«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» օրերս մեկնել էր ԱՄՆ՝ ներկայացնելու և հանրահռչակելու արցախյան մշակույթը։
Step1-ի հետ զրույցում կենտրոնի նախագահ Ապրես Մարգարյանը նշել է, որ արդեն երկու տարի գործող հասարակական կազմակերպության գլխավոր առաքելությունն է՝ պահպանել Արցախից բռնի տեղահանված և վերակազմավորված մշակութային համույթների գործունեությունը։
ԱՄՆ-ում իրականացված առաքելությունը միտված էր ոչ միայն մշակութային ժառանգության հանրահռչակմանը, այլև մշակութային դիմադրության, հիշողության փոխանցման և դիվանագիտական ներգործության տարածմանը։
Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում կայացած Արցախի Պարի Պետական Համույթի պատմական համերգը կազմակերպվել էր «Armenia Fund»-ի աջակցությամբ։
«Սա խմբի առաջին պաշտոնական ելույթն էր ԱՄՆ-ում, որին ներկա էին նաև բարձրաստիճան պաշտոնյաներ և սենատորներ։ Միջոցառումը դուրս էր դասական մշակութային իրադարձության սահմաններից՝ դառնալով ինքնության վերահաստատման և մշակութային դիմադրության յուրօրինակ հարթակ», – նշել է Մարգարյանը։
Համույթի այցի ընթացքում կարևոր էր նաև նրանց մասնակցությունը մի շարք հանդիպումների։ Նրանց հյուրընկալել էր Լոս Անջելեսի YMCA կենտրոնը, ինչպես նաև տեղի արցախյան համայնքի ներկայացուցիչները՝ Artsakh Preservation Committee-ի հետ անցկացված ընթրիքի և քննարկման ժամանակ։
Կենտրոնն իր նախաձեռնություններով ներկայացնում է մշակույթը ոչ միայն որպես ժառանգության պահպանման ձև, այլև՝ որպես ազդեցիկ քաղաքական գործիք՝ միջազգային հանրությանը հիշեցնելու Արցախի ժողովրդի ինքնության պահպանման կարևորության մասին։
Այսօր կենտրոնը համախմբում է Արցախի 12-ից ավելի մշակութային խմբերի, և միայն նախորդ տարվա ընթացքում կազմակերպել է 50-ից ավելի միջոցառում ՀՀ սահմանամերձ և արցախցիներով բնակեցված համայնքներում։
Մարիամ Սարգսյան