Գորիսի ստադիոնում երկու կով են արածում: Ժանգոտած ցուցատախտակը ոչ մի հաշիվ ցույց չի տալիս: Վերեւի ճանապարհից է լավ երեւում, որտեղով մի կին է անցնում, թոռանը գրկած, ով դեռ չի քայլում ու խոսում, բայց տատը նրան շրջում է դեպի դիմացի բլուրն ու կիսվում հիշողություններով. “երբ տատին ուսանող է եղել, մենք բարձրացել ենք այ~ էն սարի մինչեւ կատարը…”
Տեղացի չլինելով, ես այսքան բան կարող եմ պատմել Գորիսի ստադիոնի մասին, իսկ Ստեփանակերտի ստադիոնի մասին էլ հենց գորիսեցի է ամեն ինչ ու մանրամասն պատմել, ինչը ամեն ստեփանակերտցի պարտադիր պետք է կարդա: Կարեն Միրզոյանը ոչ միայն ֆուտբոլի ստադիոնի մասին է գրում, այլ հրաշալի նկարագրում այն ժամանակվա կյանքը, բարքերը:
Մինչ Ալիեւի այնտեղ գնդակ խփելը Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտը շատ հանգիստ վայր էր: Երեկոյան զբոսանք, հեծանիվ, յոգա ու ջոգինգ խոնավ առավոտներին, մի տեղահանված հադրութեցի վարդեր է տնկում, ավելի ուշ Զաուրը գալիս էր մարզում երեխաներին. դավայ, մի շրջան էլ, կիսվեք, արագ…
Գերմանիայից մի բարերար սպորտային հագուստ ու ֆուտբոլային կոշիկներ էր ուղարկել եւ ես տարել եւ բաժանել եմ թիմերին: Երեխաներն “ագահ” փորձում էին, խլում-փոխում իրար հետ, մեկինը սղմում է, մյուսինը մեծ…
Այս ամենի վրա ծիծաղում-սադրում էին ադրբեջանցիները սոցիալական ցանցերում, ինչպես կաֆեներում նստած երիտասարդներին. բա ասում եք ուտելիք չկա, երեխաները լավ էլ տոնուսի մեջ են, չի երեւում, որ կոլորիաների պակաս ունեք:
Ստեփանակերտի ստադիոնն էլ ավելի շատ հանդիպումների, դպրոցականների ռազբորկաների վայր էր, քան ստադիոն: Ընկերս մի դեպք է պատմել, երբ երեկոյան զույգին տեսել է պահակը դատարկ ստադիոնում, հրամայել է իր “բալալայկային” (ընկերուհուն) վերցնի եւ հեռանա (արա, մին բալալայկան յէր կալ` շուտ քինա ստըղան), քանի որ դարբպասներն արդեն փակվում էր: Սա ոչ թե վիրավորական, այլ հումորային դեպք է եւ խոսում է այն մասին, որ ստադիոնը խնամող ու տեր ուներ:
Բլոկադայի օրերի հովհարային հոսանքազրկումը շատերը կհիշեն: Անցնում էի մութ քաղաքով ու նկատում, որ ստադիոնի կողմից լույս է երեւում, ասես մի անտառային հրդեհ, որ հեռվից նշմարվում է: Քայլում եմ դեպի այնտեղ, պարզվում է՝ Սարսանգի ջրի վերջին պաշարներով վառել են ստադիոնի լուսարձակները, որպեսզի ռուս խաղաղապահները ֆուտբոլ խաղան (Արցախի ԱԱԾ-ի հետ): Կարծեմ, ռուսները հաղթել են, դե իսկ հետո էլ գիտեք, որ ստադիոնի նստարանները նոր գույն ու անուն ունեն:
Մարութ Վանյան