«Խոսում է Ստեփանակերտը». ռադիոյի ձայնը՝ հիշողության մեջ

  • 15:01 07.05.2025

«Պատից կախված խորհրդավոր այդ ուղղանկյուն արկղիկն ինձ համար ձայնի դյութանք էր, որ ամեն անգամ փոխանցում էին Արցախի ռադիոյականները՝ դեռևս հեռավոր 1980-ական թվականներին՝ «Խոսում է Ստեփանակերտը» բառակապակցությամբ։ Դա գեղարվեստական գիրք էր, որ կարդում էի առանց ձայնի ելևէջների, մտքում՝ իմ առոգանությամբ, սակայն անպայմանորեն փորձում էի նմանակել այդ արկղիկի ձայներին՝ պատկերացնելով, թե որ բառն ինչպես կհնչեր ամպոտ ու անձրևոտ, արևային ու ձյունոտ եթերում․․․»

Այսպես է հիշում ռադիոն իր կյանքում Արցախի Հանրային ռադիոյի վաստակավոր լրագրող Վարդուհի Բաղդասարյանը՝ կին, որի համար այդ կախարդական արկղիկը դարձավ ոչ միայն մասնագիտական ուղու սկիզբ, այլև հոգևոր առաքելություն:

Տասնամյակների աշխատանքային փորձով նրա ձայնը հազարավոր ունկնդիրների համար դարձավ վստահության, տեղեկացվածության, նաև հուզական կապի խորհրդանիշ։ Ռադիոյի հետ հարաբերությունը Վարդուհու համար խորապես անձնական է։

«Խոսել ռադիոյի մասին՝ նշանակում է խոսել մանկության մասին։ Նույն հարազատ զգացումներն ունեմ երկուսի դեպքում էլ», – նշում է նա։

Արցախի հանրային ռադիոն իր գործունեությունը սկսել է դեռևս 20-րդ դարի 20-ականներին։ ԼՂԻՄ պաշտոնական տեղեկագրերում ռադիոյի մասին առաջին հիշատակումը 1927 թվականին է, սակայն կան տվյալներ՝ ռադիոյի ավելի վաղ գործարկման վերաբերյալ։

«Ռադիոն կառուցեց իմ երազանքները, և արդեն 32 տարի պատիվ ունեմ կրել ռադիոլրագրող Վարդուհի Բաղդասարյանի կոչումը», – ասում է լրագրողը։

Խորհրդային տարիներին Արցախում հայերեն խոսքը եթերով լսելի դարձնելը` այս ռադիոկայանի գլխավոր առաքելությունն էր։

«Արցախի շուրջ 250 բնակավայր գործուղվելով հաղորդումներ պատրաստելուն զուգահեռ՝ ամեն մի վայրում ձեռք եմ բերել ընկերներ ու բարեկամներ։ Ռադիոն ինձ համար դարձավ ոչ միայն մասնագիտական պլատֆորմ, այլև իմ երկիրը չլքելու, ավելի սիրելու, նվիրվելու միջոց։ Դրսից ստացած բոլոր առաջարկներն ու հրավերները մերժելու միջոց էր հենց Արցախի Հանրային ռադիոն։ Իսկ ամենակարևորը՝ իմ վարած, խմբագրած ու հիմնադրած բազմաթիվ հաղորդումներից «Դարձ» հոգևոր հաղորդումն էր այն, որ օգնեց ճանաչել Աստծուն, կյանքը, ապրելու քրիստոնեավայել՝ աղոթելով մեր նախնիների կողմից կառուցված եկեղեցիներում, հավատքի ու մշակույթի կենտրոններում»։

Նոր սերունդը ևս հիշողություն ունի, սակայն մի փոքր այլ գույնով։ Անի Աբաղյանը՝ Արցախի հանրային ռադիոյի նորեկներից մեկը, հիշում է. «Մարդիկ ինձ որպես լրագրող ճանաչեցին հենց ռադիոյի շնորհիվ։ 2021-ին առաջին անգամ բացեցի ռադիոյի դուռը, բայց երբեք չէի պատկերացնում, որ այն ինձ համար կդառնա աշխատավայր։ Ռադիոյի շնորհիվ ես ճանաչեցի իմ երկիրը։ Ճանաչեցի քաղաքական գործիչների, պատգամավորների, մինչ այդ հազիվ նախագահին էի ճանաչում», – կատակում է Անին։

Անին Հադրութից է։ Լավ է հիշում իր առաջին եթերը՝ անգամ վերնաշապիկը, որ այդ առիթով էր հագել։ «Վարդագույն վերնաշապիկ էի գնել՝ Արցախից բերված իմ քիչ հագուստներից մեկը։ Երազանքս էր մի օր Արցախի հանրայինի եթերից ասել, որ ազատագրել ենք Հադրութը։ Հիմա երազանքս նույն այդ վերնաշապիկով հայտարարելն է՝ որ ազատագրել ենք ողջ Արցախը»։

Տաթև Խաչատրյանը՝ Արցախի հանրային ռադիոյի վերջին տնօրենը, հիշում է, թե երբ առաջին անգամ զգաց ռադիոյի կարևորությունը. «2020-ի հոկտեմբերին՝ պատերազմի օրերին, եթեր էի մտնում գիտակցումով, որ մեր երկրի պաշտպանները, իրենց չափազանց սուղ հանգստի պահերին, լսում էին մեզ՝ տեղեկություններ ունենալու համար։ Իսկ նկուղներում պատսպարված մեր անկոտրում հայրենակիցները մեզ էին ունկնդրում՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվում»։

2023 թվականից հետո Արցախի Հանրային ռադիոն դադարեց գործել։ Վերականգնման մասին խոսելիս՝ կարծիքները տարբեր են, զգացողությունները՝ բազմաշերտ։

«Արցախի Հանրային ռադիոն կարող է և իրավունք ունի գործել միայն Արցախում։ Եթե Արցախում՝ այո։ Արցախի հանրայինն՝ իր մեծով ու փոքրով, իր հին ու նորով, իր հավատարիմ ունկնդիրներով, իր կոչնակներով, «Խոսում է Ստեփանակերտը» բառակապակցությամբ, պատկերացնում եմ միայն Արցախում։ Արցախից դուրս այն վերականգնելը ինձ համար խաբկանք է՝ լավագույն դեպքում՝ ժամանակավոր և ժամանակավրեպ իրողություն», – համոզված է Վարդուհի Բաղդասարյանը։

Այսօր՝ մայիսի 7-ին, երբ նշվում է ռադիոյի օրը, Արցախում լռած եթերը դեռ արձագանքում է սրտերում։

Ռադիոն վաղուց դադարել է միայն տեղեկատվություն հաղորդող լինել։ Այն դարձել է հիշողություն, կապ, հավատքի ու հայրենասիրության շարունակականություն։ Եվ եթե երբևէ կրկին հնչի՝ «Խոսում է Ստեփանակերտը», հնչի հենց Արցախից, հնչի նույն ձայներով ու նույն երազանքներով։

Մարիամ Սարգսյան