Մեր պատվիրած տաքսու վարորդն Արցախից էր՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից։ Զրույցի բռնվեցինք․ մինչև Արցախի տեղահանությունը ծառայում է ԱՀ ՊԲ շարքերում՝ Հաթերքի գումարտակում։
Հարցին, թե ինչպես են տեղահանվել գյուղից՝ երկար հոգոց հանեց, մտորումների մեջ ընկավ։ Հասկացանք, որ դժվար է խոսել դեռևս շատ թարմ դեպքերից:
-Պատերազմի ավարտից մի քանի օր հետո, երբ եկա գյուղ, այնտեղ արդեն բնակչություն չկար։ Մարդիկ տարհանվել էին, ով ինչպես կարող էր։ Ընտանիքիս օգնել ու իմ մեքենայով գյուղից դուրս է բերել մեր հարևանը։ Գյուղում արդեն ադրբեջանցիներ էին։ Տանից մի քիչ սնունդ վերցրեցի, որ մի քանի օր ընտանիքս կարողանա սնվել։
Զինադադարից հետո մեր գումարտակը չէր կարողանում դուրս գալ։ Միայն ռուս խաղաղապահների օգնությամբ ստացվեց մեր տղաների դուրս բերումը։ Շարասյուն կազմեցինք ու գնացինք մինչև Դրմբոն, որտեղից էլ հասանք Ստեփանակերտ։ Ծանր ճանապարհ էր, երկար․ ճակատագրի բերումով ողջ մնացածներս հույս չունեինք, որ կհասնենք մեր ընտանիքներին։ Հաթերքի գումարտակում 300-ից ավել զինծառայող կար։ Ցավոք, մեկ օր տևած պատերազմում գումարտակը 53 զոհ է ունեցել։
Երբ հասանք Ստեփանակերտ, զանգեցի հարազատներիս, պարզվեց, որ նրանք համագյուղացիների հետ օդանավակայանում են ապաստան գտել։ Ասացին՝ լուր է տարածվել, որ Արցախը պետք է հայաթափվի։ Մեր կամքին հակառակ լքեցինք մեր հրաշք երկիրը, հայտնվեցինք դռնեդուռ։
7 հոգանոց իմ ընտանիքն ապրում է Երևանում։ Ինչո՞ւ Երևանում, որովհետև մարզերում աշխատանք գտնելը մեծ խնդիր է։ Չնայած թոշակառու ծնողներս չեն կարողանում հարմարվել մեծ քաղաքի կյանքին, այնուհանդերձ՝ այդպես որոշեցինք ու մնացինք Երևանում։ Ես տաքսի եմ վարում, կինս խանութում է աշխատանք գտել։ Արցախցիներիս տրամադրվող սոցիալական աջակցության շնորհիվ ենք կարողանում տան վարձը վճարել։ Լսել եմ, որ երկու ամսով ևս երկարաձգել են բնակվարձերի աջակցությունը։ Իհարկե, ողջունելի է դա, ու նախընտրելի է, որ այն շարունակական լինի՝ մինչև արցախցիներս ապահովվենք բնակարաններով,- ասում է արցախցի տղամարդը և ավելացնում, որ եթե իր ընտանիքը զրկվի այդ աջակցությունից, ապա ինքը պետք է պատրաստ լինի, որ տաքսի է վարելու նաև գիշերները։ Այլապես՝ հնարավոր չի լինելու գոյատևել։
Հարազատ գյուղի մասին հպարտությամբ և կարոտով է խոսում
-Մեր գյուղը շատ է տուժել՝ սկսած Արցախյան առաջին պատերազմի տարիներին։ 1992-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են հայաթափել ու ոչնչացնել Հաթերքը։ 1992-1993 թվականներին այն երկու անգամ օկուպացվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։ 19 խաղաղ բնակիչ է սպանվել, որոնք չեն հասցրել գյուղից հեռանալ։ Գյուղի ինքնապաշտպանության և ազատագրման համար մղված մարտերում զոհվել է 57 հոգի։ Առաջին պատերազմից հետո վերականգնվել ենք, շարունակել շենացնել մեր գյուղը, դիմակայել ապրիլյան քառօրյա, 2020-ի 44-օրյա պատերազմներին, 9-ամսյա շրջափակմանը։ Պատրաստ էինք դիմանալ ամեն մի դժվարության՝ միայն թե մեր հողում ապրենք ու նրա տերը լինենք։
Ծանր է լսել, որ ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկում մեր սրբությունները, մշակութային արժեքները, գերեզմանները։
Ուզում եմ հուսալ ու հավատալ, որ կվերադառնանք Արցախ, կվերածնվենք ու կրկին մեր հողի տերը կլինենք։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ