Շուշի․ դա վերջին հարսանիքը չէր լեռներում

  • 13:01 09.05.2025

Մարիամի և Հովիկի պսակադրությունը Ղազանչեցոցում, 2020 

Իմ առաջին նկարը Շուշիի կանաչ ժամ եկեղեցու առաջ է: Իսկ հիմա՝ մեր նկարը հյուսված է Շուշիի պատմության հետ։

Ազատագրումից մի քանի տարի անց Շուշին այն վայրն էր, որտեղ ամենաբարձրն էին հնչում եկեղեցու զանգերը: Մայիսի 9-ը արցախցիներիս համար նշանակալի է, քանի որ հենց Շուշիի ազատագրումն էր, և այդ օրը մեր բանակի ծնունդն էր: Ինչքան էլ փառահեղ էր հայրենականի ժամանակ տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն այնքան ցանկալի էր, որ գոնե իմ սերնդի համար, մայիսի 9-ը հենց Շուշիի մասին էր:

Երբ տարիներ անց՝ «Հարսանիք լեռներում» օպերացիայի հետքերով, մի քանի անգամ բարձրացանք Շուշի, հաղթանակն ավելի շոշափելի դարձավ։ Շուշին, որքան էլ ավերածություններ էր տեսել ու հազարավոր դաժան ճակատագրեր կրել, այն խաղաղության օրրան էր։

Սառը օդը, առավոտյան Ղազանչեցոցի զանգերը, որոնք կարծես լսելի էին քաղաքի ամեն ծայրից…

Ազատություն և խաղաղություն բառերը հոմանիշներ էին, քանի որ հենց Ջդրդուզի բարձունքում ազատությունն այնքան իրական էր, որ մի մասնիկ էիր դառնում նրա հզոր ուժի։

Քառօրյա և 44-օրյա պատերազմների ընթացքում Արցախի տարբեր բնակավայրերից մարդիկ գնում էին Շուշի՝ վստահ լինելով, որ անառիկ քաղաքը միշտ անվտանգ է։

Շուշին ինձ համար այլ արժեք ունի, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր պսակադրությունն այնտեղ անցկացրելը պատահական չէր։

Իմ վերջին այցն էր Շուշի այդ պահին։ Եկեղեցու զանգերն ու հրանոթների ձայները միաժամանակ էին հնչում, և Շուշին այլևս խաղաղ ու ապահով քաղաք չէր։

Ղազանչեցոցը վիրավորված էր, բայց մենք վստահ էինք՝ այն նորոգվելու է, և «վերջին հարսանիք» արտահայտությունը մեզ համար չէր։

Նոյեմբերի 9-ից հետո հաճախ էին հարցնում՝ «Գիտե՞իք, որ դուք վերջին զույգը կլինեք, որ պսակադրվեց Ղազանչեցոցում»: Այս նախադասությունը վիրավորանքի նման էր և է։ Այն ցավ է պատճառում։

Երբեք։ Երբեք չէինք պատկերացնի, որ հայկական Շուշիի այս էջը այսպես կփակվի։ Դարեր շարունակ քաղաքը ունեցել է իր տերերը և ես հույս ունեմ, որ մի օր Շուշին կհայտնվի իսկական տերերի ձեռքում։

Արցախից բերված քիչ իրերից մեկը Ղազանչեցոցի՝ ծաղկաթերթիկներից հավաքած նկարն է, որ արդեն մի քանի անգամ տեղափոխվելուց հետո միշտ կախված է վարձակալած տների գլխավոր պատին՝ հույսը չմարելու և նպատակները մշտապես տեսանելի պահելու համար։

Ես չգիտեմ, թե ինչ եմ պատմելու իմ աղջկան Շուշիի մասին, բայց մի օր Շուշի գնալու հավատը միշտ վառ եմ պահելու։ Չգիտեմ երբ կլինի դա, բայց եթե անգամ ոսկրացած ու կնճռապատ, ուզում եմ տեսնել այն պսակադրությունը, որը տասնամյակներ հետո տեղի կունենա՝ «առաջին հայկական պսակադրությունը» ազատագրված Շուշիում։

Մարիամ Սարգսյան