Ո՞վ է Ադրբեջանի ձեռքը բռնում ու ասում՝ ինչո՞ւ եք այդպես անում. Լեռնիկ Հովհաննիսյան

  • 21:22 20.05.2025

«Ադրբեջանի ձեռքերը բռնող չկա, ինչ ուզում անում են։ Ինչպես Արցախի մշակութային ժառանգությունն են յուրացնում, ոչնչացնում ու ավերում, պղծում ու վանդալիզմի ենթարկվում, հիմա էլ փորձելու է արցախցիների գույքը պետականացնել։ Ո՞վ է Ադրբեջանի ձեռքը բռնում ու ասում՝ ինչո՞ւ եք այդպես անում»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։

Նշենք, որ տեղեկություններ կան, թե Ադրբեջանը նախապատասրական աշխատանքներ է սկսել՝ պետականացնելու արցախցիների գույքը։ Եվ Ադրբեջանի իշխանությունները սկսել են հայտարարություններ այնել  այն մասին, թե իբրեւ արցախցիների գույքի 80 տոկոսը տեր չունի։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը step1.am-ի հետ զրույցում ասել էր, որ արցախցիները պետք է ակտիվ տեր կանգնեն իրենց իրավունքներին եւ հայցեր ուղարկեն միջազգային ատյաններ։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն էլ ասել էր, որ եթե ՀՀ կառավարության կողմից միջպետական գանգատներից հրաժարում տեղի ունենա, այս դեպքում բոլոր բռնի տեղահանված արցախցիները պետք է հետեւողական լինեն միջազգային դատական ատյաններ անհատական հայցեր ներկայացնելու տեսանկյունից։ Սիրանուշ Սահակյանը նաեւ ասել էր, որ Բաքուն փորձելու է առաջ տանել այն թեզը, թե գույքի մի մասը գրանցվել է հենց Արցախի իշխանությունների կողմից, եւ արխիվային փաստաթղթեր չկան։

Լեռնիկ Հոհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է ակտիվ լինի արցախցիների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ։ «Բայց ո՞վ է աշխատանք տանում այդ հարցով, ՀՀ իշխանություններն աշխատանք տանում են, իհարկե, ոչ։ ՀՀ իշխանությունները նույնիսկ մշակութային էթնոցիդի քաղաքականության վերաբերյալ որեւէ բան չեն անում, ուր մնաց մարդկանց գույքի հետ կապված ինչ-որ հարցեր բարձրացնեն»,- ասաց Հովհաննիսյանը։

Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները խեղաթյուրում են իրավիճակը, Արցախում գույք ունեցող անձինք բոլորն էլ ունեն սեփականությունն ապացուցող վկայականներ։ Արցախի բնակիչների մեծ մասն այդ գույքի նկատմամբ սեփականության ունեն դեռեւս ԽՍՀՄ ժամանակաշրջանից, բայց մարդիկ դարերով, հազարավոր տարիներ ապրել են Արցախում եւ իրենց տոհմական ունեցվածքն ունեն։

«Հասկանալի է, որ Ադրբեջանը, ինչպես մշակութային ժառանգության պարագայում, այնպես էլ արցախցիների գույքի հարցում ամեն ինչ մանիպուլացնում է, կեղծ թեզեր է առաջ տանում, որպեսզի այդ ամենը յուրացնի։ Ո՞նց է անում մշակութային ժառանգության հարցում, իր թեզերն առաջ է տանում, հայկական ժառանգությունն աղվանական համարելով, ուդիներին բերելով, այդ ամենի վերաբերյալ արտերկրում տարբեր երկրներում գիտաժողովներ է անցկանցում, վերջին օրինակը` Վատիկանում անցկացված գիտաժողովն էր։ Իրենք կարողանում են այդ ամենը համակարգված ձեւով ներկայացնել աշխարհին, եւ իրենց խոսքը տեղ է հասնում։ Իսկ դրա դեմ պայքարող չկա, ստի ձեռքը բռնող չկա, բացառությամբ մասնագիտական ու գիտական շրջանակների։ Լավ, ենթադրենք՝ գիտական շրջանակները բողոքում են, Հայ Առաքելական եկեղեցին հայտարարություններ է անում, բայց պետական որեւէ աշխատանք չի տարվում։ Այսքան ժամանակ տեսե՞լ եք, որ որեւէ հուշարձանի պղծման, վանդալիզմի կամ ոչնչացման համար որեւէ պետական կառույց ինչ-որ քայլ անի։ Ձեւական ինչ-որ հայտարարություններ են անում, եւ վերջ»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան