Ալեն Սիմոնյանն ուզում է ցույց տալ, թե իբր իրենք ռուսական պրոյեկտ չեն, եւ ռուսները չեն իրենց բերել

  • 14:36 23.05.2025

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։

Մասնավորապես, անդրադառնալով 44-օրյա պատերազմի պատճառներին, Ալեն Սիմոնյանն ասել էր«Մեր քաղաքական ամոթն այն է, որ թույլ տվեցինք, որ պատերազմը գցեցին մեր ջեբն ու թռան։ Հավատում էինք, վստահում էինք էն նույն տրամաբանությանը, որը գոյություն է ունեցել 30 տարի, այսինքն՝ որ կզանգենք ռուսին, ինքը պատերազմը կկանգնեցնի։ Եվ մենք կարանք ոչ մի բան չանենք Ղարաբաղի համար, կզանգենք ռուսին, ռուսը կպահի պատերազմը։ Այ էդ է մեր քաղաքական ամոթը, որովհետեւ մտածում էինք՝ դե լավ, եթե էդ համակարգը գործել է, եկեք էդ համակարգին ձեռք չտանք»։

Լեւոն Հայրյանի խոսքով՝ Ալեն Սիմոնյանն իր կարճ խելքով այս հայտարարությամբ ուզում է մեկ հարվածով երկու նապաստակ խփել։ «Առաջին հերթին ուզում են իրենց դավաճանությունը կոծկել։ Երկրորդ նպատակն այն է, որ ցույց տան, թե իբր իրենք ռուսական պրոյեկտ չեն, եւ ռուսները չեն իրենց բերել։ Ուզում են ցույց տալ, թե իբր իրենք Հայաստանի ինքնիշխանության դիրքերում են կանգնած, ռուսներին էլ համարում են Հայաստանի ինքնիշխանության թշնամի, եւ իրենք պայքարում են դրա դեմ»,- ասաց Հայրյանը։

Նա հավելեց․ «Ասում է՝ մեզ սովորեցրել էին, որ եթե պատերազ լինի, զանգելու ենք ռուսներին, ռուսները գան կանգնեցնեն։ Ոչ ոք նրանց չի ասել՝ ռուսներին զանգեք, ամբողջ աշխարհին հայտնի է, որ 2016 թվականի պատերազմը կանգնեցնելու համար Սերժ Սարգսյանը չի զանգել Մոսկվա, զանգել է Մերկելին, խնդրել, որ նա դիմի Օբամային։ Սերժ Սարգսյանի զանգը հայտնի է, 2016 թվականի պատերազմից հետո Սերժ Սարգսյանի այցը Գերմանիա՝ հավանաբար շնորհակալություն հայտնելու համար, նույնպես բոլորին հայտնի է։ Բոլորին հայտնի է, որ ապրիլյան պատերազմը կանգնեցվել է Օբամայի համառ պահանջով։ Նույնիսկ ասում են՝ Օբաման ռուսներին սպառնացել է, որ եթե չկանգնեցնեն պատերազմը, ինքը ճանաչելու է Արցախը։ Այսինքն՝ այն, որ Ալենն ասում է, թե իրենց գրպանն են գցել, որ ռուսը գալու է պատերազմը կանգնեցնի, սուտ է։ Արդեն 2016 թվականին Սերժը հույս չուներ, որ ռուսը կարող է կռիվ կանգնեցնել եւ դիմել է Արեւմուտքի օգնությանը։ Սերժի այդ քայլն իրենց աչքի առաջ է, եթե իրենք ռուսների նկատմամբ ինչ-որ պարտավորություններ չունեին, իրենք էլ կարող էին զանգել Արեւմուտքին եւ խնդրել կանգնեցնել պատերազմը»։

Ըստ Հայրյանի՝ դավաճանությունն իրենց վրայից ցրելուց հետո այս իշխանություններն ուզում են ցույց տալ, թե իրենք իբր ռուսական պրոյեկտ չեն, հայակենտրոն են։ Բայց Նիկոլ Փաշինյանը, ընտրվելով վարչապետ, մեկ շաբաթ էլ չանցած՝ վազեց Պուտինի հետ հանդիպման։ Այդ օրվանից մինչեւ հիմա օր ու մեջ գնում է Ռուսաստան, Արեւմուտք գնալուց ոնց որ ծեծելով տանեն, բայց Ռուսաստան վազելով է գնում։ «Ինքն էլ արդեն սկսել է խոստովանություններ անել, խոստովանություններից էլ մեկն այն է, որ հայտարարեց, թե 2018 թվականի հանդիպման ժամանակ Պուտինն իրեն ասել էր, որ Հայաստանի սահմաններն իրենց համար անձեռնմխելի են, կարմիր գիծ են։ Այսինքն՝ լոգիկան հուշում է, որ եթե խոսել են Հայաստանի սահմանների անձեռնմխելիության մասին, նշանակում է՝ նրան առաջարկել են Արցախը հանձնել։ Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի պնդմամբ՝ Պատրուշեւն էլ 2018 թվականին Մոսկվա է հրավիրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ ասել, որ Ղարաբաղից պետք է հրաժարվենք։ Այսինքն՝ այստեղ ռուս-ՔՊ-ական համագործակցություն ենք տեսնում։ Եվ ասել, որ դա պատահական է կամ ռեալ պոիլիտիկի արդյունքում է, սխալ կլինի։ Դա նախնական պայմանավորվություն է եղել․ ռուսները նրանց օգնել են իշխանության գալ եւ դրա փոխարեն սկսել են նրանց պարտավորեցնել իրենց քաղաքականությունը»,- հավելեց Հայրյանը։

Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարեց, որ դուրս է գալիս բանակցություններից։ Իսկ բանակցությունների հիմնական ձեւաչափը Մինսկի խումբն էր։ Այսինքն՝ հայտարարել բանակցություններից դուրս գալու մասին, նշանակում է դուրս գալ Մինսկի խմբից։ Հայրյանի խոսքով՝ Մինսկի խմբից դուրս գալը ռուսական պարտադրանք էր, որը ռուսները հերթով պարտադրել են Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բայց նրանք վախեցել են դա անել՝ հասկանալով, որ դա հայության համար կործնարար քայլ է։

«Այսինքն՝ այստեղ նույնպես փաստվում է ՔՊ-ի՝ ռուսական կատարածու լինելը։ 2019 թվականին, Նիկոլ Փաշինյանը հայտարարելով, որ բանակցություններից դուրս է գալիս, կոալիցիոն կառավարությունը ցրելուց հետո ռուսների առաջադրանքով ձեռնամուխ եղավ Մինսկի խումբը ցրելուն։ Մինսկի խումբն առանց պատերազմ հնարավոր չէր ցրել, դրա համար իրենք գնացին նաեւ պատերազմական իրավիճակին։ Այսինքն՝ ՔՊ-ական իշխանությունը, Մինսկի խումբը ցրելու ռուսների ցանկությունը կատարելու համար չխորշեց գնալ այդ պայմանավորված պատերազմին, որի արդյունքում պարզ էր, որ պարտվելու էինք։ Այսինքն՝ դարձյալ ռուսական պարտադրանք, ռուսական առաջադրանք։ Այստեղից հետեւում է, որ մեր ոչ մի իշխանություն այսօրվա իշխանության չափ չի ենթարկվել ռուսներին։ Այսքանից հետո փորձել թաքցնել իրենց դավաճանությունը կամ ցույց տալ, որ իրենք ռուսական պրոյեկտ չեն, անիմաստ է։ 2022 թվականին, դարձյալ Մոսկվայի հետ  համագործակցելով, հայտարարեց, որ Արցախի հարցում նշաձողը պետք է իջեցնել՝ սրանով հիմք դնելով պետության լուծարմանը, որն այսօր ՔՊ-ականները փորձում են գցել Շահրամանյանի կամ չգիտես ում գրպանը»,- նշեց Լեւոն Հայրյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը փորձում է «ուղեղ լվանալ», որ ինքը Նիկոլ Փաշինյանին չի բերել իշխանության․ «Կարող է չես բերել, բայց օժանդակությունդ շատ մեծ է եղել, պարոն Սերժ Սարգսյան։ Եթե ձեր ՀՀԿ-ական պատգամավորներին չստիպեիք, որ ձայն տային Նիկոլ Փաշինյանին, նա վարչապետ չէր դառնա։ Այսինքն՝ էլի նույն ռուսական մեծ խաղն է, դերերի են բաժանել՝ Սերժն այս դերն է ստանձնել, Նիկոլը այն դերը։ Հիմա էլ ամեն մեկը փորձում է ցույց տալ, որ ինքը անկախ է եւ ռուսների քաղաքականությունից դուրս»։

Հայրյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի ամեն քայլը, քաղաքական կարիերան կապված է ռուսների հետ, ռուսները նրան բերել են իշխանության։ Եվ փորձել ցույց տալ, որ իրենք Հայաստանի ինքնիշխանույան ջատագովներ են, եկել են Հայաստանը փրկելու համար, ընդամենը փարիսեցիություն է։

«Եվ Ալենի կրակոցները երկու թիրախներից ոչ մեկին էլ չի կպել, օդում կրակոց է։ Միայն ժողովրդին ու ընտրողներին ապագայում հիմարեցնելու համար է այս ամենն արվում։ Ասօր էլ Լավրովի այցը Հայաստան, իշխանությունների կողմից ջերմ ընդունելությունը խոսում է այն մասին, որ նրանք եղել են, կան ու կլինեն ռուսական պրոդուկտ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ռոզա Հովհաննիսյան