«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի աջակցությամբ Արցախի պարի պետական համույթը առաջին անգամ հյուրախաղերով կլինի ԱՄՆ-ում։
Բացառիկ համերգը տեղի կունենա մայիսի 16 ին Լոս Անջելեսի Ալեքս թատրոնում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմինը 2 տարի անընդմեջ Արցախի պարի պետական համույթի ֆինանսավորումը ապահովելուց բացի նաև 2-րդ մեծ իրադարձությունն է կազմակերպում։
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Արցախի պարի պետական համույթը առաջին անգամ հյուրախաղերով կլինի ԱՄՆ-ում։ Այս պատմական ուղևորությունը բացառիկ հնարավորություն է Նահանգներում ապրող մեր հայրենակիցների համար՝ վայելելու արցախյան պարի խրոխտ ու համարձակ շարժումները, դրա միջոցով փոխանցվող ուժեղ զգացմունքներն ու ավանդույթները», ասված է համույթի գեղարվեստական ղեկավար և «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ–ի փոխնախագահ Ռաուլ Բաբայանի խոսքում:
Հիշեցնենք որ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է Արցախի օկուպացիայից և արցախահայության բռնի տեղահանումից որոշ ժամանակ անց: Կազմակերպության նպատակն է՝ ապահովել Արցախի ստեղծագործական խմբերի հետագա գործունեությունը, պահպանելով արցախյան մշակույթն ու ավանդույթները: