Մատուցող աշխատելու համար փորձ է պետք, իսկ զինվորականների փորձը անտեսվում է

  • 11:20 23.05.2025

«Պայքարած, տարիներով ծառայություն անցած մասնագետների հետ ոչ մի հոգեբանական աշխատանք չիրականացվեց՝ նրանց նորից ՀՀ զինված ուժերում ներգրավելու համար», – ասում է Արցախի պահեստազորի սպա Գրիգորի Սահակյանը։

Նրա խոսքով, որևէ զարգացած երկրում պատերազմից վերադարձած զինվորականին անմիջապես չեն գործուղում նոր ծառայության՝ առանց նրա հոգեկան վիճակը գնահատելու։ «Մեզ մոտ որոշումը կտրուկ էր՝ կամ ծառայել, կամ հրաժարվել ծառայությունից։ Շատերը ստիպված եղան փոխել մասնագիտությունը։ Հարյուրավոր տղամարդիկ դարձան ավտոմեխանիկ, հացթուխ, տաքսու վարորդ կամ պահակ։ Սա նրանց երազած աշխատանքը չէր»։

Սահակյանի համոզմամբ, խնդիրը ոչ թե զինվորականների մոտիվացիայի պակասն էր, այլ համակարգային բացը. «Շատերի մոտ հարց առաջացավ՝ մենք 20-30 տարի ծառայեցինք, հիմա մեզ ոչ մի բանի պե՞տք չենք։ Եթե լիներ ճիշտ մոտեցում, եթե խոսվեր նրանց հետ, այսօր պատկերը լրիվ այլ կլիներ։ Բոլորն էլ պատրաստ էին շարունակել ծառայությունը, եթե զգային, որ իրենց կարիքը կա»։

Նրա խոսքով, պետությունը կարող էր կազմավորել ստորաբաժանումներ՝ զինվորական ընկերների ու համածառայակիցների հիման վրա. «Միասնական կոլեկտիվ ստեղծելը հեշտ չէ։ Բայց այն ստորաբաժանումները, որ տարիներով միասին ծառայել են, հնարավոր էր տեղափոխել որպես մեկ միավոր տարբեր զորամասեր։ Փոխարենը՝ նրանք տարրալուծվեցին»։

Սահակյանը չի բացառում, որ սա միայն անուշադրության հետևանք չէ. «Սա և՛ անմտություն էր, և՛ թերևս նպատակային ծրագիր։ Հակառակ պարագայում կկարգավորվեր նաև հազարավոր ընտանիքների սոցիալական վիճակը։ Պաշտպանության նախարարությունն ունի բնակվարձերի փոխհատուցման ծրագիր։ Եթե դա կիրառվեր, ի՞նչու պիտի զինծառայողը հրաժարվեր ծառայությունից եւ ընտրեր այլ՝ ոչ մասնագիտական աշխատանք կատարելը, ավելին, շոյված կլիներ, որ իր մասին մտածում են»։

Այսօր, երբ Հայաստանը կանգնած է անվտանգության նոր մարտահրավերների առաջ, անցյալը մոռանալը կարող է դառնալ նոր սխալների հիմք։ Արցախցի փորձառու զինվորականների պոտենցիալը, ըստ մասնագետի կարող էր և պետք է դառնար ուժեղ բանակի հիմնասյուներից մեկը։

Մարիամ Սարգսյան