Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
–Պարոն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց․ «Հայաստանը բացասական հետևանքներ է ունենում որոշ արտասահմանյան քաղաքական գործիչների իբր հայանպաստ, բայց իրականում պոպուլիստական հայտարարություններից։ Ես արդեն ասել եմ մեր որոշ միջազգային գործընկերներին և ոմանց ավելի կտրուկ կասեմ, որ նրանք բացահայտ անտեսում են մեր երկրի շահերը՝ հանուն իրենց ընտրազանգվածի»։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը տարբեր երկրների ղեկավարների ու գործիչների կոչ է անում հայանպաստ հայտարարություններ ու քայլեր չանել։ Մենք ականատես ենք եղել, որ Եվրախորհրդարանը, եւ Ֆրանսիայի Սենատը, եւ Շվեյցարիայի խորհրդարանը հայանպաստ բանաձեւեր են ընդունել։ Դրա՞նք է Նիկոլ Փաշինյանը «կեղծ պրոհայկական» ու «պոպուլիստական» որակում, ի՞նչ է սա նշանակում։
-Իսկ ի՞նչ է նշանակում բացասական հետեւանք, նախ եւ առաջ դա է կարեւոր հարցը։ Դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ այն ուժերի համար, ովքեր ուզում են, որ հայերը լինեն հայրենազուրկ ժողովուրդ, որպեսզի Արցախի էթնիկ զտման համար Ադրբեջանը պատասխան չտա։ Ովքեր նման դիրքերում են կանգնած, իրենց համար Եվրամիության բանաձեւը, Ֆրանիսյաի նախագահ Մակրոնի հայտարարությունները «պոպուլիստական, վտանգավոր ու վնաս բերող» հայտարարություններ են։ Դա պայմանավորված է այն քաղաքական նպատակներով, որոնք հետապնդում են ասողները։ Այսօր տեսանելի է, որ Հայաստանի իշխող ուժը սպասարկում է Ադրբեջանի շահերը, սպասարկում է Արցախում էթնիկ զտման լեգիտիմացման փորձերը։ Եվ տրմաբանական է, որ իրենց տեսակետից տարբերվող հայտարարությունները, որոնք արվում են ի օգուտ հայ ժողովրդի, արվում են հանցավոր պետությունների համար, որ իմանան՝ Արցախի խնդիրն այդպես ուժով լուծում չի ստացել, վատ են ընդունվում ու վատ գնահատվում։
–Նախորդ տարիներին տարբեր առաջարկներ են եղել միջազգային հանրության կողմից, որոնց ՀՀ իշխանությունները չեն արձագանքել։ Օրինակ՝ 2019 թվականի Մինսկի խմբի առաջարկները, որոնց մանրամասները այդպես էլ չհրապարակեցին ու չներկայացրեցին հանրությանը, Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայելու առաջարկները, այլ նախաձեռնություններ եւս եղել են։ Այս ամենը փաստորեն մերժվե՞լ է ՀՀ իշխանության կողմից։
-ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ ԵԱՀԿ հովանու ներքո ստեղծված է եղել բարձր սպաների պլանավորման խումբ։ Մի քանի պետության ռազմական մասնագետներ այդ խմբում մի քանի տարի աշխատել են։ Եվ իրենք մշակել են Արցախում խաղաղարար օպերացիների 4 տարբեր ծրագիր, որոնք բոլորը ենթադրում էին միջազգային խաղարար ուժերի տեղադրում Արցախում՝ տարբեր նյուանսներով։ Բայց դա երբեք չի ենթադրել, որ ԵԱՀԿ պետություններից որեւէ մեկը միայնակ կարող է խաղարար օպերացիա իրականացնել այդ տարածքում։ Դրա վերաբերյալ կա նաեւ ԵԱՀԿ պետությունների համատեղ հայտարարություն, որ իրենք բոլորը բացառում են, որ ԵԱՀԿ տարածքում որեւէ պետություն ունի նախապատվություն՝ խաղաղարար օպերացիա իրականացնելու։ Այսինքն՝ այլ տարբերակ չպետք է լիներ եւ չէր կարող լինել ԵԱՀԿ շրջանակներում։ Այսինքն՝ ռուսական զորքերի տեղակայումն Արցախում դա արդեն նշանակում էր, որ Ադրբեջանը եւ Հայաստանը հակադրվում են ԵԱՀԿ կառույցներին, ԵԱՀԿ մոտեցումներին եւ միջազգային իրավունքին։ ԵԱՀԿ խաղաղ կագավորման գործընթացը հիմնված էր միջազգաին իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։ Եվ հիմա այս գիծը շարունակվում է՝ տեղի ունեցած հանցագործությունները սպասարկելու, լեգիտիմացնելու նպատակով։
Ինչ վերաբերում է Մինսկի խմբի առաջարկներին, բոլոր առաջարկները ենթադրում էին, որ Արցախում պետք է անցկացվեր հանրաքվե, որի միջոցով պետք է որոշվեր վերջնական կարգավիճակը։ Այդ հանրաքվեն պետք է անցկացվեր ազատ պայմաններում, հանրաքվեին պետք է մասնակցություն ունենային բոլոր այն մարդիկ, ովքեր դրա իրավունքը կարող էին ունենալ, այսինքն՝ ովքեր Արցախի հետ ունեն իրավական կապ՝ ծնվել են, գույք ունեն այնտեղ կամ ապրել են այնտեղ։ Իրավատերերը՝ անկախ իրենց ազգային պատկանելությունից, պետք է ազատորեն որոշեին իրենց կարգավիճակը։ Սա է խաղաղ կարգավորման մեխը։ Մնացածը դրան ածանցյալ անհրաժեշտ գործողություններ էին։ Ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրսբերման դեպքում նախատեսվում էր այնտեղ տեղակայել միջազգային զորքեր, որովհետեւ, ինչպես ասացի, ԵԱՀԿ-ում սկզբունքը բացառում է, որ ինչ-որ պետություն միայնակ խաղաղարար ու խաղաղապահ օպերացիա պետք է իրականացնի։ Միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումն անհրաժեշտ էր, որպեսզի հանրաքվեի համար լինեին պայմաններ։
Երկրորդ հարցը Արցախի կարգավիճակին է վերաբերում, ժամանակավոր այնպիսի կառավարում, որը բոլորի համար կապահովեր մարդու իրավունքների պաշտպանությունը։ Լաչինի միջանցքի, միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հարցերը միշտ եղել են ոչ թե բանակցությունների առարկա, այլ եղել են Մինսկի խմբի առաջարկների գլխավոր դրույթները։ 2007 թվականից ի վեր հրապարակվել են բոլոր այն 9 տարրերը, որոնց շուրջ պետք է լիներ խաղաղ կարգավորումը։ Իսկ մեխը հանրաքվեն էր։ Նույնիսկ Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել, որտեղ ասել է, որ բոլոր կետերի հետ համաձայն է։ Միակ անհամաձայնությունը, որը նա բանակցային պրոցեսում ուներ եւ որի շուրջ Մինսկի խմբի համանախագահների հետ հակադրվում էր, այն էր, որ հանրաքվեի հարցը կարող էր ներառել եւ Արցախի անկախությունը, եւ Հայաստանին միանալու հարցերը։
Այստեղ քննարկելու հարց չկա, հասկանալի է, թե այս իշխանություններն ինչ կուրս ու նպատակներ են ունեցել ի սկզբանե, ինչին է դա վերաբերել։ Եվ այսօր էլ իրենք գնում են միջազգային հանրության դեմ, որպեսզի պաշտպանեն Ադրբեջանն այդ եղանակով։ Փորձում են շանտաժ անել, որ միջազգային դիրքորոշումը՝ Եվրամիության երկրների խորհրդարանի, Ֆրանսիայի դիրքորոշումներն իբր թե վտանգ են ստեղծում Հայաստանի համար, եւ դրա պատճառով Հայաստանը կարող է պատերազմի կամ ագրեսիայի ենթարկվել։ Դա էժանագին շանտաժ է, եւ բոլորի համար պարզ է, թե Նիկոլ Փաշինյանն ինչով է զբաղված։ Իր նկատմամբ վերաբերմունքն էլ համապատասխանում է իր բռնած դիրքին․ տեսնում ենք, որ ինքը եւ Մոսկվայում է իզգոյ, եւ Արեւմուտքում։ Որպես քաղաքական գործիչ՝ ոչ մի տեղ չունի հենարան։
Ռոզա Հովհաննիսյան