Միանշանակ է, որ Արցախում մայիսի 9-ը Շուշին ազատագրելու խորհուրդն ուներ եւ հենց դա էր արցախցիներին տոնական, հպարտության զգացում տալիս: Քաղաք, որտեղից օր ու գիշեր հրետակոծվում էր մայրաքաղաք Ստեփանակերտը, վերջապես ազատագրված է: Նկուղային կյանքն այլեւս ավարտված է: Իսկապես բան կար տոնելու:
Վաղ առավոտ ջրցան մեքենաները շրջում են Ստեփանակերտի փողոցներով, գարնանային թարմություն ու լորենիների բույր, զինվորների երգերով ու թմբուկներով քայլերթն արթնացնում էր քնած քաղաքը: Հետո բոլորն այցելում են Եղբայրական գերեզմանոց, որը տեղացիները հանգիստ են անվանում եւ պատահական չէ, այնտեղ հանգստանում ու մխիթարվում էին: Կորուստը մեծ է, բայց ոչ իզուր ու անվաստակ:
Դեռ երեկվանից Վերածննդի հրապարակում կանգնած տանկերը շուտով կանցնեն` ծուլորեն, շառաչելով, բոլորը կշնչեն դիզելի ծուխը, երեկոյան էլ ամբողջ քաղաքը կմխա խորովածի ծխով։
Ահա թե ինչ են կորցրել արցախցիները: Եվ ուրախություն, եւ տխրություն, եւ տոն, եւ հանգիստ գնալու հնարավորություն: «Այս մարդիկ կորցրել են ամեն ինչ, տուն տեղ…», շատ հաճախ ասում են Հայաստանում, խոսում սոցիալական խնդիրներից, բայց միթե՞ դա է էականը: Շատ դժվար է ընկալել, թե ինչ է նշանակում տուն տեղ կորցնել:
Երեւանում այդ զգացումը չկար: Հիշում եմ, երբ ես 2026-ին մայիսի 9-ին Երեւանում էի, այդ օրը Հայրենական պատերազմի վետերաններ, կամ պարզապես կոմունիստական նոստալգիայով պատված տարեց մարդիկ կարմիր դրոշներով եկել էին Մոնումենտ: Միանգամայն հարգանքով նրանց հանդեպ, բայց դա ներշնչող չէր: Համենայնդեպս, ես դա չէի հասկանում, այն իմ տոնը չէր:
Մայիսի 9-ին Հայաստանի գրեթե բոլոր պաշտոնյաններն Արցախ էին գալիս` նախագահի գլխավորությամբ: Այն ժամանակ Հայաստանի նախագահներին կարիք չէր լինում քովիդով “հիվանդանալ”, պատճառներ փնտրել, ինչպես նույն դասարանում մնացած աշակերտ, դժվար ընտրության առաջ կանգնել, նրանց գնալու տեղ ունեին` Շուշի եւ Պուտինն այստեղ ոչինչ անել չէր կարող: Բոլորի դեմքերին հպարտություն ու խայտանք էր, դա նրանց իսկական տոնն էր:
Այդպիսի՞ն էր երեկ Հայաստանի վարչապետի դեմքը Մոսկվայում, երբ Լուկաշենկոյի կողքին նստած նայում էր «Ինչից է սկսվում հայրենիքը» («С чего начинается Родина») երգը:
Մարութ Վանյան