Փարաջանովի ֆիլմի ցուցադրություն Թբիլիսիում. տագնապի զանգը, որը խլացնում են զինվորական մարշերը

  • 10:04 25.05.2025

Օրերս Թբիլիսիում տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովի և Դավիթ Աբաշիձեի «Աշիկ-Քերիբ» ֆիլմի ցուցադրությունը, որը նկարահանվել է Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմի հիման վրա։ Պատմությունը Լերմոնտովին պատմել են Թիֆլիսիում, բայց, ինչպես Փարաջանովն ինքն է ասել ֆիլմի մասին տեսանյութում, իրադարձությունները տեղի են ունեցել Բիթլիսում։

Սա Փարաջանովի այն ֆիլմերից է, որը լայն հանրությանը այդքան էլ հայտնի չէ, քանի որ այն նկարահանվել է 1987-88 թվականներին, երբ ղարաբաղյան շարժումով սկսվեց համաշխարհային պատերազմներից հետո ի հայտ եկած աշխարհակարգի քայքայման գործընթացը։ Այն մեծ դահլիճներում չէր ցուցադրվում և չէր գովազդվում։

Ֆիլմը նկարահանվել է հիմնականում Բաքվում, այն ներառում է գեղեցիկ աշուղական երաժշտություն և պատմում է մի աշուղու մասին, որը երգում է թուրքերեն՝ համեմված Արդենբիլի մոտիվներով։ Առաջին հայացքից սա դասական առասպելական պատմություն է այն մասին, թե ինչպես են սերն ու աստվածային արվեստը հաղթում իշխանությունն ու փողը։ Սակայն ֆիլմի տեսարանները հիշեցնում են Բաբելոնի աշտարակը, որը բազմիցս ավերվում է՝ խանգարելով մարդկանց վայելել աշխարհի գեղեցկությունը, սերը և արվեստը։

Փարաջանովը մեծ կոսմոպոլիտ էր, և, ծնվելով Թբիլիսիում՝ այն քաղաքում, որտեղ Բաբելոնի աշտարակիհամար ամենահարմար տեղերից է, նա չէր կարողանում հասկանալ, թե ինչու են մարդիկ ավելի հակված քանդելուն, քան կառուցելուն։

Ցուցադրության մասնակիցների թվում էր նաև Փարաջանովի հետազոտող Գարեգին Զաքոյանը, ով ասաց, որ Փարաջանովի ֆիլմերում պատմություն փնտրելու կարիք չկա՝ «ինչի մասին է ֆիլմը»։ Նրա ֆիլմերն են այն մեծ իմաստը, որը պետք է ավելի լայնորեն դիտարկել։

Ֆիլմի նկարիչներից մեկը՝ Գիորգի Ալեքսի-Մեսխիշվիլին, խոսեց վարպետի հետ աշխատանքի և Թբիլիսիի մթնոլորտի մասին, որը միշտ «բարենպաստ» է եղել մի փոքր խելագար հանճարների հանդեպ։ Նա նաև ասաց, որ Թբիլիսիում այլպես էլ չի ստեղծվել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, և իր բնակարանում, որտեղ արվեստի պատմություն էր կերտվում, այժմ ապրում են հասարակ մարդիկ։

Ֆիլմի կոմպոզիտոր, Բաքվից Ջիվանշիր Կուլիևը նույնպես ներկա էր ցուցադրությանը և պատմեց ֆիլմին իր մասնակցության պատմությունը։

Նկարահանումից երեսունյոթ տարի անց ֆիլմը թվում է չլսված նախազգուշացում, տագնապ, որը խլացվում է ռազմական մարշերով և աշխարհի տիրակալների ագահ ձգտումներով՝ ոչնչացնելով Բաբելոնի աշտարակները և մենաշնորհելով կապը Աստծո հետ։ 37 տարի անց ֆիլմի հրաշալի երաժշտության հեղինակին հանձնարարվեց գրել «Արևմտյան Ադրբեջանի» մարշը։

step1.am