապրուստի հիմնական միջոցը՝ գյուղատնտեսությունը. փոքր ծավալով են աշխատում:

«Բոլորն էլ վախենում են, մարդ կա արդեն ուզում ա դուրս գա … », հայտնում է Ազատությունը։

Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:

Տուժածներ չկան, գրել է Պաշտպանության նախարարությունը։

Արցախցիները վճարում են ինքնորոշմանը միամտաբար հավատալու գինը

Հայկական PR-տեղեկատվական տարածքում նոր նարատիվ է տարածվում. «Եթե չլիներ Ղարաբաղյան շարժումը, Հայաստանը կլիներ Էստոնիայի պես երկիր», «Արցախի և ողջ հայ ժողովուրդը 1988-ին այնքան միամիտ էին, որ հավատացին ժողովրդավարությանը, ինքնորոշման իրավունքին, խորհրդային ինտերնացիոնալիզմին և արդարությանը, և այժմ Արցախի ժողովուրդը վճարում է իր հավատքի համար»։

Սա ասում են ոչ միայն իշխանության մոտ կանգնած լրատվամիջոցները, այլև օտարերկրացիները, ովքեր ընդունում են, որ 1988 թվականին համաշխարհային հանրությունը ողջունեց ղարաբաղյան շարժումը որպես ժողովրդավարական՝ դրանով իսկ ոգևորելով հայերին։ Ստեղծվեց նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը կարգավորման սկզբունքներում ներառեց Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Բայց հետո, երբ Խորհրդային Միությունը հաջողությամբ փլուզվեց, աշխարհը որոշեց, որ ղարաբաղյան շարժման հաղթանակը կարող է ոչնչացնել ողջ համաշխարհային համակարգը։ Այսպիսով, աշխարհում ոչ ոք չի ճանաչել ոչ 1989 թվականին Արցախի և Հայաստանի վերամիավորումը, ոչ էլ 1991 թվականին Արցախի անկախության հռչակումը։

Հիմա Հայաստանում ասում են՝ ինչ եղել, եղել է։ Այո, Օպերայի մոտ միլիոնանոց հանրահավաքներ եղան, եւ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը, այդ թվում՝ «Ղարաբաղ» կոմիտեն, լիովին աջակցում էր Արցախի ժողովրդին։ Նույնիսկ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո Գյումրի ժամանած Գորբաչովին հարց տվեցին Ղարաբաղի մասին։ Այո, հայերի համար, ազգային արժանապատվության զարթոնքի համար դա այնքան կարևոր խնդիր էր, որ շատ հայեր ինքնակամ գնացին կռվելու Ղարաբաղ։

Բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Հայաստանի ներկայիս իշխանությունները Արցախի և Հայաստանի նախկին ղեկավարությանը մեղադրում են “ռուսներին հաճոյանակու համար” / ?/ ղարաբաղյան շարժում սկսելու, թալանելու և բանակը չուժեղացնելու մեջ։ Նախորդ իշխանություններն էլ արձագանքում են, թե այնքան են հզորացրել բանակը, որ 7 տարի իշխանության ղեկին գտնվողները մինչև հիմա չեն կարողանում ոչնչացնել։

Այսպես թե այնպես, պատմությունը հետ չես կարող շրջել, և ակնհայտ է, որ ղարաբաղյան շարժման «սխալության» մասին կործանարար նարատիվը ներմուծվում է ոչ թե հետահայաց էքսկուրսի, այլ հաջորդ «հաքը» նախապատրաստելու համար։

Արցախի ժողովուրդը պետք է մնար Ղարաբաղում և ապրեր Ադրբեջանի կազմում, ասում են Հայաստանի պետական ​​պաշտոնյաները։ Լրագրող Թաթուլ Հակոբյանի կարծիքով, եթե Բաքուն չխոսեր վերջնագրերի լեզվով, արցախցիները կգնային Սոֆիա և կհամաձայնվեին «վերադառնալ» Ադրբեջանի կազմ, և դա լավագույյն լուծումը կլիներ։ Նա գտնում է, որ եթե հնարավորություն կար այնտեղ մնալ նույնիսկ առանց կարգավիճակի, ապա արցախցիները դա պետք է անեին։

Այժմ գալիս է այս «բալետի» երրորդ գործողությունը։ Հենց «խաղաղության պայմանագիրը» ստորագրվի, երկու կողմերն էլ հետ կկանչեն իրենց հայցերը միջազգային դատարաններից, կլուծարեն Մինսկի խումբը՝ որպես հայերի ինքնորոշման միամիտ համոզմունքին միջազգային աջակցության խորհրդանիշ, կկազմակերպեն միասնական տրիբունալ բոլոր նրանց համար, ովքեր սկսել և աջակցել են Շարժումը, և թույլ կտան իրենց տները վերադառնալ այն արցախցիներին, ովքեր պատրաստ են “ապաշխարել”․ որ հավատացել են դեմոկրատիային, Սահմանադրությանը, ինքնորոշման սուրբ իրավունքին և պայքարել են իրենց հայրենիքը ազատագրելու համար։

Facebook-ն այլևս չի արգելափակում Ավոյի նկարներով պրոֆիլները

Facebook սոցիալական ցանցը դադարեցրել է Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի նկարները հրապարակող պրոֆիլների և խմբերի արգելափակումը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ՏՏ փորձագետ Սամվել Հայրապետյանը։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Facebook-ը բազմիցս սահմանափակել է մուտքը օգտատերերի պրոֆիլներ և էջեր, որոնք տեղադրում էին Ղարաբաղյան առաջին պատերազմի հերոսի լուսանկարները։ Ինչպես նշում է Հայրապետյանը, արգելափակումները սովորաբար լինում էին ադրբեջանցի օգտատերերի բազմաթիվ բողոքներից հետո։

Այժմ, ըստ նրա, իրավիճակը փոխվել է՝ էջերն այլևս չեն արգելափակվում, իսկ եթե նկարներն ջնջվում են, ապա սոցցանցի ադմինիստրացիան հաճախ հակաբողոքներ ներկայացնելուց հետո դրանք վերականգնում է։

Հայրապետյանը կոչ արեց օգտատերերին չհրաժարվել Մելքոնյանի լուսանկարների հրապարակումից և արգելափակման դեպքում՝ հետամուտ լինել նյութերի վերականգնմանը։ Նա նշեց, որ այսօր հարվածի տակ կարող է հայտնվել Մոնթեի թեման, իսկ վաղը՝ մյուս հայ հերոսների հիշատակն ու կերպարները։

Վատիկանը հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը վախճանվել է 2025 թվականի ապրիլի 21-ին, Զատիկի երկուշաբթի օրը, 88 տարեկան հասակում, Վատիկանի իր նստավայրում՝ Կասա Սանտա Մարտաում։

Չնայած այն հանգամանքին, որ Կաթոլիկ եկեղեցին մի շարք հիմնարար փոփոխություններ է կրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գլխավորությամբ, նրան զարմանալիորեն հաջողվել է պահպանել ժողովրդականությունը շատ ավելի պահպանողական հայացքների կողմնակիցների շրջանում:

Նա դարձավ առաջին պոնտիֆիկոսը, որը ծնվել է Նոր աշխարհում, Հարավային կիսագնդում և ընդհանրապես Եվրոպայից դուրս։ Սիրիացի Գրիգոր III պապի ժամանակներից ի վեր ավելի քան հազար տարի Սուրբ Աթոռը զբաղեցրել են բացառապես եվրոպական ծագում ունեցող քահանաները։

Բացի այդ, նա դարձավ պատմության մեջ առաջին պոնտիֆիկոսը, ով ընտրվեց ճիզվիտների միջից, ովքեր միշտ որոշակի կասկածանքով էին վերաբերվում հռոմեական աթոռին։