Լուսանկարում՝ Ստեփանակերտ, 2020 թ. հոկտեմբեր
1994 թվականի մայիսի 12-ին կնքվեց Արցախում անժամկետ հրադադարի մասին համաձայնագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչները։ Համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի կողմից նախաձեռնված Բիշքեկի արձանագրության ստորագրումից մեկ շաբաթ անց։
1994 թվականի համաձայնագիրը մեծ մասամբ պահպանվել է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը և այդպես էլ չի չեղարկվել։ 1994 թվականի սահմանները ԵԱՀԿ փաստաթղթերում արձանագրվել են որպես գետնի վրա եղած իրականություն, որից պետք է սկսվեին կարգավորման հետագա գործողությունները։
Իրենց բանաձևերում Ֆրանսիայի Ազգային ժողովի զույգ պալատները 2020 թվականի պատերազմից հետո կոչ արեցին վերադառնալ 1994 թվականի սահմաններին և այնտեղից վերսկսել կարգավորել իրավիճակը։ Չնայած «Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու» մասին հայտարարություններին և գետնի վրա փոփոխված իրողություններին, 1994 թվականի սահմանները որպես հիմնական բազա մինչ օրս չեն կորցրել իրենց արդիականությունը։ Դրանք արդիական են ինչպես Ադրբեջանի՝ անժամկետ համաձայնագիրը չխախտելու պարտավորությունների, այնպես էլ այս համաձայնագրի երաշխավոր Հայաստանի պարտավորությունների համատեքստում։
Հայաստանի կառավարությունը չի հիշատակում այս փաստաթուղթը, չնայած հենց այս համաձայնագրի հիման վրա է տարածաշրջանում պահպանվել խաղաղությունը գրեթե 30 տարի, և հենց այս համաձայնագիրն է ԵԱՀԿ Մինսկի խումբն ընդունել որպես հիմք։ Մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը, երբ հայտնվեցին ռուսական զորքերը, և 1994 թվականի սահմաններում գտնվող տարածքների մեծ մասը Հայաստանի վարչապետի ստորագրությամբ հանձնվեց Ադրբեջանին, այլ մեխանիզմներ բացի 1994-ի համաձայնագրից՝ միջազգային պայմանագրեր, խաղաղապահներ կամ դիտորդներ, չկային։
1994 թվականի փաստաթղթի հիշատակումը իհարկե չի տեղավորվում Հայաստանի կառավարության ներկայիս քաղաքականության մեջ, որը հատուկ խառնում է «առաջնահերթությունները»։ Մի կողմից՝ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Ղարաբաղի հարցը փակված է, Հայաստանը որևէ կապ չունի Արցախի տարածքի հետ (ըստ 1994 թվականի փաստաթղթի), իսկ մյուս կողմից՝ Հայաստանում դատվում են հայ զինծառայողներ՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ «դիրքերը զիջելու» համար։
Բառացիորեն այսօր այս մասին հայտարարեց Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը Հայաստանի խորհրդարանում՝ ասելով, որ բարձրաստիճան սպաներն ու շարքայինները մեղադրվում են այն բանի համար, որ իրենց գործողությունները կամ անգործությունը հանգեցրել են 44-օրյա պատերազմի ընթացքում որոշակի ուղղություններով հարձակումների ձախողմանը կամ պաշտպանության ճեղքմանը։
Այսինքն՝ պարզվում է, որ Հայաստանի կառավարությունը չի ճանաչում Արցախի ընտրված իշխանություններին, չի համարում Արցախի ժողովրդին իր լիիրավ քաղաքացիներ, հրաժարվում է Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու իր պարտավորություններից և փակված է համարում Ղարաբաղի, ինչպես նաև 1994 թվականի պայմանագրի խախտման հարցը, իսկ մյուս կողմից՝ դատում է արցախցի և մյուս հայ զինվորականներին Արցախը չպաշտպանելու համար, ինչը իբր և հանգեցրել է Արցախում բնակավայրերի հանձնմանը։
Եթե Հայաստանի կառավարությունը ճանաչում է Արցախի Հանրապետության և Պաշտպանության բանակի լուծարումը որպես օրինական և Ղարաբաղի տարածքը համարում է Ադրբեջանի մաս, ապա ինչի՞ մեջ են մեղադրվում Արցախում կռված զինվորականները։ Ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը 1994 թվականի սահմանները համարում է օրինական, իսկ այդ սահմանների խախտմանը հանգեցրած գործողությունները՝ դավաճանություն և հանցագործություններ։
Նաիրա Հայրումյան