Արցախի Սահմանադրությունում կատարված փոփոխությունները թույլ են տալիս, որպեսզի մայիսի 21-ից հետո Արցախի պետական ինստիտուտները պահպանվեն։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է սպասվում Արցախի Ազգային ժողովին մայիսի 21-ից հետո։
Նշենք, որ ապրիլի 15-ին կայացել էր Արցախի Ազգային ժողովի նիստը, որտեղ երկորդ ընթերցմամբ ընդունվել էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ պետք է ապահովվի պետական ինստիտուտների շարունակականությունը։
«Համապատասխան սահմանադրական փոփոխությունները կատարվել են, որոնք թույլ են տալիս, որպեսզի մայիսի 21-ից հետո Արցախի պետական ինստիտուտները պահպանվեն, մասնավորապես, նախագահական ինստիտուտը։ Քանի որ այդ փոփոխություններն արդեն արված են, որեւէ խնդիր չի լինելու այդ ինստիտուտների պահպանման հետ կապված։ Ըստ Սահմանադրության այսպես է՝ երբ Ազգային ժողովի ժամկետը լրանում է, լիազորությունները դադարում են հաջորդ գումարման ԱԺ առաջին նիստի ժամանակ։ Բայց քանի որ Արցախի նախագահի կողմից կա ստորագրված համապատասխան հրամանագիր, որ այս իրավիճակում հնարավոր չէ ընտրություն անել, ԱԺ ժամկետը լրանալուց հետո ավտոմատ կերպով լիազորությունների երկարաձգվելու են, մինչեւ նոր ընտրություններ կկատարվեն։ Նոր ընտրությունների դեպքում 8-րդ գումարման ԱԺ հերթական նիստ կգումարվի, որից հետո արդեն ԱԺ լիազորությունները կդադարեն։ Այսինքն՝ այս փոփոխությունները թույլ են տալիս, որ այսօրվա Ազգային ժողովը լիիրավ շարունակի գործել»,- ասաց Դավիթ Գալստյանը։
Դավիթ Գալստյանի խոսքով՝ մայիսի 21-ից հետո կարող են առաջադրվել Արցախի նախագահի թեկնածուներ, եւ խորհրդարանը կընտրի նախագահ։ Նա ասաց, որ սա հնարավորություն կտա, որպեսզի Արցախի պետական մարմիններն շարունակեն իրենց աշխատանքը, ինչը շատ կարեւոր է այսօրվա իրավիճակում։
Նշենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն օրերս լրագրողներին ասել էր, որ դեռ որոշում չունի՝ առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը, թե՞ ոչ։ Նրա խոսքով՝ ըստ Արցախի Սահմանադրության՝ նախատեսված է, որ մայիսի 21-ից հետո՝ 7-10 օրվա ընթացքում պետք է լինեն նախագահի թեկնածուների առաջադրումները։
Ռոզա Հովհաննիսյան