Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների պահպանողական դաշինքի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը չընտրվեց Գերմանիայի նոր կանցլեր քվեարկության առաջին փուլում: Նրա օգտին քվեարկել է անհրաժեշտ 316-ից 310 խորհրդարանական։
Մերցը երկրորդ անգամ կփորձի դառնալ կանցլեր, գրում է Spiegel-ը։
Խորհրդարանականները 14 օր ունեն Մերցին կամ կանցլերի մեկ այլ թեկնածուի բացարձակ մեծամասնությամբ ընտրելու համար, հաղորդում է Reuters-ը։
Մերցի պահպանողական դաշինքը փետրվարյան ընտրություններում հաղթեց՝ հավաքելով ձայների 28.5 տոկոսը։ Գերմանիան նոր կոալիցիան կառավարություն ունի. Քրիստոնեա-դեմոկրատական միությունը՝ ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, կոալիցիոն հուշագիր է ստորագրել ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատների հետ՝ վերջ դնելով երկրի քաղաքական դաշտում շուրջ կես տարի շարունակված անորոշությանը։
Կանցլերի անհաջող ընտրությունից հետո Բունդեսթագի նիստը ընդհատվեց խորհրդարանական խմբակցությունների միջև խորհրդակցությունների համար։ Կրկնակի քվեարկությունը պետք է տեղի ունենա «տասնչորս օրվա ընթացքում», ինչպես սահմանված է Գերմանիայի Հիմնական օրենքի 63-րդ հոդվածով։ Եթե Մերցը այս դեպքում չստանա անհրաժեշտ 316 ձայնը 630-ից, ապա երրորդ փորձի դեպքում պարզ մեծամասնությունը բավարար կլինի, որպեսզի նա ընտրվի կառավարության ղեկավար։
Կրկնակի քվեարկության ամսաթիվը դեռևս անհայտ է։ Լրատվական գործակալությունների աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվում է կանցլերի նոր ընտրությունները չորեքշաբթի՝ մայիսի 7-ին անցկացնելու հնարավորությունը։ Եթե խմբակցությունները չկարողանան համաձայնության գալ այս ամսաթվի շուրջ, նշվում է նաև մեկ այլ տարբերակ՝ մայիսի 9-ը։