Ստեփանակերտ, 2023-ի հուլիս
13-ամյա Արսենը /անունը փոխված է/ մի ժամանակ շարժուն, ակտիվ տղա էր։ Սակայն երբ բռնի տեղահանության արդյունքում ընտանիքով ստիպված եղան թողնել Արցախը, Արսենը փոխվեց։ Նա քիչ է խոսում, խուսափում է շփումներից, չի ուզում նույնիսկ տնից դուրս գալ։
Մայրը մի քանի անգամ փորձել է նրան տանել հոգեբանի մոտ, բայց տղան համառորեն հրաժարվել է։ «Երեխաս կարծես սառել է ներսից, ինքը ոչինչ չի ասում, բայց ես տեսնում եմ՝ ներսում ինչպիսի պայքար է տանում»,- ասում է մայրը։
Այսպիսի պատմությունները բազմաթիվ են։ Դեռահասությունը արդեն ինքնին հոգեբանական զգայուն շրջան է, իսկ տեղահանության, կորուստների ու բեկված ինքնության ֆոնին այդ շրջանն ավելի խոցելի է դառնում։
14-ամյա Աննան/անունը փոխված է/ մեկ այլ տեսանկյունից է ապրում այս ցավը։ Նրա ընտանիքն արդեն 1,5 տարի է բնակվում է Երևանում։ Աննան դպրոց է գնում, լավ առաջադիմություն ունի, գեղեցիկ և գրական հայերենով է խոսում, բայց անհարմար է համարում «թարգմանել միտքը»։
«Բարբառով մի բան եմ ուզում ասել, բայց ստիպված եմ լինում գրականով ձևակերպել։ Միշտ մտածում եմ՝ հիմա որ ասեմ, կծիծաղե՞ն։ Կասե՞ն՝ ի՞նչ ես ասում»,-պատմում է Աննան։
Աննայի համար ամենացավալին իր խոսքը, իր լեզվամշակույթը կորցնելու վախն է։ Նրա համար դա պարզապես լեզու չէ։ Դա ինքնություն է, հիշողություն, ընտանեկան ջերմություն։
Հոգեբան Գեղանուշ Սաֆարյանը, որը վերջին ամիսներին աշխատում է Արցախից տեղահանված երեխաների և դեռահասների հետ, ասում է՝ նման զգացումները բնական են։ «Բարբառը միայն խոսք չէ։ Այն մեր ազգային հիշողության մի մասն է։ Երբ երեխան կորցնում է իր միջավայրը՝ տունը, փողոցը, բարբառը, նա կորցնում է իր ինքնության շատ շերտեր։ Այդ կորուստները կարող են վերածվել լուռ տրավմայի՝ խորքային, երբեմն չարտահայտված, բայց տարիներով մարդու ներսում ապրող ցավի», – նշում է հոգեբանը Step1.am-ի հետ զրույցում։
Ըստ հոգեբանի՝ Արցախից բռնի տեղահանությունը երեխաներին և դեռահասներին ոչ միայն կտրեց ծննդավայրից, այլև զրկեց ապահովության, ներքին հավասարակշռության զգացումից։ «Տունը՝ որպես ֆիզիկական տարածք երեխայի համար հիշողությունների, պատմությունների ու ինքնության տարր է։ Երբ երեխան կորցնում է գյուղը, դպրոցի բակը կամ մանկության ծառերը, դա հոգեբանական տրավմա է »,-ասում է Գեղանուշը։ է:
Նրա խոսքով՝ հատկապես դեռահասներն են այս ամենը ավելի սուր զգում։ «Քանի որ դեռահասությունը համարվում է անցումային տարիք և փոփոխություններ են տեղի ունենում թե՛ ֆիզիոլոգիական, և թե՛ հուզական մակարդակներում։ Այս փուլում անձը կառուցում է իր ինքնությունը։ Այս իսկ պատճառով դժվար են հարմարվում նոր իրականությունը:»։
Ի՞նչ կարող են անել ծնողները։ Փորձագետը հորդորում է՝ ծնողներն առաջնային օղակն են երեխայի հոգեկան կայունության վերականգնման գործում։ Շատ կարևոր է, որ ծնողը լինի ներկա, լսող և ընդունող՝ առանց դատելու։
«Շատ կարևոր է երեխաներին տալ ապահովության, ընդունված, հասկացված լինելու զգացողություն, այսինքն ցանկացած խնդրի դեպքում ծնողը անշահախնդիր, առանց պայմանների, երեխայի կողքին պիտի լինի: Սա շատ կարևոր պայման է երեխայի համար, այսինքն, զգա ու տեսնի, որ հոգեբանական դժվար իրավիճակներում նա մենակ չէ: Լինել երեխայի կողքին, ապրումակցել, փորձել լսել առանց քննադատությունների և ամենակարևորը թողնել երեխան արտահայտի հույզերը, երբեք պետք չի արժեզրկել հույզերը, օրինակ` դու ուժեղ ես, մի լացիր կամ տղաները չեն լացում և այլ արտահայտություններ», — ընդգծում է Սաֆարյանը։
Արսենի լռությունը, Աննայի «թարգմանած» միտքը՝ բոլորն էլ լուռ տրավմաների տարբեր դրսևորումներ են։ Անտեսանելի, բայց խորը։ Հասարակությունը, դպրոցի համակարգը, համայնքները և հատկապես ընտանիքը՝ բոլորը դեր ունեն այդ լռությունը լսելի դարձնելու հարցում։
Մարիամ Սարգսյան