ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ դժգոհ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինից, կարծում է, որ Պուտինը «խելագարվել է», և կրկին քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
«Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է կատարվում։ Նա լրիվ խելագարվել է։ Նա անտեղի շատ մարդկանց է սպանում, և ես միայն զինվորների մասին չեմ խոսում։ Հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը առանց որևէ ակնհայտ պատճառի ռմբակոծում են ուկրաինական քաղաքները», – գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը հայտարարել է, որ եթե Պուտինը փորձում է զավթել ամբողջ Ուկրաինան, ապա դա կհանգեցնի «Ռուսաստանի փլուզմանը»։ Նա նաև հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին «իր երկրին որևէ օգուտ չի բերում»։
«Նրա ասած ամեն ինչ խնդիրներ է ստեղծում, ինձ դա դուր չի գալիս, և ես կցանկանայի, որ այն դադարեր։ Սա պատերազմ է, որը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի։ Սա պատերազմ է Զելենսկու, Պուտինի և Բայդենի միջև, այլ ոչ թե «Թրամփի», – հավելեց նա։