Մակրոնը խոստովանեց, որ Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել տարածքներից և ՆԱՏՕ-ի անդամակցությունից

  • 10:11 14.05.2025

Ֆրանսիան կշարունակի ներդրումներ կատարել ուկրաինական բանակի ամրապնդման գործում, որը պետք է դառնա Կիևի «անվտանգության առաջին երաշխիքը» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը TF1 հեռուստաալիքի եթերում երեքշաբթի՝ մայիսի 13-ի երեկոյան։

Միևնույն ժամանակ, «քանի որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին, մենք (Ֆրանսիան – խմբ.) առաջարկում ենք տեղակայել (խաղաղապահ – խմբ.) զորքեր՝ առաջնագծից հեռու լրացուցիչ անվտանգություն ապահովելու համար՝ համատեղ գործողությունների շրջանակներում», – հավելել է Մակրոնը։

Մակրոնի խոսքով՝ ուկրաինացիները հասկանում են, որ չեն կարողանա վերադարձնել 2014 թվականից ի վեր Ռուսաստանի կողմից գրավված իրենց բոլոր տարածքները։ «Պատերազմը պետք է ավարտվի, և Ուկրաինան պետք է լինի լավագույն դիրքում՝ բանակցություններ սկսելու համար», որոնք «թույլ կտան լուծել տարածքային հարցերը», – Ֆրանսիայի պետության ղեկավարի խոսքերն է մեջբերում AFP գործակալությունը։

«Նույնիսկ ուկրաինացիներն իրենք բավականաչափ հեռատես են՝ ասելու (…), որ չեն կարողանա վերադարձնել այն ամենը, ինչ իրենցից խլել է Ռուսաստանը 2014 թվականից ի վեր», – ընդգծել է Մակրոնը՝ առանց կոնկրետ տարածաշրջաններ նշելու։

Մինչ դեռ Եվրոպական խորհրդարանը, Բրյուսելում «Ղրիմի շաբաթվա» շրջանակներում, քննարկում է անցկացրել Ռուսաստանի կողմից բռնակցված ուկրաինական թերակղզու, նրա ներկայի և ապագայի վերաբերյալ, հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այժմ նաև եվրոպացի առաջնորդների կողմից Ուկրաինայում խաղաղության գործընթաց սկսելու փորձերի համատեքստում։ Երեքշաբթի՝ մայիսի 13-ին, Եվրախորհրդարանի պատգամավորները հրավիրեցին Ուկրաինայի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և Ղրիմի թաթարների բնիկ ժողովրդի ներկայացուցիչներին մասնակցելու քննարկմանը։

Նրանք բոլորը խոսեցին Ղրիմի հարցում քաղաքական փոխզիջումներ թույլ չտալու կարևորության մասին՝ առաջին հերթին այնտեղ ապրող մարդկանց բարօրության համար։ «Քանի դեռ Ղրիմի հողերը մնում են ռուսական օկուպացիայի տակ, Ուկրաինայի քաղաքացիների իրավունքների, նրանց ազատության և կյանքի համար վտանգը կմնա», – ընդգծել է Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսի առաջին փոխնախագահ Նարիման Ջելյալովը։ «Քաղաքական դրդապատճառներով հետապնդումները, հարկադիր անհետացումները, անօրինական կալանավորումները, խուզարկությունները և ձերբակալությունները կշարունակվեն»։

Նարիման Ջելյալովը շեշտեց, որ Ղրիմի ժամանակավորապես օկուպացված տարածքի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը անընդունելի է։ Նրա կարծիքով՝ «նման ճանաչումը կնշանակեր, նախ, միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ խախտում, երկրորդ՝ ոտնձգություն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ», և, բացի այդ, ագրեսորի համար անպատժելիության նախադեպի ստեղծում։

Առանց Ղրիմի ազատագրման Եվրոպայի անվտանգության երաշխիքներ չեն կարող լինել, հայտարարել են ուկրաինացի պատվիրակները։