Վերջին ամիսներին տեսնում ենք, որ ՀՀ ներքաղաքական դաշտում առկա է Հայաստանի երկու թշնամական պետությունների թևերի բախում։
Գլխավորն է թուրքական թևը, որի գլխավոր ներկայացուցիչն են Նիկոլ Փաշինյանը և իր ՔՊ կուսակցությունը, որոնք լծված են Հայաստանը Թուրանի նախագծի շրջանակներ ներքաշելու գործընթացին, ինչպես նաև Փաշինյանի արբանյակ ուժերը, որոնցից վերջին շրջանում շատ ավելի ակտիվ դեր է ստանձնել Արամ Զ. Սարգսյանը և իր այսպես կոչված «արևմտամետ» «Հանրապետություն» կուսակցությունը։ Վերջին օրերին այդ կուսակցության անդամները բռնություն գործադրեցին ընդդիմադիր ակտիվիստի հանդեպ և լեգիտիմացրեցին այն՝ ևս մեկ անգամ ապացուցելով, թե որքան հեռու են նրանք եվրոպական արժեքներից և որքան հոգեհարազատ է նրանց ռուս-թուրքական բռնապետական վարքագիծը։
Այս թևը, թեև իր բնույթով թուրքական է, թաքնված է կեղծ «արևմտամետների» ծածկոցով, իսկ աշխարհաքաղաքական ասպարեզում նրանք ռուս-թուրքական բևեռի ներկայացուցիչ են։ Մայիսի 9-ին Մոսկվայում սպասվող բեմադրությանը Փաշինյանի մասնակցությունն այդ բանի ապացույցն է։
Մյուս թևը ռուսականն է։ Ռուս-թուրքական ներհայաստանյան հակամարտության մի դրվագի մենք վերջերս ականատես եղանք Գյումրիում, որտեղ ռուսական թևը հաղթեց իշխող ռեժիմի թուրքական թևին։ Այդ բանից անմիջապես հետո Գյումրիի «նորընտիր» քաղաքապետը հայտարարեց, որ կողմ է Հայաստանի ինքնիշխանության զիջմանը՝ հանուն Միութենական պետությանը միանալու։
Ռուսական թևի ամենաակտիվ ներկայացուցիչներից համարվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս ակտիվացել է և իր վերջին ասուլիսում եռանդով փորձում էր լվանալ Ռուսաստանի դեմքը։ Հատկանշական է, որ նրան Մոսկվան ակտիվացնում է այն ժամանակ, երբ օկուպացիոն ռեժիմի ղեկավար Փաշինյանին անհրաժեշտ է պարտադրել որևէ հակահայկական որոշում։ Հիշեցնեմ, որ Փաշինյանը շուտով մեկնելու է Մոսկվա, որտեղ լինելու է նաև Ալիևը։
Ռուսական և թուրքական թևերի բախումը Հայաստանում կշարունակվի, քանի դեռ Ռուսաստանը Ուկրաինայում չի պարտվել և քանի դեռ Արևմուտքի համար Հայաստանի ազգային սուբյեկտացումը չի հասել առաջնահերթության մակարդակին, ինչը իր հերթին կախված է ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջող ավարտի տեսլականից։
Այդ ժամանակ Հայաստանում ազգային ուժերի համար, որպես երրորդ բևեռ, շնչելու և իշխանության գալու հնարավորություն կբացվի։
Բայց ամենակարևորը հայ ժողովրդի գիտակցությունն է։ Մենք պետք է հասկանանք, որ եթե հայ ժողովուրդը չդառնա սուբյեկտ, Հայաստանը կմնա որպես օբյեկտ աշխարհում։ Երբ հայ ժողովուրդը սուբյեկտանա և ինքնուրույն տնօրինի իր ճակատագիրը, աշխարհաքաղաքական անցուդարձը շատ ավելի քիչ ազդեցություն կունենա Հայաստանի ներքին ընթացքի վրա։
Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ