Ստեփանակերտ. Արցախ թաղամասի բնակարանամուտը
Արցախցիները պետք է տեր կանգնեն իրենց ունեցվածքին եւ հայցեր ուղարկեն միջազգային ատյաններ, ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը` բերելով Հյուսիսային Կիպրոսի նախադեպը:
Այդ ընթացքում սոցիլական ցանցերում ադրբեջանցիների տարածած տեսանյութերից երեւում է, որ նրանք հանգիստ մտնում են ստեփանակերտցիների բնակարաններ (հիմնականում նորակառույց) եւ պատշգամբներից հերթական տեսանյութերն են նկարում քաղաքից: Ստեփանակերտի դիմագիծն այլեւս փոխված է, ամբողջական թաղամասեր են քանվում: Պարզ չէ, թե ինչ է կատարվում Արցախի մյուս բնակավայրերում, գյուղական համայնքներում: “Սոված կացել, հացի վրա էլ եմ տնտեսել, բանակում երկու տասնամյակ ծառայել, մինչեւ այս տունը ստացել եմ”, ասում էր Ստեփանակերտի նորակառույցների մի բնակիչ (կին):
Ալիեւը մասշտաբային շինարարություն է սկսել Արցախում: Կիսակառույցներն ավարտին է հասցնում, իսկ լրատվամիջոցներն այն ներկայացնում են այնպես, իբր մոխիրների վրա քաղաքներ են կառուցում: 2020թ. պատերազմից հետո Իվանյանում (Խոջալու) մի ամբողջ թաղամաս էր կառուցվել, որի մասին արցախցիներն խանդավառությամբ ասում էին, որ ռուսական կոնտինգենտի ընտանիքների համար է եւ շուտով ռուս զինվորականների կանայք ու երեխաները կգան եւ կբնակվեն այդ բնակարաններում (Գյումրու պես): Բայց ռուսներն իրենց “գործը պատվով ավարտած համարեցին ադրբեջանական հողի վրա ու հեռացան”:
Սերժ Սարգսյանի եւ Ալեն Սիմոնյանի չհայրենիք Ակնա-Աղդամում Աուշվիցի բարաքները հիշեցնող տներ են կառուցել ադրբեջանցիները, որ պարզ չէ, թե ով է Բաքուն թողնելու եւ այնտեղ բնակվելու: Այսօր գոնե ադրբեջանական լրատվամիջոցները մարդկանց բերում լացացնում են այնտեղ եւ ռեպորտաժներ պատրաստում պրոպոգանդայի համար: Հետո հետ տանում Բաքու։
2022թ. Իսրայելը հայտարարել էր ռուս-ուկրաինական պատերազմից տուժած հրեաների համար Ֆինլանդիայում եւ Ադրբեջանում փախստականների ճամբարներ բացելու մասին:
Որոշ ադրբեջանցիներ պնդում են, որ Աղդամի այդ տնակներում հենց նրանք են բնակվելու: Կբնակվե՞ն հրեաներն այդ “հարմարավետ” տնակներում, որ միայն դրոնների կադրերում է սիրուն: Ինչեւէ, գոնե Ադրբեջանը նման տնակներ է կառուցում, այն էլ հրեաների համար, Հայաստանն անգամ դա չի կարողանում անել արցախցիների համար, իսկ ավելի ճարպիկներն առաջարկում են Ռոբերտ Քոչարյանի հյուրանոցներում բնակվել:
Որտե՞ղ բնակվել
Կատակ բան չէ սեփականությունը, ոչ էլ հայրենասիրական պաթոս ու պատրանք: Երբ Ստեփանակերտում փողոցներ էին բարեկարգում, էքսկավատորը պետք է մի քիչ քերեր բնակիչների բոստաններից` ճանապարհները լայնացնելու համար: “It is people’s property!”, այսպիսին էր այնտեղ բնակվող ամերիկացու արձագանքը, իբր ինչպե՞ս կարելի է ձեռ տալ մարդկանց սեփականությանը: Լավ է, որ ամերիկացի իմ բարեկամն այսօր չի տեսնում, թե ինչպես է Ալիեւն առանց ամաչելու քերում ոչ թե բոստաններն, այլ ամբողջ Արցախը: Ահա այսպես է արձագանքում ամերիկացին սեփականության կորստի համար, իսկ հայերն երկու տարի էլ չանցած, ամեն ինչ մոռացել են:
Մինչեւ հիմա երեւանցիները թեժ են պահում Հյուսիսային պողոտոյի, Կոնդի, Բյուզանդի թեման, մեղադրում Քոչարյանին մարդկանց սեփականությունը խլելու, նրանց իրենց տներից վտարելու մեջ: Ես հիշում եմ, երբ 2016թ. լրագրողական մի ծրագրի շրջանակում հետաքննություն էինք անցկացնում այդ թեմայով, մեկն, ով տուն էր ունեցել Կոնդում, նստել էր շինհարթակում, ծխում եւ վրդովված ասում էր մեզ, որ գժվել, հոգեկան հիվանդ է դարձել արդեն: Կառավարությունը նրան կենտրոնում այլ տուն էր առաջարկում (նորակառույցում ի դեպ), բայց վերջինս չէր համաձայնում. “ամբողջ կյանքս այստեղ եմ ապրել, ինչո՞ւ պետք է Բաղրամյան գնամ”, ասում էր նա:
Պատկերացնո՞ւմ եք արցախցիների վիճակը, ովքեր հիմնականում երկու տուն են ունեցել, Ստեփանակերտում եւ գյուղի տունը: Երկուսն էլ կորցրել եւ ինչ-որ վարձով տան են հայտնվել, որ նախկինում ոչ ոք չէր վարձել: Համաձայնեք, թեթեւ չեք տանի, եթե iPhone կորցնեք: Բնականաբար նրանց Բաղրամյան պողոտայում տուն առաջարկող չկա, իսկ բնակարանային ծրագրով առաջարկի մասին ավելորդ է խոսել:
Ամենը, ինչ կարող են անել նրանք այսօր, չգժվել եւ ապրել Հայաստանի կառավարության ու միջազգային իրավունքի հանդեպ սին հույսեր պահելով, ձեռի հետ էլ մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ անշարժ գույքի գործակալությունների “գայթակղիչ” առաջարկներ նայելով Ինստագրամում:
Մարութ Վանյան