Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունների ընթացքում վերջերս Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարների դեմ ներկայացվեցին պատերազմի ժամանակ նկարահանված կադրեր և արխիվային նյութեր, որոնք իբր ապացուցում են նրանց «մեղքերն» ու ծառայում են որպես փաստական հիմքեր։
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը վստահ է․ «Ադրբեջանը, 23 հոգու պահելով, քաղաքական խնդիրներ է լուծում՝ թե՛ քաղաքացիական անձանց, թե՛ զինվորականների, թե՛ Արցախի նախկին ղեկավարության միջոցով։ Այդ պատճառով այս հարցերը չի կարելի դիտարկել միայն մարդկանց ազատ արձակման տեսանկյունից, թեև դա, իհարկե, շատ կարևոր է», – նշել է Arman Թաթոյանը Step1.am-ի հետ զրույցում։
Թաթոյանի խոսքով՝ այս դատավարությունների հիմքում թիրախավորվում է Հայաստանը։
«Պայքարը պարտադիր է մղել նաև այդ տեսանկյունից, որովհետև նրանք արհեստական ցուցմունքներ են ներկայացնում։ Մարդիկ են տարել, որոնք պատմում են իբր հայերի կատարած դաժանությունների մասին։ Դաժանություններ, որոնք կազմակերպվել են իբր ոչ միայն Արցախից, այլև՝ Հայաստանից։ Ամբողջ աղբյուրը փորձում են տեղափոխել Հայաստան», – ընդգծում է իրավապաշտպանը։
Նախկին ՄԻՊ-ի կարծիքով՝ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում խաղաղության, այլ իր հասարակությանը նախապատրաստում է հնարավոր նոր ագրեսիայի ու պատերազմի՝ ցույց տալով, թե իրենց հարցերը դեռ լուծված չեն Հայաստանի հետ, իսկ նպատակը՝ Հայաստանի ամբողջական ոչնչացումն է։
«ՀՀ քաղաքական իշխանությունը կոպիտ սխալներ է անում՝ հայտարարելով, թե պետք է չխոսենք այս մասին, լռենք, թե չէ գերիները հետ չեն գա։ Դա սխալ հաշվարկված մոտեցում է՝ իրականությանը չհամապատասխանող։ Պետք է հրապարակայնություն մտցնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և աշխարհին ցույց տալ, որ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է իրավական գործընթացները՝ վերածելով ամեն ինչ քաղաքական հարցի», – շեշտում է Արման Թաթոյանը։
Թաթոյանի համոզմամբ՝ այս կեղծ դատավարությունների արդյունքը կլինի այն, որ Ադրբեջանը կստեղծի ֆորմալ փաստաթուղթ՝ Հայաստանի վրա շանտաժի համար, իսկ անհրաժեշտության դեպքում կօգտագործի այն որպես հիմք՝ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելու համար։
Մարիամ Սարգսյան