Այսօր Երևանի Բաղրամյան 6 հասցեում մեկնարկել է վաճառք-ցուցահանդես, որն իրականություն է դարձել ամերիակահայ մի խումբ երիտասարդների ֆինանսական աջակցությամբ։
Արցախցի ձեռներեց կանայք սեփական արտադրանքը վաճառքի հանելու երկօրյա անվճար հարթակի հնարավորություն են ստացել։
Բանիմաց և հմուտ կանանց շնորհիվ Երևանի ամենաբանուկ վայրերից մեկն արցախյան շունչ է ստացել․ արցախյան համ ու հոտ, անկրկնելի բարբառ, հարազատ դեմքեր, գրկախառնություններ:
Տաղավարները լեցուն են ձեռքի զարմանահրաշ աշխատանքներով՝ պայուսակներ, շապիկներ, բազմազան խաղալիքներ, աքսեսուարներ, ծաղիկներ և հետաքրքիր մտահղացումներով տարբեր իրեր: Իսկ կանանց հրաշագործ ձեռքերով պատրաստած շոկոլադե կոնֆետները, արցախյան փախլավան, գաթան ու ախորժաբույր ժենգյալով հացն ու անմահական թթուն անմիջապես գրավում են մասնակիցների ուշադրությունը։
Ցուցահանդեսին մասնակից կանայք գոհ են օրվա անցուդարձից և շնորհակալ միջոցառման կազակերպիչներից։ Նրանց խոսքով՝ այսօր կարողացան սեփական արտադրանքը վաճառքի հանել, ինչպես նաև ձեռք բերել նոր պատվիրատուներ։
Նշենք, որ <<Ասկերանցիներ համայնքի զարգացման կենտրոն>> ՀԿ-ի նախաձեռնող խմբի կողմից կյանքի կոչված ծրագրին աջակցել է Սիրանուշ Սարգսյանը, իսկ հեղինակն ու համակարգողը Ելենա Սարկիսյանն է։
Ցուցահանդես-վաճառքով ամփոփվել է մեկամսյա ծրագիրը, որը միտված էր արցախցի կանանց սոցիալական վիճակի բարելավմանը, ինչպես նաև նրանց հնարավորություն էր տրվել ավելի հմտանալու և տիրապետելու ժամանակակից տեխնոլոգիաներին։
Արցախցի 20 կանայք ծրագրի շրջանակներում մասնակցել են մի շարք դասընթացների, ինչպես նաև նրանց մասնակցությամբ նախօրոք կազմակերպվել են վարպետաց-դասեր՝ որոնք արցախյան ավանդույթները, ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելուն էին ուղղված։
Ցուցահանդես-վաճառքը կշարունակվի նաև վաղը՝ մայիսի 25-ին։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ