«Այս իրականության մեջ կարևորը տունդարձին հավատալն է, եթե անգամ արդեն չկա այդ տունը․․․»

  • 09:50 07.05.2025

Արմինե Պետրոսյանը Քարին տակ գյուղից է։ 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով Քարին տակը՝ մի շարք բնակավայրերի հետ միասին, մնաց թշնամու տիրապետության տակ։

Շուշին ու Քարին տակը արնահոսող վերքեր էին, քանի որ Ստեփանակերտ տանող ճանապարհը հենց այս բնակավայրերի կողքով էր անցնում, և որքան մոտ էին, այնքան հեռու ու անհասանելի։

«2020-ի պատերազմին հաջորդած ամիսներին թշնամին Արցախի օկուպացված բնակավայրերից ամենօրյա ռեժիմով տարբեր տեսանյութեր էր հրապարակում։ Դրանք նայելու գայթակղությանը դժվար էր չտրվելը։ Ամենուր մերն էինք փնտրում՝ մեր տունը, մեր բակը, մեր անցյալը, մեր՝ այդ բնակավայրերում թողած կյանքը։ Մեկի տանը քեֆ-ուրախություն էին կազմակերպում, մյուսի տունը հիմնովին քանդում էին, մեկ ուրիշ տեղ գերեզմաններն էին ավերում, վանքերը, եկեղեցիները․․․» — ասում է Արմինեն։

Բոլորս էլ մեր տների, թաղամասերի, բնակավայրերի տեսանյութերն ու նկարներն ենք փնտրում թշնամական լրատվամիջոցներում։

«Ես բոլոր հնարավոր ձևերով փնտրում էի մեր տունը։ Մի օր այդ կադրերում տեսա Քարին տակում թողած մեր տունը՝ մեզ համար աշխարհի ամենաջերմ ու հարազատ անկյունը։ Մեր տան բակում, որտեղ ընդամենը օրեր առաջ մենք էինք քայլում, թշնամին քեֆ-ուրախություն էր կազմակերպել։ Այդ պահին մեզ համար դրանից ավելի սարսափելի ոչինչ չկար․․․» — հիշում է Արմինեն։

2020 թ․-ից հետո ադրբեջանցիները սկսեցին մշակութային ցեղասպանություն և հայերի հետքի համակարգված վերացում Արցախից։ Առաջին բնակավայրերից Շուշին ու Քարին տակն էին։ Վերջինիս առավել ոխակալորեն էին մոտենում, քանի որ գյուղը Արցախյան պատերազմի ժամանակ անբացատրելի դիմադրություն էր ցույց տվել ու հաղթել։

«2024-ի գարնանը համացանցում տեսա ամբողջովին ավերված Քարին տակը։ Գյուղը հողին էր հավասարեցվել։ Մեր տունը չկար, հարևանների տներն էլ չկային։ Դպրոցը, որտեղ սովորել էի՝ չկար։ Ոչինչ չկար։ Ամենասարսափելին, իհարկե, դա էր։ Ու թվում է՝ այդ պահին կորցնում ես տուն վերադառնալու հույսը՝ այն, ինչին ձգտում էր թշնամին։ Հետո դա էլ ես հաղթահարում, որովհետև սկսում ես գիտակցել, որ կարևորը հողն է։ Հողը քոնն է, ուրեմն ամեն ինչ հնարավոր է նորից կառուցել։ Իհարկե, երբեք չես կարող կառուցել նույնը, նորից ստեղծել այն անկյունը, որ միշտ մանկություն էր տանում․․․ Բայց նաև այդ գիտակցումն ես հաղթահարում» — պատմում է Արմինեն, ով տեղահանվածների առաջին ցանկում էր և հաղթահարել է բոլոր կորուստների վախը։

Հիմա ողջ Արցախում համատարած ավերածություններ են։ Կան գյուղեր, որոնք ամբողջությամբ հողին են հավասարեցվել, գերեզմաններ, որոնք պղծվում են, եկեղեցիներ, որոնք ներկայացվում են որպես ալբանական, իսկ հայկականության վերջին նմուշները՝ ավերվում։

Հոգեբան Գեղանուշ Սաֆարյանի խոսքով՝ սա հոգեբանական ծանր վիճակում գտնվող մարդկանց համար հերթական հոգեբանական տրավմայի պատճառ է դառնում։

«Կարևոր է հասկանալ՝ ինչ է տալիս քեզ այդ տեսանյութերը նայելը։ Եթե մարդը մտնում է իլյուզիաների մեջ ու պատկերացնում, թե ինքը այնտեղ է՝ բնականաբար չպետք է նայի։ Առհասարակ, եթե սա ընկալենք որպես կորուստ, ապա մեր գիտակցության մեջ այդ կորուստը մենք «կենդանի» չպետք է տեսնենք։ Բայց այս պարագայում մենք տեսնում ենք, թե ինչպես է մեր կորուստը “ապրում”, բայց ոչ մեզ հետ։ Սա շատ ծանր և նպատակային հոգեբանական ճնշում է, ինչը դժվարացնում է այստեղ ու հիմա լինելը, առավել ևս՝ ադապտացվելը», — ընդգծում է հոգեբանը։

«Մտքով հաճախ եմ անցնում այն ճանապարհը, որտեղ կար մեր տունը։ Մտածում եմ՝ մի օր, երբ գնամ, գոնե կարողանամ գտնել մեր տան տեղը։ Այս իրականության մեջ կարևորը տունդարձին հավատալն է, եթե անգամ արդեն չկա այդ տունը», — ասում է Արմինեն ու խորհուրդ է տալիս բոլոր նրանց, ովքեր նոր են անցնում այս ցավի միջով՝ հիշել իրենց տունը այնպիսին, ինչպիսին թողել են, իսկ իրենց՝ երջանիկ այդ տանը։

Մարիամ Սարգսյան