Շատ արցախցիներ դեռ չեն ստացել 40 հազ․ դրամ աջակցությունը

  • 17:53 19.05.2025

ՀՀ կառավարությունն ընդունել էր որոշում, ըստ որի՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար 40-ական դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվել է եւս երկու ամսով։ Սակայն, պարզվում է, որ ապրիլ ամսվա համար նախատեսված աջակցության գումարն արցախցի ընտանիքների մի մասը դեռ այսօրվա դրությամբ չեն ստացել։ Այս մասին արցախցիները գրառում են կատարել «Աջակցման միասնական ինֆորամացիոն ալիք» ֆեյսբուքյան էջում։

Արցախցիները գրել են, որ որոշ բանկերի միջոցով ստացել են աջակցության գումարը, իսկ որոշ բանկեր էլ ասել են՝ դեռ փոխանցում չկա։

Օգտատերերից մեկն էլ գրել է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, խնդրում ենք ձեզ այսօր փոխանցումները ավարտին հասցնեք, դեռ շատ շատերը չեն ստացել աջակցությունները, իսկ տան տերերն էլ չեն սպասում։ Ամենայն հարգանքներով ` ԼՂՀ-ից բռնի տեղահանված բազմաթիվ ընտանիքների կողմից»։

Հիշեցնենք, որ 40-ական դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց այն պայմանով, որ արցախցիները հանեցին Ազատության հրապարակում տեղադրված վրանը։ Դրանից հետո հայտարարվեց, որ ՀՀ կառավարությունը Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ համատեղ աշխատանքային խմբեր է ստեղծել՝ սոցիալական խնդիրները քննարկելու համար։ Մասնավորապես, քննարկումների հիմքում արցախցիների բնակապահովման պետական ծրագրի վերանայմանը վերաբերող հարցերն են։