ԱՄՆ Բերկլիի համալսարանում Արցախի մասին «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է

  • 23:20 17.05.2025

ԱՄՆ Բերկլիի համալսարանում Արցախի մասին «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է Ադրբեջանի հյուպատոսարանից ստացված ուղիղ զանգի պատճառով։ Այս մասին տեղեկացրել է ամերիկաբնակ լրագրող Գոհար Վեզիրյանը։ Բերկլիի համալսարանի Human Rights Center-ից խոստավեցել են, որ ֆիլմի ցուցադրությունը կկայանա սեպտեմբերին։

Ապրիլի 24-ին Բերկլիի համալսարանում Armenian Studies-ի նախաձեռնությամբ պետք է կայանար «Տունս քաղցր ա» (“My Sweet Land”) վավերգրական ֆիլմի ցուցադրությունն ու քննարկումը, որի թեման Արցախն էր լինելու։ Բայց ապրիլի 23-ի կազմակերպիչներն իրազեկվել են, որ ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել է։ Armenian Studies-ի դետարտմենտի եւ ուսանողների համար սա անակնկալ է եղել։ Հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնը հայտարարել է, որ ադրբեջանցի ուսանողների բողոքների եւ Ադրբեջանի դեսպանատան ջանքերով է ցուցադրությունը Բերկլիի համալսարանում չեղարկվել։ Ամբիոնը բացատրություն էր պահանջել համալսարանի Human Rights Center-ից։

Գոհար Վեզիրյանի տեղեկացմամբ՝ Բերկլիի համալսարանը պաշտոնապես հաստատել է, որ Լոս Անջելեսի Ադրբեջանի հյուպատոսարանից ուղիղ զանգ է ստացել, որից հետո էլ չեղարկել է «Տունս քաղցր ա» ֆիլմի ցուցադրությունը։

«Հայ ուսանողներն այդպես էլ որեւէ աջակցություն չստացան Գլենդելում գտնվող Հայաստանի հյուպատոսարանից, բայց կարողացան ինքնակազմակերպվել, բավականին տպավորիչ բողոքի ակցիա անցկացնել եւ հասնել նրան, որ Բերկլին նախ խոստովանի, որ զանգ է եղել, հետո դրա մասին պաշտոնական հաղորդագրություն տարածի, ապա ֆիլմի ցուցադրության օր առաջարկի։ Սեպտեմբերին այն կցուցադրվի։ Հավելեմ նաեւ, որ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից սկսած՝ անգամ Բերկլիի համալսարանում բողոքի ակցիաներ չեն լինում։ Հայ ուսանողներն այս իմաստով առաջինը խախտեցին լռությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Գոհար Վեզիրյանը։

««Տունս քաղցր ա» ֆիլմը պատմում է Արցախի մասին՝ նախքան պատերազմը, պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո։ Գլխավոր հերոսը արցախցի 11-ամյա Վրեժն է, ով երազում է ատամնաբույժ դառնալ Արցախում գտնվող իր հայրենի գյուղում։ Պատերազմի պատճառով Վրեժն ընտանիքի հետ ստիպված է լինում հեռանալ Արցախից, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում է ավերված հայրենիք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս վավերագրական ֆիլմը ներկայացվել էր Օսկարի՝ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ Սակայն Ադրբեջանի ճնշմամբ Հորդանանը հետ էր կանչել Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը։ Տեղեկություն էր եղել, որ Ադրբեջանի կառավարությունը դիմել էր Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Հորդանանի ԱԳՆ-ն էլ իր հերթին ճնշումներ էր գործադրել Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրա, եւ ֆիլմը հետ էր կանչվել։