Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի եւ ՀՀ կառավարության մասնագիտական աշխատանքային խմբերն այսօրվանից սկսում են աշխատանքը

  • 12:31 16.05.2025

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի եւ ՀՀ կառավարության նախախաձեռնությամբ ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբերն այսօրվանից սկսելու են իրենց աշխատանքը։ Այս մասին step1am-ի հետ զրույցում ասաց խորհրդի անդամ Արտակ Մկրչյանը։

«Այսօր արդեն աշխատանքային խմբերի առաջին հանդիպումը կլինի։ Երեք աշխատանքային խմբերն էլ արդեն հանդիպումներ կունենան, եւ պարզ կլինի, թե հետագայում աշխատանքներն ինչպես ենք կազմակերպելու։ Աշխատանքային խմբերում խորհրդի կազմից լինելու ենք ես, այլ ներկայացուցիչներ եւ համապատասխան մասնագետներ, ովքեր թե Հայաստանում, թե Արցախում համապատասխան պաշտոններ են զբաղեցրել։ Մեր խմբերը հանդիպելու են ՀՀ կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խմբերի հետ»,- ասաց նա։

Արտակ Մկրտչյանի խոսքով՝ այս փուլում աշխատանքային խմբերի օրակարգում սոցիալական հարցերն են լինելու, բայց քաղաքական հարցերով քննարկումները շարունակվում են։

«Այս պահի դրությամբ մեր պայմանավորվածությունը ՀՀ կառավարության հետ այն էր, որ վրանը հանելու դեպքում երկու ամսով երկարաձգվում է 40 հազարական դրամի աջակցության ծրագիրը։ Ներկա դրությամբ մի քանի խումբ է դեռ ստեղծվել, այդ խմբերով ենք աշխատելու, հետո արդեն շարունակելու ենք, քանի որ մենք նշել ենք, որ մեր պայքարն այսքանով չի եզրափակվելու։ Շարունակելու ենք նաեւ քաղաքական թեմաներով քննարկումները։ Այսինքն՝ առաջին փուլը վերաբերում է հիմնականում սոցիալականին, որպեսզի մարդիկ կարողանան բավարար պայմաններով գոյատեւել, բայց մյուս հարցերի շուրջ եւս քննարկումներն ու հանդպումներն ընթանում են։ Մեր պայքարն այսքանով չի ավարտվել եւ ոչ էլ ավարտվելու է, մենք շարունակում ենք մեր աշխատանքներն իրականացնել արդեն Նաիրի Զարյան 17Ա հասցեում տեղակայված Արցախի ներկայացուցչության մեր գրասենյակում»,- նշեց նա։

Արտակ Մկրտչյանն ասաց, որ այս փուլում հանդիպումներ են ունենում արցախցիների հետ՝ հասկանալու ու գույքագրելու մարդկանց բարձրացրած խնդիրները։ Խորհուրդը կազմակերպում է մի շարք հանդիպումներ տարբեր անձանց, մասնագիտական խմբերի եւ կառույցների հետ։

Ռոզա Հովհաննիսյան