Ապրիլի 29-ի մեծ հանրահավաքով մեկնարկած արցախցիների՝ իրենց իրավունքների համար պայքարը դադար վերցրեց ուղիղ մեկ ամիս անց․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ բանակցություններ է սկսում կառավարության հետ, որ հանում է Ազատության հրապարակի վրան-շտաբը և այն տեղափոխում է Երեւանում Արցախի ներկայացուցչյուն։ Իր հերթին կառավարությունը 2 ամսով երկարաձգեց 40 հազ․ դրամի աջակցությունը արցախցիներին և խոստացավ որոշ ծրագրեր վերանայել։
Պայքարը մտել է «առօրյա» ռեժիմի մեջ, ընդ որում, ՀՀ կառավարության հետ բանակցություններից դուրս է մնում ֆունդամենտալ խնդիրը։
Գրեթե բոլոր մեր կողմից հարցվածները պնդում են, որ այս ամենը չէր լինի, եթե կառավարությունը կատարեր պարզ քայլ՝ ճանաչեր արցախցիների 070 կոդով անձնագրերը որպես ՀՀ լիիրավ անձնագիր։
Ամենակարևոր հարցը՝ քաղաքացիություն է, քանի որ դա է որոշում, թե ինչ քայլեր պետք է կատարի ՀՀ կառավարությունը։ Իսկ կառավարությունն ամեն ինչ արեց, որ ուղիղ պարտականություն չունենա արցախցիների հանդոպ, իսկ օգնույթյունը իր տեղահանված քաղաքացիներին ներկայացնի որպես գթասիրություն։
Սոցիալական ծրագրերի պատրվակով արցախցիներին ստիպեցին փախստականի կարգավիճակ ստանալ, ստորագրելով մի թուղթ, որտեղ գրված է, որ արցախցին ոչ մի երկրի քաղաքացիություն չունի։ Հետո առաջարկեցին ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Արցախցիներին սկսեցին մեղադրել, որ նրանք չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ, որ բանակում չծառայեն։ Թեկուզ բավական էր մի պարզ քայլ՝ ճանաչել 070 կոդով անձնագրերը, և բոլորը միանգամից զինապարտ կդառնային։
Բացի այդ, եթե արցախցիները ցանկանային հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, նրանք վայր կդնեյին կապույտ անձնագրերը։
Ո՞ր պետության քաղաքացի էին արցախցիները՝ իրենց ՀՀ անձնագրերով հանդերձ։
Երեկ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ասել է․ «Ես ստիպված եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:
Իհարկե, չի ճանաչել, քանի որ դա կլիներ ՀՀ Սահմանադրության խախտում։ Չէ որ 1989-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ, Անկախության հռչակագրով և ՀՀ Սահմանադրությամբ Արցախը Հայաստանի մաս է։ Այդպես էին ընկալում արցախցինրը, երբ ՀՀ անձնագիր էին ստանում, իրար մեջ խոսալով, որ անկախությունը «ժամանակավոր մանևր է»։ Այդպես էին ընկալում Հայաստանում, բոլոր ոլորտներով ինտեգրվելով Արցախի հետ։ Այդպես է ընկալում նաև Բաքուն, որն առ այսօր պահանջում է Սահմանադրությունից հանել ՀՀ և Արցախի միավորման մասին որոշման հղումը։ Թեկուզ ՀՀ Հռչակագիրը չի վիճարկել և ոչ մի երկիր կամ միջազգային կազմակերպություն։
ՀՀ կառավարությունը, խախտելով սեփական Սահմանադրությունը և զիջելով նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի տարածքները, փորձում է ձերբազատվել նաև արցախցի իր 150 հազար քաղաքացիների հանդեպ պարտավորություններից։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կարևոր քայլ կարող է լինել՝ հիշեցնել ՀՀ կառավարությանը ՀՀ արցախցի քաղաքացիների հանդեպ ուղիղ պարտավորությունների մասին։ Իսկ այդ պարտականությունների մեջ են մտնում ոչ միայն սոցիալական աջակցությունն, այլև ՀՀ արցախցի քաղաքացիների գույքի, սեփականության և այլ իրավունքների պաշտպանությունը։
Խորհուրդը որոշել է, որ մեկ ամսվա ընթացքում ինչ նպատակ դրվել էր՝ բոլորը կատարվել են։ Հանրահավաքից հետո համագործակցության միակ եզրն այն էր, որ փոխվարչապետը ընդունեց խորհրդի անդամներին, ասաց ներկայացնել առաջարկները և ասաց, որ պատրաստ են բարելավել։ Սակայն, որևէ ընդառաջ քայլ չկատարեցին։ «Փաստինֆոյի» եթերում ասել է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ նախագահ, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։
Ո՞րն են լինելու հաջորդ նպատակները։
Նաիրա Հայրումյան