Առաջին անգամ գտնվելով Մեղրու երկաթուղու կայարանում, փորձեցի Google-ում տեղեկություններ գտնել կայարանի մասին:
Պարզվում է, երկաթգծի Մեղրու հատվածը պատրաստ պետք է լիներ 2023-ին, Հորադիզինը` ավելի շուտ:
“Հայ-ադրբեջանական նոր՝ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շինարարության համար, ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի, անհրաժեշտ կլինի շուրջ 1 միլիարդ 200 միլիոն դոլար․ 200 միլիոնը՝ Հայաստանից, 1 միլիարդը՝ Ադրբեջանից։ Ադրբեջանը թվեր չի նշում և կենտրոնանում է հիմնականում ժամկետների վրա, – 2021թ. հրապարակել է epress.am-ը:
Հայկական հատված
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու շուրջ 45 կիլոմետրանոց հատվածը անցնում է Հայաստանի տարածքով։
Խոսքը Մեղրու երկաթգծի մասին է․ սովետական ենթակառուցվածներն այստեղ ամբողջությամբ ապամոնտաժվել են, նախկին երկաթգիծը վերածվել է ավտոմոբիլային ճանապարհի, նոր երկաթգծի կառուցումը, ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, շուրջ 200 միլիոն դոլար կարժենա։
Շինարարությունը, ըստ նրա, կտևի մոտ 3 տարի։ Աշխատանքները դեռևս չեն սկսվել։
Ադրբեջանական հատված
Նույն երկաթուղու՝ Ադրբեջանի տարածքով անցնող մոտ 100 կմ-անոց հատվածը Հորադիզից ձգվում է մինչև Հայաստանի սահման։
Շինարարությունն այստեղ կավարտվի մինչև 2023 թվականի տարեվերջ՝ հայտարարել էր 2020 թվականից հետո Ալիևը՝ հույս հայտնելով, որ նույն ժամկետների մեջ կտեղավորվի նաև Հայաստանը։
Երկաթգծի մոտ հարյուր կիլոմետրանոց հատվածի կառուցման աշխատանքները Բաքուն սկսվել է դեռևս 2021-ի փետրվարին և պետք է ավարտվեր 2023-ին։
Ահա այսպես “փայլուն” էին պատկերացնում Հայաստանում հայ-ադրբեջանական հարաբերությունները. երկաթուղի, միլիարդների հասնող ենթակառուցվածքների շինարարություն… Հատկանշական է, որ հենց 2023թ. տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:
Հայ-իրանական սահման
Երկու օր մենք անցկացրինք հայ-իրանական սահմանին, Արաքսի երկայնքով ճամփորդելով: Ինչպես հայտնի է, նույն գետի երկայնքով ժամանակին Արցախը՝ Հայաստանի համեմատ երկու անգամ երկար սահման է ունեցել Իրանի հետ: Սակայն ի տարբերություն Հայաստանի, այն փշալարերով փակված չէր եւ չնայած չճանաչված, բայց ինչ-որ հանգստության զգացում էր հաղորդում Արցախի եւ Իրանի միջեւ սահմանը: Ռւոս սահմանապահներ չեն հսկում, բեռնատարներ չկան: Կա միայն բնություն, գետի այս կողմում Արցախն էր, մյուս կողմում` Իրանը: Գետը բավարար էր միմյանց սահմանը հարելու համար եւ ոչ մի արտառոց միջադեպ չէր լինում”:
Շատ է խոսվում հայ-իրանական բարեկամության մասին, սակայն անգամ հայ-ադրբեջանական սահմանը չունի այդքան երկար փշալարերով հսկվող պատ: Երբ մենք փորձում էինք փշալարերի հետեւից Արաքսը լուսանկարել, մեր մեքենայի հետեւից թարթող լույսերը միացրած մեքենան ազդանշան տվեց, որ կանգնենք: Մեզ է մոտենում մի շատ երիտասարդ ռուս սահմանապահ, իր նույնքան երիտսարդ հայ “թարգմանչի” հետ եւ ասում (ռուսերեն), որ չի կարելի լուսանկարել, եւ ստիպում, որ ջնջենք, ապա ստիպում, որ հեռախոսի ջնջվածներից էլ ջնջենք:
Ճիշտ այնպես, ինչպես ռուս խաղաղապահներն էին անում Շուշիի անցակետում, երբ արցախցիները փորձում էին լուսանկարել քաղաքը: Երբ ես հետաքրքրվեցի, թե ինչու չեմ կարող իմ հայրենիքում լուսանկարել, ռուս սահմանապահը օրենքից ինչ-որ մեջբերում արեց, որի համաձայն իբր արգելվում է սահմանը լուսանկարել: Սահմանապահները դա բացատրեցին նրանով, որ հնարավոր է՝ իրանցիները տեսնեն մեր տեսանյութերը սոցիալական ցանցերում եւ կողմնորոշվեն, “թմրանյութեր տեղափոխելու հարցում”:
Սա տեղի է ունենում արդեն Ագարակին մոտենալիս, որտեղ էլ հենց անցակետն է, սակայն հետաքրքիրն այն է, որ նույն սահմանի երկայնքով հակառակ ուղղությամբ, դեպի Մեղրու երկաթուղի էինք գնում, աստիճանաբար հսկող տեսախցիկները քչանում էին (ի դեպ, ոչ մի նշան չկար, որ լուսանկարել չի կարելի), եւ սահմանապահներ ընդհանրապես չկային: Այստեղ մեզ ոչ ոք չէր արգելում լուսանկարել եւ իրանցիները հանգիստ կարող են “թմրանյութ տեղափոխել:”
Մեղրու երկաթուղին այսօր: Այստեղ ոչ թե հայ-ադրբեջանական պայծառ ապագա կամ միլիարդներ արժեցող ծրագիր կա, այլ կա ասֆալտին աճած խոտ, զուգարան-կայարան, Ստեփան Շահումյանի ջարդած պարանոց, ժանգոտած վագոններ, մաշինիստի փտած գլխարկներ ու ЕЖЕДНЕВНО պիտակ, որը ես վերցրի որպես հուշանվեր:
Մարութ Վանյան