Աշխարհի առաջնորդները այս շաբաթավերջին գոլֆ չխաղացին, քանի որ զբաղված էին կարևոր գործերով։ Թրամփն ասաց, որ մոտենում է «մեծ շաբաթ», որը վերջ կդնի «արյունահեղությանը» և կբերի նոր ու շատ ավելի լավ աշխարհ։ Ինքը՝ Թրամփը, մեկնում է Մերձավոր Արևելքի շրջագայության, և վերլուծաբանները չեն բացառում, որ մայիսի 15-ին Կոստանդնուպոլսում կարող է տեղի ունենալ Թրամփ-Պուտին հանդիպում։
Երեկ գիշերը Վլադիմիր Պուտինը շտապ հայտարարություն արեց, և նման շտապողականությունը վկայում էր, որ նրան դեմ են տվել խիստ վերջնագիր՝ վերջնաժամկետով։ Եվ չնայած Պուտինը չհամաձայնվեց 30-օրյա հրադադարի պահանջին՝ փոխարենը առաջարկելով մայիսի 15-ին Ստամբուլում բանակցություններ անցկացնել, գիշերյին ճեպազրույցը ենթադրում է, որ Պուտինը ստիպված է խաղալ իրեն պարտադրված ռեժիմի շրջանակներում։ Մինչև հիմա աշխարհը արձագանքել է Պուտինի գործողություններին, բայց հիմա, ակնհայտորեն, Պուտինը սևերով է խաղում։
Ահա թե ինչու են համաշխարհային առաջնորդները՝ Թրամփը, Էրդողանը, սա անվանում շրջադարձային պահ։
Պուտինը, ինչպես «12 աթոռ»-ում, առաջարկեց նախ բանակցություններ, ապա՝ զինադադար։ Սակայն, եվրոպական առաջնորդները և Ուկրաինան պնդում են. «նախ՝ զինադադար, ապա՝ բանակցություններ»։
Այստեղ սակարկությունը տեղին չէ, ասում է Էրդողանը։ Նա ասում է, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ, այդ թվում՝ բանակցություններ կազմակերպել՝ հրադադարի և երկարատև խաղաղության ապահովման համար։ Նրա արտաքին գործերի նախարարն ավելի անկեղծ է՝ շաբաթ օրը նա հայտարարեց, որ Անկարան պատրաստ է վերահսկել Ուկրաինայում հնարավոր հրադադարը։
Սա հիմնական պայման է, որը, ըստ երևույթին, ընդունվել է և՛ Մոսկվայի, և՛ Կիևի կողմից։ Մինչ այդ Մոսկվան կտրականապես մերժում էր եվրոպական խաղաղապահների գաղափարը, մինչդեռ Կիևը պնդում էր միջազգային երաշխիքների վրա։
Թրամփը, ըստ երևույթին, գտել է «միջազգային երաշխավոր», և դա Էրդողանն է։
Ի՞նչ կստանա Էրդողանը, եթե նրան հաջողվի կարգավորել իրավիճակը։ Սեղանին շատ բաներ կան՝ Ղրիմը, Աբխազիան՝ Վրաստանի հետ միասին, Հայաստանը, Սիրիան, Երուսաղեմի մի մասը։