ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր ընտրությունից ի վեր արդեն երրորդ անգամ զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մեկ օր առաջ Թրամփը ուկրաինական հակամարտության կարգավորման մասին խոսել էր Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների հետ։
Պուտինի և Թրամփի զրույցը տևել է մոտ երկու ժամ։ Դրանից հետո Պուտինը լրագրողներին ասաց, որ «շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի հնարավոր կնքման վերաբերյալ ուղիղ բանակցությունների վերսկսման հարցում ԱՄՆ աջակցության համար»։
Նա նաև ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ աշխատել «Ուկրաինայի վերաբերյալ ապագա խաղաղության պայմանագրի մասին հուշագրի» շուրջ։
«Գլխավորն այն է, որ Կիևը և ուկրաինական կողմը ցուցաբերեն խաղաղության առավելագույն ցանկություն և գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն բոլոր կողմերին», – ասաց Պուտինը։
Դոնալդ Թրամփը Պուտինի հետ իր զրույցի «տոնն ու ոգին» անվանել է «գերազանց»։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Կիևը «անմիջապես» կսկսեն բանակցություններ հրադադարի և զինադադարի վերաբերյալ։
«Ես հենց նոր ավարտեցի երկու ժամ տևած զրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարծում եմ՝ այն շատ լավ անցավ։ Ռուսաստանը և Ուկրաինան անմիջապես կսկսեն բանակցություններ հրադադարի և, ավելի կարևորը, պատերազմի դադարեցման վերաբերյալ։ Դրա պայմանները կբանակցվեն երկու կողմերի միջև, ինչպես և պետք է լինի, քանի որ նրանք գիտեն բանակցությունների մանրամասները, որոնց մասին ոչ ոք չգիտի», – գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։
Նա ընդգծել է, որ բանակցությունները կսկսվեն «անմիջապես», ինչի մասին Թրամփը արդեն տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, ինչպես նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնիին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին։