Վերջին օրերին համացանցում տարածված տեսանյութը՝ դպրոցում ուսուցչի հանդեպ ծնողների, աշակերտների և լրագրողների կողմից ցուցաբերած անպատշաճ վերաբերմունքի մասին, բուռն արձագանք առաջացրեց։ Դեպքը դատապարտվեց հասարակության լայն շրջանակների կողմից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նույնպես անդրադարձավ միջադեպին ֆեյսբուքյան գրառմամբ: Սակայն, բուն դեպքին գնահատական տալու փոխարեն նախարարը ընդհանրացնող գնահատականներ հնչեցրեց առհասարակ հայ ընտանիքներում երեխաների դաստիարակության մասին, որոնք, մեղմ ասած, մտահոգիչ էին:
Երբ մասնավոր դեպքը պրոյեկտվում է հանրության մեծ մասի վրա
Մտահոգությունները հատկապես նախարարի այն ձևակերպման կապակցությամբ են, թե իբր ծնողներն իրենց երեխաներին դաստիարակում են «ջունգլիների օրենքով»՝ բռնության ու անհանդուրժողականության քարոզով։ Այս ձևակերպումը ավելի շատ նման էր քաղակտիվստի, քան մի ամբողջ նախարարություն ղեկավարող պաշտոնյայի հայտարարության: Եթե նման ծայրահեղ գնահատականներ են հնչեցվում, ապա անհրաժեշտ է դրանք ամենաքիչն ամրացնել փաստարկներով, այլապես դրանք վերածվում են հանրության ուղիղ պիտակավորման։
Քանի որ նույն ընթացքում շատ ավելի գռեհիկ դրսևորումների ենք ականատես լինում երկրի դեմքը ներկայացնող Ազգային ժողովում, հանրությունը կարծես թե հարմարվել է ցանկացած անհավասարակշիռ և պաշտոնյայի խոսույթին ոչ հարիր բառամթերքի, ինչի ապացույցն էր նախարարի գրառման հազարավոր լայքերն ու տարածումները: Իհարկե, այդ գրառումը հավանողներն ու տարածողները դա անում էին ավելի շատ ցույց տալու, որ իրենք նախարարի ընդգծած մեծամասնության մեջ չեն մտնում, այլ՝ «պարկեշտ և դաստիարակված» փոքրամասնության:
Ամեն դեպքում երբ համեմատում ենք կրթության նախարարի ծայրահեղացված, բայց գոնե առանց հայհոյանքների գրառումը, օրինակ՝ վարչապետի անբռնազբոս վարքի, պատգամավորների իրար հասցեի հնչեցվող խայտառակ բնութագրումների և խմբակային մեկ հոգու ծեծելու հետ, ապա նախարարի խոսքն ինչ-որ տեղ կարող է անգամ մեղմ և ընդունելի թվալ, ինչը և նկատելի էր նախարարի գրառումը հավանած ինտելեկտուալների լայքերից:
Քաղաքական ուղերձն ու դրա երկակի ստանդարտները
Հետաքրքիր է՝ նույն քաղաքական իշխանությունը, որը 2020-ի պարտությունից հետո նպատակաուղղված հեռացնում է պատմական և ազգային խորհրդանիշները դպրոցներից՝ հիմնավորելով դա «ռևանշիզմի տպավորություն» չձևավորելու անհրաժեշտությամբ, այս դեպքում առանց վարանելու ընդհանրացնում է մի դեպք՝ որպես ամբողջ ժողովրդի վարքագծային բնութագրում։ Երբ ադրբեջանական դպրոցներում տարիներ շարունակ պետական մակարդակով ձևավորվում է ատելություն հայերի նկատմամբ, այդ պետությունն իր ներսում շարունակում է ընկալվել որպես «քաղաքակիրթ»։ Իսկ Հայաստանում, ընդամենը մեկ դատապարտելի միջադեպի վրա հիմնվելով, բարձր մակարդակով պիտակավորվում են ծնողներն ու երեխաները՝ որպես «անհանդուրժողական ու բռնարար»։
Երբ բացակայում է աջակցությունը, ավելանում է մեղադրանքը
Խնդիրը միայն անհատական գնահատականների մակարդակում չէ, այլ խորապես համակարգային է։ Անհնար է ակնկալել ուսուցչից ինքնավստահություն ու արդյունավետ ինքնապաշտպանություն, երբ տարիներով նա զուրկ է եղել մասնագիտական ռեսուրսներից և հոգեբանական աջակցությունից։ Դպրոցը չի կարող ապահովել առողջ կրթական միջավայր, եթե չկան մշակված մեխանիզմներ միջանձնային կոնֆլիկտների կառավարման համար։ Նույն կերպ՝ անարդար է մեղադրել ծնողին, եթե բացակայում է համակարգված և հասանելի աջակցություն ծնողական դաստիարակության հարցում։
Սրանք այն հիմնախնդիրներն են, որոնք արժեր նախարարը դիտարկեր՝ նախքան հանրությանը «ջունգլիական» դաստիարակության մեթոդների մեջ մեղադրելը։ Իսկ նրա գրառումը՝ առանց փաստերի ու կոնտեքստի լայնամասշտաբ մեղադրանքներով, ոչ միայն չի նպաստում հանրային համերաշխությանը, այլ խորացնում է կեղծ բաժանումներն ու շեղում ուշադրությունը կրթության իրական խնդիրներից։
Պաշտոնական խոսքի դեգրադացիան
Դժվար է պատկերացնել կրթական համակարգի առողջացումը, երբ նախարարությունը ղեկավարում է մի պաշտոնյա, որի բառամթերքը չի տարբերվում միջին վիճակագրական էմոցիոնալ քաղակտիվստի բառամթերքից և խոսքը միայն անհամաչափ մեղադրանքների մասին չէ՝ ուղղված հանրության մեծ մասին, այլ ամենասովորական գրական հայերենի մասին, երբ նախարարը «այդ» գրական ձևի փոխարեն օգտագործում է խոսկացական «էդ» տարբերակը: Այս ձևով նախարարն ավելի շատ դիստանցավորվում է համակարգից և փորձում ներկայանալ որպես «մեզնից մեկը», ով գտնվում է ոչ թե հարցեր լուծողի, այլ հարցեր առաջադրողի դերում:
Այս միջադեպն ու դրա շուրջ ձևավորված պաշտոնական արձագանքը սոսկ մեկ դեպքի վերլուծություն չեն։ Դրանք հայելային արտացոլումն են այն խորքային խզման, որը գոյություն ունի կրթական քաղաքականության ձևավորողների և հանրության միջև։
Հանրությանն ընկալել որպես գործընկեր
Որպես պատասխանատու կառույց՝ կրթության նախարարությունը պարտավոր է վերանայել ոչ միայն հանրությանն ուղղված տոնը, այլ նաև՝ իր գործելաոճի հիմքերը։ Վստահության վերականգնումն այստեղ կարող է սկսվել միայն հաշվետվողականությունից, թափանցիկությունից և հանրությանը գործընկեր դարձնելու կամքից, ոչ երբեք մեղադրական տոնայնությամբ ընդհանրացումներից։
Տաթևիկ Խաչատրյան