Այսօր Կոլխոզաշենի օրն է. ջերմ խոսքեր՝ վերադարձի հույսով

  • 12:24 11.05.2025

Մայիսի 11-ը Կոլխոզաշեն գյուղի օրն է, որը գտնվում է Արցախի Մարտունու շրջանում։

Չնայած փոքր չափերին և համեմատաբար փոքր բնակչությանը, գյուղն ունի հարուստ պատմություն և մշակույթ։ Այստեղ են ծնվել գեներալ Պարսեղովը և սիրված արցախցի գրող ու բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանը։

Step1.am-ի հետ զրույցում կոլխոզաշենցի Արփինե Հարությունյանը կիսվեց հայրենի գյուղի մասին իր լավագույն հիշողություններով։

– Կոլխոզաշենը դրախտային մի փոքրիկ անկյուն է՝ շրջապատված ապշեցուցիչ բնությամբ, որի գրկում ես և իմ ընկերները մանկության տարիներին օրեր ենք անցկացրել։ Գյուղի առանձնահատկությունը՝ ամենաբարի և հյուրընկալ բնակիչներն են, ովքեր հյուրերին ընդունում էին որպես ընտանիքի անդամների, ինչպես նաև հին խաչքարերը և մշակութային ու պատմական ժառանգության այլ հուշարձանները։

Զվարճանքի ու ավանդույթների արմատները գնում էին հին ժամանակներ. օրինակ՝ մեր գյուղի աղջիկներին սիրահետելիս մյուս գյուղերի տղաներին խորհուրդ էր տրվում գլխներին պաշտպանիչ սաղավարտ դնել, քանի որ հարսի հարազատները կարող էին ծեծել փեսային, եթե նա իրենց դուր չգար։

Մեր համայնքի բնակիչները ակտիվ մասնակցություն են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմին և Արցախյան երեք պատերազմներին։ Զոհված հերոսների հիշատակին գյուղում կանգնեցվեցին հուշաքարեր և պատվանդաններ, գրվեցին բազմաթիվ գրքեր։

Իր լավագույն տարիներին Կոլոխոզաշենը զբոսաշրջիկների սիրելի վայր էր։ Համայնքում է գտնվում նաև գեներալ Պարսեգովի տուն-թանգարանը։

Մանկությանս ամենապայծառ հիշողություններից մեկը Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցումն է, որին մասնակցել է հայրս։ Վերակառուցումը իրականացվել է արցախցի մեծ բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի և նրա դստեր՝ Ռուզաննայի նախաձեռնությամբ։

Ես հաճախ եմ հիշում իմ տունը, որտեղ առավոտյան, պատշգամբ դուրս գալիս, սիրում էի վայելել լեռների ապշեցուցիչ տեսարանը։

Կոլխոզաշենի բնակիչները շատ միասնական են։ Խնդիրի դեպքում բոլոր համագյուղացիները միավորվում են և շտապում միմյանց օգնելու։ Արցախյան պատերազմների ժամանակ մեր գյուղի բոլոր բնակիչները ուս ուսի տված կանգնած էին իրենց հայրենի հողը պաշտպանելու համար։ Նույնիսկ կոշտ շրջափակումը չկոտրեց բնակիչներին։ Նրանք, իրենց բոլոր հայրենակիցների հետ միասին, արժանապատվորեն հաղթահարեցին դժվարությունները՝ երբեք չդադարելով հավատալ ավելի լավ ապագային, բայց ավաղ նրանց սպասելիքները չարդարացան։

Այսօր Կոլխոզաշենի բնակիչները ստիպված են իրենց օրը նշել հայրենի վայրերից հեռու, հարկադիր տեղահանության պայմաններում՝ միմյանց հետ կիսվելով իրենց լավագույն հիշողություններով և վերադարձի մեծ հույսով։ Մինչդեռ համագյուղացիները կապի մեջ են մնում Ֆեյսբուքյան խմբի միջոցով և պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում։

Ամփոփելով՝ ուզում եմ շնորհավորել բոլոր համագյուղացիներին և ջերմ խոսքեր ասել նրանց տոնի առթիվ։

Իմ ամենաջերմ հիշողությունների օրրան, սիրելի՛ Կոլխոզաշեն, շնորհավոր ծնունդդ։ Պինդ մնա, ուժեղ մնա և երբեք մի ջնջիր մեզ քո հիշողությունից։

Սիրելի՛ համագյուղացիներ, շնորհավորում եմ բոլորիս մեր հայրենի Կոլխոզաշենի օրվա կապակցությամբ։ Թող բոլոր դժվարությունները մնան անցյալում, իսկ ապագան լինի խաղաղ, բարգավաճ և լի հաջողություններով։

Եվ թող մեր սրտերում երբեք չմարի Հայրենիք վերադառնալու հույսը։

Արսեն Աղաջանյան