Վերադարձը պետք է պատկերացնենք առանց ադրբեջանական ցեղասպանական վերահսկողության․ Բեգլարյան

  • 12:08 09.05.2025

Արցախի ու Շուշիի ազատագրման համար գլխավոր անելիքը Հայաստանի ուժեղացումն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Մենք պետք է ունենանք ամուր, զարգացած Հայաստանի Հանրապետություն, որի ժողովուրդը կունենա ազգային գաղափարախոսություն եւ ազգային էլիտա, դրա հիման վրա՝ նաեւ արդյունավետ կառուվարում։ Ես վստահ եմ, որ դրա հիման վրա ժամանակի ընթացքում մենք կարող ենք նաեւ վեադառնալ Արցախ»,- ասաց Բեգլարյանը։

Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանի ուղերձում Շուշիի ազատագրման օրվա մասին խոսք չկար, Բեգլարյանն ասաց․ «Արդեն չեմ զարմացնում, խիստ բարկացնող է, բայց զարմանալի ոչինչ չկա»։

Արտակ Բեգլարյանն ասաց, որ նպատակը արցախցիների վերադարձի թեման օրակարգում պահելն է, վերադարձի հույսը մեր ժողովրդի սրտում պահելն է, քանի որ առանց հույսի որեւէ արդյունք չենք ունենալու։ Իսկ եթե պրագմատիկ նայենք իրավիճակին, ուղղակի պետք է ամուր լինենք, զարգանանք եւ ժամանակի ընթացքում այնքան ազդեցություն ունենանք, որ կարողանանք վերադառնալ Արցախ։

«Ես վստահ եմ, որ դա հնարավոր է, ժամանակի հարց է, կարեւորն այն է, որ մենք այդ նպատակն ունենանք ու այդ նպատակի հետեւից գնանք։ Իսկ վերադարձը պետք է պատկերացնենք առանց ադրբեջանական ցեղասպանական վերահսկողության։ Ադրբեջանը հիմա ունի հակահայ ատելության մեծ համակարգ, որը հնարավոր էլ չէ շատ արագ արմատախիլ անել։ Չհաշված մեր ինքնորոշման իրավունքը, մեր պատմական իրավունքները։ Այս ամենը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը կվերադառնա, եթե բացառվի Ադրբեջանի ցեղասպանական վերահսկղությունը»,- հավելեց նա։