2015 թվականին Արցախում ստեղծվեց հանրապետության պատմության մեջ առաջին մասնավոր հոգեբանական կենտրոնը՝ «Էմպաթիա»-ն։
Step1.am-ի հետ զրույցում «Էմպաթիա»-ի համահիմնադիր Անահիտ Լալայանը խոսեց կազմակերպության պատմության և գործունեության մասին։
«Ինչպես հայտնի է, առաջին արցախյան պատերազմից անմիջապես հետո Արցախում ստեղծվեց Առողջապահության նախարարությանը կից գործնական հոգեբանական ծառայություն, իսկ ավելի ուշ՝ միջազգային «Բժիշկներ առանց սահմանների» հիմնադրամի և Արցախի առողջապահության նախարարության ջանքերով, մանկական հիվանդանոցում ստեղծվեց հոգեբանական օգնության կենտրոն։
2015 թվականին Արցախում հրատապ անհրաժեշտություն կար հոգեբանական օգնություն ցուցաբերելու ոչ միայն պետական, այլև մասնավոր մակարդակով։ Այսպես հիմնադրվեց «Էմպաթիա» հոգեբուժական-սոցիալական աջակցության կենտրոնը։ Կենտրոնի յուրահատկությունը կայանում էր ոչ միայն նրանում, որ այն Արցախի պատմության մեջ առաջին մասնավոր հոգեբանական կենտրոնն էր, այլև նրանում, որ մեր մասնագետները հոգեբանական և հոգեբուժական օգնություն էին ցուցաբերում ամբողջ Արցախի բնակչությանը՝ առանց տարիքային կամ որևէ այլ սահմանափակման։
Մեր կենտրոնի յուրահատկությունը ընդգծվում էր ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում։
Հետագայում մեր գործունեությունը արագորեն ընդլայնվեց։ 44-օրյա պատերազմից հետո, հոգեբանական օգնության պահանջարկի զգալի աճի պատճառով, մեր կենտրոնի թիմը՝ «Santé Arménie» միջազգային հայ-ֆրանսիական բարեգործական կազմակերպության աջակցությամբ, կազմակերպեց շարժական խումբ, որը մեկնեց Արցախի բոլոր շրջաններ՝ տեղում մարդկանց օգնություն ցուցաբերելու համար։ Այսպիսով, մեր ծառայությունները հասանելի դարձան ոչ միայն Ստեփանակերտի բնակիչների, այլև բոլոր այն արցախցիների համար, ովքեր հոգեբանական և հոգեբուժական օգնության կարիք ունեին։
2023 թվականին մեր բոլոր հայրենակիցների հետ միասին մեր մասնագետները անցան դժվարին ճանապարհ՝ շրջափակումից մինչև Արցախից արտագաղթը, և այժմ, գտնվելով հարկադիր տեղահանության պայմաններում, լինելով իրենք էլ շահառուներ, նրանք շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունը և օգնում են հարկադիր տեղահանված հայրենակիցներին հաղթահարել խորը հոգեբանական տրավմաները։
Այսպիսով, մենք որոշակի չափով լուծում ենք նաև արցախցի մասնագետների աշխատանքի տեղավորման հարցը։ Բացի այդ, աշխատանքին զուգահեռ, մասնագետները անցնում են վերականգնողական կուրս՝ մասնագիտական հյուծվածությունից խուսափելու համար։
Դասընթացները անցկացվում են արցախյան բարբառով, ինչը ստեղծում է ջերմ և վստահության մթնոլորտ։ Մեր շահառուները միշտ ընդգծում են այն փաստի կարևորությունը, որ աշխատում են արցախցիների հետ, մարդկանց, ովքեր իրենք էլ դժվարին փորձությունների միջով են անցել իրենց հայրենիքում։
Հարկադիր տեղահանությունից հետո, հանգամանքների բերումով, մենք փոխեցինք կազմակերպության ձևաչափը՝ ստեղծելով համանուն «Էմպաթիա» հիմնադրամը՝ նույն ուղղվածությամբ։ Հիմնական գործունեությունից բացի, մեր աշխատանքը ձեռք է բերել նաև սոցիալական բաղադրիչ։
Մեզ հետ կապ հաստատեցին սփյուռքից մի քանի հայրենակիցներ։ Նրանք ցանկություն հայտնեցին մեր հիմնադրամի միջոցով նյութական և ֆինանսական օգնություն ցուցաբերել արցախցի փախստական ընտանիքների որոշակի թվին։ Այսպիսով, սկսած 2023 թվականից, հիմնադրամի շահառուների 200 ընտանիքներ, հոգեբանական և հոգեբուժական աջակցության հետ մեկտեղ, ստանում են ինչպես ֆինանսական աջակցություն, այնպես էլ սոցիալական փաթեթների տեսքով օգնություն, որոնք նրանք ստանում են ամսական մինչև այսօր։
«Սանտե Արմենի» կազմակերպության աջակցությամբ շարունակվում է շարժական խմբերի աշխատանքը, որոնք ամեն օր մեկնում են Հայաստանի գրեթե բոլոր մարզեր՝ տեղում փախստականներին տրամադրելով հոգեբանական և հոգեբուժական օգնություն։ Օգնությունը տրամադրվում է անվճար տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում, որտեղ մեզ ուրախությամբ տրամադրվում է գրասենյակ աշխատելու համար։
Մեր աշխատանքում կարևոր դեր է տրվում սոցիալական աշխատողներին, ովքեր նախնական զննում են անցկացնում տանը և բացահայտում մեր օգնության կարիք ունեցող շահառուներին։ Մեր մասնագետները շաբաթը մեկ անգամ այցելում են յուրաքանչյուր մարզ։
Երևանում մենք վարձակալեցինք տարածք մեր կազմակերպության գրասենյակի համար։ Այստեղ անցկացվում են ինչպես հոգեբանական, այնպես էլ հոգեբուժական սեանսներ։ Սկզբում մեր օգնությունը Երևանում նույնպես տրամադրվում էր անվճար, սակայն 2025 թվականից, որոշակի ծախսերի պատճառով, ծառայությունները մատուցվում են խորհրդանշական վճարի դիմաց։
Մեզ հետ և մեր շուրջը կատարվող ամեն ինչի ֆոնին, ամեն օր ավելանում է հոգեսոմատիկ հիվանդություններ ունեցող մարդկանց թիվը, որոնք հետագայում վերածվում են օրգանական հիվանդությունների: Այս առումով, ավելի ու ավելի շատ մարդիկ գիտակցում են հոգեբանի և հոգեբույժի մոտ այցելելու անհրաժեշտությունը։
Մեր գործունեությունը ուղղված է հոգեսոմատիկ հիվանդությունների ծանր հետևանքների կանխարգելմանը։ ժամանակը ցույց կտա, թե որքանով ենք մենք հաջողության հասել այս հարցում»։
Արսեն Աղաջանյան