«Աբրահամի համաձայնագրերը» Հայաստանին «տեղափոխում են» Մերձավոր Արևելք․ նոր աշխարհակարգ

  • 10:50 15.05.2025

Մոսկվայից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովին:

Գագաթնաժողովը տեղի է ունենում Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի անսպասելի հայտարարության ֆոնին։

Ամերիկացի պաշտոնյան հույս է հայտնել, որ առաջիկայում մի շարք արաբական երկրներ կմիանան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «Աբրահամի համաձայնագրերին»։ «Իմ կանխատեսումն այն է, որ համեմատաբար մոտ ապագայում «Աբրահամի համաձայնագրերին» կարող են միանալ Լիբանանը և նույնիսկ Սիրիան», – նշել է Ուիթքոֆը։

«Ես խոսում եմ Աբրահամի համաձայնագրերին միացող երկրների մասին, դա կարող է պատահել Ադրբեջանի և Հայաստանի հետ, որտեղ մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների լուծմանը՝ վերջնականապես լուծելուն։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»։

Ուիթքոֆի հայտարարությունը իսկական իրարանցում է առաջացրել Հայաստանում։ Մինչ այդ ամերիկացիները խոսում էին «Աբրահամի համաձայնագրերին» Բաքվի միանալու մասին։ Ուիթքոֆը նույնիսկ Բաքու էր ժամանել դրա համար։

Հայաստանի ԱԳՆ-ն սակայն չի հերքել այդ թեմայով քննարկումները, հայտարարելով, որ ամերիկյան կողմի հետ համագործակցության տարբեր ձեւաչափեր են քննարկվում։

Մինչդեռ նման հայտարարությունը խոսում է Հայկական հարցի կարգավորման ֆորմատի կտրուկ փոփոխությանմասին։ Մինչ այս պահը “պայքարը” գնում էր ռուս-թուրքական եւ այսպես կոչված եվրոպական ձեւաչափերի մեջ, ընդ որում՝ եվրոպականն ավելի “սովետական” է, քան բուն ռուսականը։ Նկատի ունենք, որ հենց Եվրոպան է առաջ տանում Ալմա-Աթայի պայմանագրով իբր ամրագրված սահմանները, որը նույնիսկ ռուսները չեն ճանաչում։ Չէ որ Ռուսաստանը քանդել է Ալմա-Աթայի պայմանագիրը, բռնակցելով Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը։

Արցախի բռնակցումը “օրինական” ճանաչելուց հետո Եվրոպան ստիպված է ճանաչել Ռուսաստանի “իրավունքը” Ուկրաինայի և այլ եվրոպական երկրների տարածքների նկատմամբ։ Մակրոնն արդեն հայտարարել է, որ Ուկրաինայի նախկին սահմաններին վերադարձ չի լինելու։

Բայց Հայաստանի դեպքում Եվրոպան համառորեն պնդում է սովետական սահմանները։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում երկու անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022-ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երկրորդը՝ 2023 -ի հունիսին, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։

Մոսկվան իր հերթին պահանջում է, որ Հայաստանը փոխի սեփական Սահմանադրությունը և փաստացի ճանաչի ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը։ 2020-2023-ի պատերազմները հենց այդ պայմանագրի ընդլայնված հաստատմանն էին ուղղված և դրա միջազգային լեգիտիմացմանը։

Ի՞նչ կարգավորում է առաջարկում ԱՄՆ-ը Երևանին և Բաքվին «Աբրահամի համաձայնագրերին» միանալու դեպքում։ Արդյո՞ք ԱՄՆ կհիշի Վուդրո Վիլսոնի վճիռը։ Դժվար է պակկերացնել, քանի որ Թրամփի վարչակազմի կողմից փակված հաստատություններից առաջինը՝  Վիլսոնի ինստիտուտն էր։

Հիշեցնենք, որ դեմոկրատ-նախագահ Վիլսոնը Առաջին համաշխարհային արդյունքում փլուզված 6 իմպերիաների փոխարեն առաջարկել է սուվերեն պետությունների ստեղծման գաղափարը։ Հենց այդ գաղափարն է գործել այս 100 տարիներին որպես աշխարհակարգ, և դրա վերացման դեմ է Թրամփի վարչակազմի՝ նեոիմպերիաներ ստեղծելու քաղաքականությունը։ Ըստ այդմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը հայտնվում են Մեծ Մերձավոր Արևելք տարածաշրջանում և ենթակա են «Աբրահամի համաձայնագրերին»։

Ի՞նչ է Փաշինյանը քննարկելու Ալբանիայում։

Նաիրա Հայրումյան