Ռուբիո. Միայն Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է արդյունքներ տալ

  • 10:47 16.05.2025

Ուկրաինայում խաղաղության գործընթացը կսկսվի միայն Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, ուրբաթ՝ մայիսի 16-ին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Ես չգիտեմ, թե երբ և որտեղ դա տեղի կունենա, բայց սա այս պահին միակ հնարավորությունն է։ (…) Ամիսներ շարունակ աշխատանքի ընթացքում մենք սովորել ենք, որ ոչինչ չի պատահի, մինչև նախագահ Թրամփը չնստի Վլադիմիր Պուտինի հետ և ամեն ինչ չդնի սեղանին», – ասել է նա Fox News-ի եթերում։

Մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի՝ Ստամբուլում ուկրաինական կողմի հետ իր նախաձեռնած ուղիղ բանակցություններին մասնակցելուց հրաժարվելը, Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է, որ առանց Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպման Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց չի լինի։ «Ակնհայտ է, որ նա (Պուտինը, – խմբ.) մտադիր չէր գնալ։ Նա պատրաստվում էր գնալ, բայց կարծում էր, որ ես կգնամ։ Նա չէր գնալու, եթե ես այնտեղ չլինեի», – լրագրողներին ասաց Թրամփը Air Force One ինքնաթիռում՝ Կատարից ԱՄԷ թռչելիս։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այս հանդիպումը պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ, «քանի որ չափազանց շատ մարդիկ են մահանում»։ Հարցին, թե արդյոք հիասթափված է, որ Պուտինը չի ընդգրկվել Ստամբուլում գտնվող ռուսական պատվիրակության կազմում, ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Ես ընդհանրապես հիասթափված չեմ»։ Նա նշեց, որ «նույնիսկ չգիտեր» Ուկրաինայի հետ բանակցությունների համար Թուրքիա ուղարկված ռուսական պատվիրակության անդամների մասին։

Ռուս-ուկրաինական բանակցություններից առաջ Դոնալդ Թրամփը չի բացառել Մերձավոր Արևելք իր այցը ընդհատելու հնարավորությունը, եթե դա օգնի գործերին, և եթե երկու առաջնորդներն էլ՝ Ռուսաստանը և Ուկրաինան, ժամանեն Ստամբուլ։