Երեկ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը Step1.am-ին հայտնել է, որ սկսվում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի և Հայաստանի կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խմբերի համատեղ աշխատանքը։ Նրա խոսքով՝ հիմնական քննարկումները կծավալվեն սոցիալական ծրագրերի շուրջ, չնայած քաղաքական և իրավական հարցերը նույնպես չեն մոռացվի։
Հայաստանի կառավարությունը պնդում է, որ ֆինանսական խնդիրներ չունի արցախցիներին օգնելու համար։ Ինչպես նշում են մասնագետները, անհրաժեշտ գումարը հատկացված է Հայաստանի 2025 թվականի բյուջեում։ Եվ այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է օգնությունն անարդյունավետ, ինչո՞ւ դադարեցվեց 50 հազարի չափով աջակցությունը, գուցե կառավարությունը չունի՞ քաղաքական կամք և լավ մտածված հայեցակարգ։
Ոչ ոք այլևս չի հավատում կառավարության «հիմնավորումներին», թե իբր արցախցիները չեն ցանկանում ինտեգրվել, չեն ցանկանում ընդունել Հայաստանի քաղաքացիություն և ներկայացնում են ռուսամետ «սպառնալիք» ներկայիս կառավարության համար։ Արդեն իսկ ակնհայտ է, որ Արցախի ժողովրդի համար նախատեսված «ինտեգրման» ծրագրերը չեն գործում միայն այն պատճառով, որ ի սկզբանե մշակվել են զրոյական արդյունքով։
Ի՞նչ է ՀՀ կառավարությունը նախատեսում առաջարկել Արցախի ժողովրդին երկարաժամկետ հեռանկարում։ Այս հարցը հետաքրքրում է ոչ միայն հենց արցախցիներին, այլև միջազգային դոնորներին, ովքեր գումար են տալիս կառավարությանը և չեն հասկանում, թե ինչու է արցախցիները դժգոհ կառավարության ծրագրերից։
Երեկ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
“Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել հումանիտար կարիքների հասցեագրման գործընթացում Եվրոպական միության ցուցաբերած աջակցությունը:
Անդրադառնալով առավել երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին՝ զրուցակիցները կարևորել են միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության շարունակականությունը, մասնավորապես՝ կենսակայունացման և զբաղվածության ծրագրերի արդյունավետ մեխանիզմների մշակման և իրականացման նպատակով: Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ներկայիս շրջանակին և դրա ընդլայնման հնարավորություններին”, ասված է պաշտոնական հաղորդակցության մեջ:
Նման հանդիպումը նշանակում է, որ ԵՄ-ն հարցեր ունի Հայաստանի կառավարությանը, և Հայաստանի կառավարությունը ԵՄ-ից գումար է խնդրում բնակապահովման ծրագրերը վերանայելու համար։
Հիշեցնենք, կառավարությունը ընդունել է, որ բնակարանային և զբաղվածության ծրագրերը ձախողվել, են և պատրաստ է կատարել «հիմնավորված ճշգրտումներ»։ Ճշգրտումներից մեկը յուրաքանչյուր արցախցու համար բնակարանային սուբսիդիայի չափի ավելացումն է, իսկ դա գումար է պահանջում։ Գումար է պետք նաև սոցիալական բնակարանաշինության դեպքում, 40 հազարի չափով բնակարանային նպաստների երկարաձգմանը գոնե մինչև տարեվերջ։
Բայց սրանք բոլորը ժամանակավոր միջոցառումներ են, և պարզ չէ, թե ինչպես է կառավարությունը պատկերացնում Արցախի ժողովրդի ապագա ճակատագիրը և արդյոք մշակվել է մոտավոր հայեցակարգ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի արտաքսումից անմիջապես հետո կառավարությունը չէր բացառում արցախցիների վերադարձի հարցը, իսկ Փաշինյանը պնդում էր՝ անհրաժեշտ է ապահովել, որ արցախցիները չլքեն Հայաստանը։ Այդ ժամանակ Արցախում դեռևս ռուսական զորքեր կային, և քննարկվում էր նրանց ներկայությունը երկարաձգելու հնարավորությունը։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր հետ ուղարկել մի քանի տասնյակ հազարավոր ղարաբաղցիների, որոնց ռուսները պետք է «պաշտպանեին»։ Այս «հայեցակարգի» շրջանակներում Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ չի ճանաչում Արցախի բնակիչների ՀՀ անձնագրերը և նրանց տրամադրում է «ժամանակավոր պաշտպանություն»։ Սա ոչ միայն «զրոյացրեց» արցախցիների հայկական քաղաքացիությունը, այլև զրկեց նրանց փախստականի միջազգային կարգավիճակ ստանալու հնարավորությունից։
Սակայն շուտով ռուսական զորքերը լքեցին Ղարաբաղը, և Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ արցախցիների վերադարձը անիրատեսական է, ուստի միակ ճանապարհը ինտեգրումն է։ Միաժամանակ սկսվեց արցախցիների «նատուրալիզացիան» Հայաստանում, նրանց սկսեցին ստիպել մեկ կապույտ անձնագիրը փոխարինել մյուսով, մինչդեռ արցախցիների սոցիալական աջակցությունը մնաց 2023 թվականի աշնան մակարդակին։ Մարդիկ չունեն ո՛չ բնակարան, ո՛չ աշխատանք, ո՛չ հեռանկարներ, և “ինտեգրումը”նման պայմաններում անհնար է։
Հայաստանի կառավարությունն իր համար «փակել» է Արցախի հարցը և հիմա փորձում է գումար գտնել՝ ինչ-որ կերպ «արցախցիների» հարցը փակելու համար, քանի որ «աշխատեք և գոյատևեք Հայաստանի մյուս քաղաքացիների նման» ցինիկ կոչերը այլևս չեն գործում։
Նաիրա Հայրումյան