Սահմանադրության նոր տեքստը պատրաստ կլինի 10 ամսից. Գալյան

  • 15:29 07.05.2025

Սահմանադրության նոր տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամսից, այսօր լրագրողների հարցին ի պատասխան խորհրդարանում հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Կառավարության անդամից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք խորհրդի անդամները քննարկել են Մայր օրենքից Անկախության հռչակագրին հղումը հեռացնելու հարցը: Գալյանը կարճ արձագանքեց. – «Մենք տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է»։

Ավելի վաղ վարչապետը կարծիք էր հայտնել, որ Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Նիկոլ Փաշինյանը հստակ շեշտել էր` դա իր քաղաքական դիրքորոշումն է:

Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պահանջում է, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը և նախաբանից հեռացվի հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հիշատակում կա: