Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի շուրջ

  • 19:43 10.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանը և Պակիստանը, ԱՄՆ միջնորդությամբ, համաձայնության են եկել անհապաղ և լիակատար հրադադարի շուրջ։ Հնդկաստանի և Պակիստանի իշխանությունները հաստատել են այս տեղեկությունը։ Մայիսի 10-ի գիշերը երկու միջուկային տերությունների միջև հակամարտության սրումը հասավ նոր մակարդակի, երբ Պակիստանի կառավարությունը հայտարարեց Հնդկաստանի դեմ խոշոր ռազմական գործողություն սկսելու մասին։

«Միացյալ Նահանգների միջնորդությամբ երկար գիշերվա բանակցություններից հետո ուրախ եմ հայտարարել, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջ», – գրել է ԱՄՆ նախագահը իր TruthSocial սոցիալական ցանցում։

Թրամփը չի ներկայացրել համաձայնագրի մանրամասները։ Նա շնորհավորեց երկու երկրներին էլ ողջախոհություն ցուցաբերելու համար։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջերս զանգահարել էր Պակիստանի և Հնդկաստանի պաշտոնյաներին՝ առաջարկելով միջնորդի դեր ստանձնել բանակցություններում։