Ստով «վերանորոգվող» շենքերը Արցախում․ կարելի է նաև “փող ուտել”

  • 18:35 12.05.2025

Արցախի հայաթափումից հետո ադրբեջանցիները սկսեցին մշակութային ցեղասպանություն՝ ավերելով բնակարաններ, ինչն էլ հոգեբանական տեսանկյունից մեկնաբանվում է որպես ունեցածդ ամբողջությամբ կորցնելու և հետադարձի հասցե չունենալու փորձ։

Ստեփանակերտում և Շուշիում ամբողջական թաղամասեր ավերվեցին՝ քաղաքները փոխելով անճանաչելիորեն։ Հիմնահատակ ավերվեցին նաև գյուղեր։

Մարտունին, իմ քաղաքը, «անմասն էր մնում բարեփոխումներից»։ Ադրբեջանական սոցիալական հարթակներում տարածվող կադրերում քաղաքը երևում էր անխնամ ու կեղտոտ։

Երեկ համաքաղաքացիներիս տարածած տեսանյութում երևում էին շենքեր, որոնց փոխարեն իբր նորերն էին կառուցել։

Մարտունու ամենահին երկհարկանի շենքերի մասին է խոսքը, բայց “նոր հյուրանոցը”՝ դա վաղուց կառուցված «Ավիս» հյուրանցն է, որը ներկայացնում են որպես նորակառույց՝ հին շենքերի տեղը։

Հին շենքերը վաղուց վթարային էին համարվում եւ բնակելի չէին, միայն առաջին հարկում 2 խանութ էր գործում եւ շենքերը պլանային պիտի քանդվեին 2023թ.-ին։ Բայց ո՞վ է ստուգելու։ Կարելի է արդեն պատրաստի հյուրանոցի “կառուցման” համար ձեռի հետ փող էլ աշխատել։

Չգիտեմ էլ՝ տխրե՞մ, թե՞ ուրախանամ, որ սոցցանցերը ողողված են ստերով, և Մարտունին մնում է մեծամասամբ նույնը՝ հին, ավերվող շենքերի կայունությամբ ու անվանափոխվող հյուրանոցներով։

Մարիամ Սարգսյան