Արցախցիները պետք է տեր կանգնեն իրենց ունեցվածքին եւ հայցեր ուղարկեն միջազգային ատյաններ

  • 15:59 14.05.2025

Բռնի տեղահանված արցախցիները, ովքեր Արցախում թողել են իրենց գույքը, պետք է իմանան, որ այդ գույքի նկատմամբ իրենց իրավունքը շարունակում է պահպանվել ու պահպանվելու է թեկուզ տասնամյակներ անց։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Նշենք, որ տեղեկություններ կան, թե Ադրբեջանը նախապատասրական աշխատանքներ է սկսել՝ պետականացնելու արցախցիների գույքը։ Եվ Ադրբեջանի իշխանությունները սկսել են հայտարարություններ այնել  այն մասին, թե իբրեւ արցախցիների գույքի 80 տոկոսը տեր չունի։

Արա Ղազարյանն ասում է, որ Հյուսիսային Կիպրոսի նախադեպը կա․ բռնի տեղահանված անձանց գույքը ազգայնացնելու ցանկացած օրենք առոչինչ է, հենց ընդունման պահից անօրինական է, որովհետեւ այդ օրենքը ծագում է բռնությունից։

«Այսինքն՝ դա տեղահանված անձանց գույքն է, ոչ թե այդ մարդիկ այդ գույքն իրենց կամքով են նվիրել Ադրբեջանի հասարակությանը։ Եվ բռնության հիման վրա կամ բռնությունից ծագող ցանկացած օրենք առոչինչ է։ Դրա նախադեպը կա, եւ Ադրբեջանը, կարծում եմ, դա շատ լավ գիտի եւ որեւէ ռեսուրս չի ունենա թեկուզ տասնամյակներ անց հիմնավորելու, որ այդ օրենքն իրավաչափ է։ Մենք հենց դրան էլ սպասում ենք, որովհետեւ վստահ ենք, որ վաղ թե ուշ Ադրբեջանը պետք է այս գույքն ազգայնացնի, որպեսզի իր օրենքների համաձայն օրինական հիմք ունենա այդ գույքը փոխանցելու մասնավոր անձանց։ Բայց տասնամյակներ էլ անցնեն, արցախցիներն իրենց գույքի նկատմամբ տիտղողը՝ իրավունքը պահպանելու են»,- ասաց նա։

Արա Ղազարյանը հիշեցրեց, որ 1974 թվականին Հյուսիսային Կիպրոսից բռնի տեղահանվեց 230 հազար հույն, նրանց գույքը մնաց այնտեղ, բայց 41 տարի անց Թուրքիան ընդունեց, որ հույները բռնի տեղահանվել են եւ համաձյանեց փոխհատուցել։

«Դե պարզ է, չէ՞, որ եթե փոխհատուցում է, նշանակում է ընդունում է նրանց գույքային իրավունքը։ Իսկ դրանից առաջ՝ 1985 թվականին Սահմանադրության ուժով Թուրքիան նրանց գույքն ազգայնացրել էր։ Եվ Եվրոպական միությունը, եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, եւ Եվրոպական դատարանը անգամ երեք տասնամյակներ անց դեռ որոշումներ էին կայացնում օրենքի հիման վրա։ Մեկ այլ օրինակ է Ղրիմում ուկրաինացիների թողած գույքն ազգայնացնելու վերաբերյալ Ռուսաստանի օրենքը։ Եվրոպական դատարանը միջազգային հումանիտար իրավունքի հիմքով նշեց, որ օկուպանտն իրավունք չունի նոր օրենք այնտեղ կիրառել»,- հավելեց Արա Ղազարյանը։

Մասնագետի խոսքով՝ արցախցիները պետք է տեր կանգնեն իրենց իրավունքներին եւ հայցեր ուղարկեն միջազգային ատյաններ։ Նրա խոսքով՝ հիմա այդ աշխատանքն արվում է, մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ, բայց որոշ խմբեր աշխատում են այդ ուղղությամբ։

«Եթե ադրբեջանցիներն ընդունեն արցախցիների գույքն ազգայնացնելու օրենքը, դա կարող է նոր ժամկետի հիմք հանդիսանալ, որ արցախցիները դիմեն Եվրոպական դատարան»,- նշեց Ղազարյանը։

Ռոզա Հովհաննիսյան