Որոշումը կայացված է․ Թրամփ-Պուտին պակտը եւ Հայաստանը

  • 22:06 14.05.2025

Կոստանդնուպոլիս, ճարտարապետ Պալյան

Կ․Պոլիսը կրկին հայտնվել է միջազգային իրարանցման կենտրոնում․ մայիսի 15-ին այստեղ նախատեսված են Ուկրաինա-Ռուսաստան բանակցությունները։ Պատահակա՞ն է արդյոք բանակցությունների համար այս քաղաքի ընտրությունը․ հիշեցնենք, որ ուկրաինա-ռուսական բանակցությունների նախորդ փուլը նույնպես անցկացվել է Կ․Պոլսում։ Իսկ ավելի վաղ՝ 2023-ի սեպտեմբերի 17-19-ին այստեղ անցկացվել էր ԱՄՆ-Ռուսաստան-Եվրամիություն գաղտնաժողովը, որտեղ կայացվել էր Արցախի պետականության ոչնչացման եւ բնիկ մեծամասնության արտաքսման, այսինքն՝ ցեղասպանության որոշումը։ ԱՄՆ եւ Եվրամիությունը համաձայնություն էին տվել Ացախի ցեղասպանության ռուս-թուրքական ծրագրերին՝ Հայաստանում իշխանության դրված վարչախմբի առաջնորդությամբ։

Արցախում տեղի ունեցածի թեման խնամքով լռության է մատնված համաշխարհային մամուլում, քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներում։ Այնինչ, այդ իրադարձությունները այսպես կոչված նոր աշխարհակարգի ձեւավորման գործնական մեկնարկն են։ Ցեղասպանությունները «լեգիտիմացնելու» վերաբերյալ ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի հայտնի ելույթում նախանշված են «առաջիկա 50 տարիների համար ինչ-որ կարգ» սահմանելու դրույթները եւ իրագործման մեխանիզմները։ Թրամփի վարչակազմը շարունակում է այս քաղաքականությունը, խոսելով ու գործելով ավելի բաց ու առանց ավելորդ սեթեւեթանքների։

Կայացվել է սահմանների վերաձեւման որոշումը «չլուծված հակամարտությունների վերացման» եւ միջազգային գործող սկզբունքները վերանայելու մեխանիզմով, ինչը «վավերացվելու» է Կ․Պոլսում։ Այսինքն, «օրինականացվում» է սահմանների վերաձեւումը։ Ավելին, վերանալու են որոշ պետություններ, հնարավոր է ստեղծվեն նորերը․ ամեն ինչ կախված է այս գործընթացներին մասնակցության, սուբյեկտության համոզիչ հայտերից։

Այս գործընթացը քաղաքագետներն անվանում են Պուտին-Թրամփ պակտ, որի մեջ Ուկրաինան պայմանավորվածությունների մի փոքր մասն է կազմում։

Արցախի ցեղասպանության իրագործումը նշանավորում է ամերիկակենտրոն աշխարհի ավարտը։ ԱՄՆ կորցնում է իր դիրքերը, դադարում է լինել համաշխարհային առաջնորդ եւ ձգտում է նոր աշխարհում ունենալ գերադասելի դիրքեր, ինչով էլ պայմանավորված է Թրամփի «գործարքային» քաղաքականությունը։ ԱՄՆ «խորքային պետությունը» փորձում է այս եղանակով կարգավորել ներքին ու արտաքին կուտակված եւ կուտակվող ահռելի խնդիրները։

Իսկ Հայաստա՞նը, որտեղ քաղաքական կոչվող ուժերը, մեդիան ու քաղաքագիտությունը շարունակում են առատորեն արտազատել ավանդական դեբիլային թեզերը Արեւմուտքի, Ռուսաստանի ու մնացյալի վերաբերյալ։ Գուցե փորձեն պատասխանե՞լ հարցին, թե ինչու է ԱՄՆ վերջին 100 տարում արդեն չորրորդ անգամ նետվում փրկելու Ռուսաստանը, եւ ինչ դերում է այդտեղ Հայաստանը, ինչու է Ռուսաստանն իր խնդիրները լուծում հայկական հողերի ու հայկական արյան հաշվին։

Դժվար չէ կռահել, թե ինչ է սպասում մի երկրի, որը հրաժարվել է իր իրավունքներից եւ նոր աշխարհակարգի ձեւավորման սուբյեկտային հայտից, ինչը ամենաարժեքավորն է համաշխարհային ներկայիս գործընթացներում։ Ավելին, սա է որեւէ պետության՝ սեփական գոյության հիմնավորման միակ ուղին։ Համաշխարհային զարգացումների նման փուլերը ազգային-պետական խնդիրները լուծելու պատուհան են, երբ վերանում են կաշկանդող հանգամանքները։ Իսկ «խաղաղության օրակարգը» միջազգային քաղաքականության ոչ թե սուբյեկտ, այլ օբյեկտ լինելու հայտ է, ուղիղ լուծարման տանող մեխանիզմ։

Արամ Եգանյան