Թրամփը դիտարկում է Կոստանդնուպոլսում Զելենսկիի և Պուտինի հանդիպմանը մասնակցելու հնարավորությունը

  • 20:12 12.05.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ըստ երևույթին, դուր է եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Վլադիմիր Պուտինի հետ Ստամբուլում բանակցություններ վարելու գաղափարը։

Այս մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտարարել է մայիսի 12-ին լրագրողների հետ զրույցում, հաղորդում է Dialog.UA-ն։ Թրամփը կարծիք հայտնեց, որ Զելենսկու և Պուտինի միջև ուղիղ բանակցություններ կարող են տեղի ունենալ արդեն մայիսի 15-ին։ Ավելին, ԱՄՆ առաջնորդը դիտարկում է Ստամբուլ մեկնելու հնարավորությունը, հավանաբար՝ այս հանդիպմանը միջնորդի դեր ստանձնելու համար։

Միաժամանակ, Թրամփը շեշտեց, որ Ստամբուլ կմեկնի միայն այն դեպքում, եթե վստահ լինի այս բանակցությունների դրական արդյունքի մեջ։ «Ես մտածում էի Ստամբուլ գնալու մասին։ Դա հնարավոր է, եթե համարեմ, որ գործերը իսկապես առաջ կընթանան։ Մենք կարող ենք լավ արդյունքներ ստանալ Ստամբուլում կայանալիք հանդիպումից։ Ես կարծում եմ, որ երկու առաջնորդներն էլ այնտեղ կլինեն», – ասաց Թրամփը։