Հնդկաստանն ու Պակիստանը փոխանակվել են հարվածներով. պատերազմը կմնա՞ «վերահսկվող» շրջանակներում

  • 09:20 07.05.2025

Հնդկաստանի իշխանությունները չորեքշաբթի՝ մայիսի 7-ի գիշերը, հայտարարեցին, որ սկսել են «Սինդուր» գործողությունը՝ հարձակվելով Պակիստանում, ինչպես նաև Քաշմիրի պակիստանյան հատվածում գտնվող «ահաբեկչական» ենթակառուցվածքների վրա։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բանակը հարվածներ է հասցրել Պակիստանում գտնվող ինը թիրախների։

Հնդկական կողմը պնդում է, որ իրենց գործողությունները «նպատակային էին, զուսպ և ուղղված չէին լարվածության սրմանը», – նրանց խոսքերը մեջբերել է Reuters-ը։ Նյու Դելին հայտարարել է, որ «ոչ մի պակիստանյան ռազմական օբյեկտ թիրախ չի հանդիսացել»։ Հարվածներից հետո Հնդկաստանի բանակի X սոցիալական ցանցում հրապարակվել է հետևյալ գրառումը. «Արդարությունը հաղթանակել է»։

Պակիստանը հայտարարել է, որ 48 ժամով կփակի իր օդային տարածքը։ Պակիստանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ Հնդկաստանի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, վիրավորվել՝ 35-ը։ Բացի այդ, պաշտոնյայի խոսքով, հարվածներ են հասցվել երկու մզկիթների։ Պակիստանի պետական ​​հեռուստատեսությունը հաղորդել է, որ բանակը հայտարարել է, որ Հնդկաստանը հարվածներ է հասցրել երկրի երեք շրջանների։

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ «նենգ թշնամին վախկոտ հարձակումներ է իրականացրել Պակիստանի հինգ շրջաններում» և որ Իսլամաբադը կպատասխանի։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է X սոցիալական ցանցի իր էջում՝ չորեքշաբթի, մայիսի 7-ին։

Շարիֆն ասել է, որ Պակիստանն ունի «բոլոր իրավունքները վճռական պատասխան տալու Հնդկաստանի կողմից պարտադրված այս պատերազմական գործողությանը»։ Նա ընդգծեց, որ նման պատասխան «իսկապես արդեն տրվել է»։ Բացի այդ, Շահբազ Շարիֆը հրավիրել է Պակիստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Իսլամաբադը հայտարարել է, որ պատասխան հարված է հասցրել Հնդկաստանին։ Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլահ Թարարը հայտարարել է, որ Պակիստանը խոցել է հինգ հնդկական կործանիչ և մեկ անօդաչու թռչող սարք։ Բացի այդ, պակիստանյան կողմը հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի բրիգադի շտաբի և Քաշմիրի բաժանարար գծի երկայնքով հնդկական դիրքի ոչնչացման մասին։ Հնդկաստանի բանակը չի հաստատել այս տեղեկությունները։