Արցախում մնացած վերջին հայերը․ իրականություն, որը չի երևում տեսախցիկների ետևում

  • 11:05 02.05.2025

Արցախում մնացած հայերի թիվը շատ փոքր է։ Վերջին պաշտոնական տվյալներով՝ այնտեղ մնացել էին ընդամենը քսան մարդ, որոնցից հետո ևս երկու հայ տեղափոխվել են Հայաստան։

Էլեոնորա Ավանեսյանը՝ Արցախի Հանրապետության նախկին պատգամավոր, այն մարդկանցից էր, ով տեղահանության ընթացքում փրկարարների հետ շրջում էր Ստեփանակերտում՝ փնտրելով վերջին հայերին, ովքեր մինչ այդ հրաժարվել էին լքել քաղաքը։

«Փրկարարների և Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ արդեն մեկ անգամ շրջել էինք քաղաքով։ Գիտեինք, որ կային մարդիկ, ովքեր հստակ որոշել էին մնալ։ Որոշեցի մեկ անգամ էլ խոսել բոլորի հետ ու բացատրել, որ մնալն արդեն անիմաստ է»,- պատմում է նա։

Ավանեսյանի խոսքով՝ շատերը, ովքեր մնացել էին, ունեցել են հոգեկան առողջության խնդիրներ։ Ոմանք պարզապես հարազատներ չեն ունեցել Հայաստանում և ոչ մի տեղ չեն ունեցել գնալու։

«Մինչև իմ գնալը՝ Ստեփանակերտում բոլորին հայտնի Ֆրեդին արդեն այցելել էին փրկարարները։ Դուռը չէր բացում, շատ կանչեցինք, ծեծեցինք, անարձագանք։ Վերջում դուռը կոտրեցինք։ Տանն էր։ Ասում էր՝ ինչո՞ւ եք այսպես անում։ Ասացի՝ մնալն արդեն անիմաստ է, որ անհայտ է՝ ինչ կլինի հետը։ Ֆրեդը ցույց տվեց տան մի անկյունում պահածոյացված մթերքն ու ասաց՝ «ես սրանով կապրեմ, գնալու տեղ չունեմ, բարեկամ չունեմ»։

Սա նրա հստակ որոշումն էր, ու ստիպել չէինք կարող»,- հիշում է Էլեոնորան։

Նա պատմում է նաև մի կնոջ մասին, ով Հադրութի Տումի գյուղից տեղահանվելուց հետո ապրում էր Հեքիմյան թաղամասում։

«Մենք փորձում էինք համոզել, բայց նա ասում էր՝ «մնում եմ, որ գնամ մեր գյուղ՝ Տումի, մեր գերեզմաններին այցի»»,- ասում է նա։

Վերջին օրերին, Կարմիր խաչի ուղեկցությամբ Էլեոնորան ու փրկարարները շարունակել են համոզել մարդկանց հեռանալ՝ գիտակցելով, որ ադրբեջանցիների ներկայությամբ խաղաղ կյանք ունենալ հնարավոր չէ։

«1988 թ․ Սումգայիթի և Բաքվի ջարդերից հետո տեղահանված մի կնոջ մոտ էինք։ Նա ուզում էր մնալ, բայց երբ այդ պահին մեզ մոտեցավ ադրբեջանցի զինվորականը ու հարցրեց՝ «ստիպու՞մ ենք դուրս գալ», նա սթափվեց, երևի հիշեց անցյալը, արագ հավաքվեց ու հեռացավ»,- պատմում է Էլեոնորա Ավանեսյանը։

Ադրբեջանը փորձում էր մնացած այդ փոքրաթիվ հայերին ներկայացնել որպես «հայկական համայնք», որոնց անվտանգության համար իբր բոլոր պայմանները ստեղծված էին։ 2024 թվականի Ամանորին նույնիսկ կոչեր էին հնչում՝ «վերադառնալու և Արցախում ապրելու» մասին։ Սակայն կարճ ժամանակ անց տեսանյութերը վկայեցին այլ իրականության մասին։  Մարդիկ շարժվում էին ուղեկցող անձանց հետ, խոսում էին վերահսկողության պայմաններում։

Այսօր հստակ տեղեկություններ այն մի քանի հայերի մասին, ովքեր դեռ մնացել են Արցախում, գոյություն չունեն։

«Արցախում մնացած հայերի մասին տեղեկություններ ստանալու պատշաճ հնարավորություն չունենք։ Ինչ իմանում ենք, գալիս է բաց աղբյուրներից կամ նրանց հարազատներից։ Դրությունն ավելի է բարդացել՝ Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակի փակումից հետո»,- ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նա հաստատում է նաև, որ Արցախում մնացած հայերը զրկված են ազատ տեղաշարժվելու, հարազատների հետ ազատ խոսելու և բնականոն կյանք վարելու հնարավորությունից։ «Ասել, թե մարդիկ մնում են իրենց տներում ու ապրում սովորական կյանքով՝ խիստ չափազանցված է։ Դա կարելի է համեմատել գերության հետ։ Նրանք օգտագործվում են Ադրբեջանի քարոզչական նպատակներով, հաճախ՝ սեփական կամքին հակառակ»,- ընդգծում է Ստեփանյանը։

Վերջին շրջանում հանրության վրդովմունքը մեծ էր՝ կապված Բաքվում ընթացող բեմադրված դատավարությունների հետ, որտեղ Արցախում մնացած հայերից ոմանք ներկայանում են իբր որպես վկաներ նախկին նախագահների դեմ։

«Արցախում մնացած մարդիկ պարբերաբար օգտագործվում են քարոզչության համար։ Դատարաններում նրանց ցուցմունքները կեղծ են, բեմադրված։ Մենք՝ որպես հանրություն, պետք է հասկանանք՝ ինչ իրավիճակում են այդ մարդիկ, և չթիրախավորենք նրանց։ Դա հենց Ադրբեջանի նպատակը կլինի՝ մեզ ներսից պառակտել»,- եզրափակում է Գեղամ Ստեփանյանը։

Այսօր, երբ Արցախում մնացած վերջին բնակիչների ձայները լռեցված են, իսկ նրանց ներկայությունը վերածվել է քարոզչական գործիքի, առավել կարևոր է, որ մենք՝ որպես հասարակություն, չկորցնենք զգոնությունն ու մարդկային ըմբռնումը։ Արցախում մնալն, իհարկե, նրանց ընտրությունն էր, բայց, եթե փոշմանել են՝ հավանաբար արդեն չունեն էլ ընտրություն փոխելու իրենց որոշումը։

Մարիամ Սարգսյան