Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ միասին այս շաբաթ Հայաստանում էր նաև Իրանի պաշտպանության նախարարը։ Ազիզ Նասիրզադեն հրավիրել է իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանին այցելել Իսլամական Հանրապետության պաշտպանական օբյեկտներ և նշել, որ Իրանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման պայմաններն արդեն հասունացել են։
Նրա խոսքով՝ Հայաստանում քննարկվել են համագործակցության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ պաշտպանական և տնտեսական ոլորտներում։ Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Հայաստանի պաշտպանության նախարարի հետ։
Նա հավելել է, որ Հարավային Կովկասը Իրանի համար ունի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական նշանակություն, իսկ Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր, ունի հատուկ դեր։
Միաժամանակ, Սերգեյ Լավրովը հստակ հայտարարեց, որ Ռուսաստանը չի կարող զենք մատակարարել Հայաստանին Ուկրաինայի հետ պատերազմի պատճառով, ուստի Ռուսաստանը դեմ չէ, որ Հայաստանը զենք գնի այլուր։ Ճիշտ է, նա պայման դրեց, որ դա չպետք է լինի Ֆրանսիան։
Երբ նրան հարցրին, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառել Ադրբեջանին, որն այդ զենքն օգտագործել է Արցախը օկուպացնելու համար, Լավրովը «հիշեցրեց», որ «Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջաններ նույնպես օկուպացվել են ռուսական զենքի օգնությամբ»։
Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովը խոսեց հաղորդակցությունների բացման մասին ընդհանուր առմամբ, բայց չպնդեց «Զանգեզուրի միջանցքի» և ռուսական զենքի օգնությամբ դրա հնարավոր ուժային «բացման» վրա։
Ոչ մի հարց չի կարող լուծվել ուժով։ «Զանգեզուրի միջանցք» չի լինի։ Այս մասին մայիսի 22-ին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է մտադիր անել Իրանը, եթե Ադրբեջանը փորձի ուժով գրավել «Զանգեզուրի միջանցքը»։
Իրանը դեմ չէ Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Սակայն ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո, Ագարակում լրագրողներին ասել է Մեհդի Սոբհանին։
Լավրովը պնդում է եռակողմ համաձայնագրերի կատարման վրա, որոնց համաձայն՝ Ռուսաստանի ԱԴԾ-ն պետք է վերահսկողություն իրականացնի Մեղրիի ճանապարհի նկատմամբ։